ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար պայքարը շարունակվում է Արմեն Հարությունյանի, Արա Ղազարյանի և Լիանա Հակոբյանի միջև. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանը ներկայացնող դատավորի պաշտոնի համար պայքարը շարունակվում է: Արդարադատության նախարարության իրականացրած երկրորդ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձինք են՝ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, իրավաբան Արա Ղազարյանը և դատավոր Լիանա Հակոբյանը:

Ինչպես հիշում եք, 2014 թվականի հոկտեմբեր ամսին կայացած վիճահարույց մրցույթը ՀՀ նախագահի կողմից չեղյալ էր համարվել, քանի որ կայացել էր խախտումներով: Ընտրություններում հաղթող ճանաչված 3 թեկնածուները՝ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն ու Գլխավոր դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանը, պարզվել էր՝ չեն համապատասխանում ՄԻԵԴ չափանիշներին:

ՄԻԵԴ-ը պահանջում է, որ թեկնածուները լինեն հանրության կողմից «ճանաչված և իրազեկ» իրավաբաններ: Նախկին ցանկի համեմատ նոր թեկնածուն դատավոր Լիանա Հակոբյանն է: Արդյոք նրա և Նելիկ Հարությունյանի միջև մե՞ծ է տարբերությունը, քանի որ նախորդ անգամ չնայած անուններ չնշվեցին, բայց ենթադրվեց, որ ոչ «իրազեկ ու չճանաչված» իրավաբանը հենց նա է:

«Չեմ կարծում, որ խնդիր առաջանա, Լիանան երկար տարիների փորձ ունի, փորձված մասնագետ է, երկար տարիներ աշխատել է Սահմանադրական դատարանում, դատավոր է և այլն, և այլն: Հանձնաժողովը եկել է այն կարծիքին, որ նա քաջատեղյակ է, իրազեկ է կոնվենցիայից»,- մեզ հետ զրույցում ասաց Արա Ղազարյանը:

Վերջինս էական տարբերություններ չի նկատել նախորդ և ներկայիս ընտրությունների միջև.

«Բացառությամբ, իհարկե, առաջին փուլին, երբ ամեն օր արդարադատության նախարարությունը հրապարակում էր ցուցակը, քանի որ այդ առումով որոշ դժգոհություններ եղան, ցուցակը միայն ամբողջացնելուց հետո հրապարակվեց, և դա որոշակի դժգոհության տեղիք տվեց, որոշ շրջանակներ կասկած հայտնեցին, հիմա, զերծ մնալու համար, նրանք ամեն օր հրապարակում են ցուցակը»:

Ընտրությունների հաջորդ փուլը կայանալու է Ստրասբուրգում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս