Եռյակի և՛գաղափարական, և՛ ֆինանսական լիդերը եղել է ԲՀԿ-ն
Այսօր «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակեց նոյեմբերի վերջին իրենց կատարած հետազոտությունը ընդդիմության վերաբերյալ: Նրա խոսքով՝ քանի որ պրոցեսները շատ բուռն էին զարգանում այդ ամիսներին, իրենք փորձել են զերծ մնալ որոշակի ազդեցությունից, ուստի չէին հրապարակում այս արդյունքները:
Արամ Նավասարդյանի խոսքով՝ հետազոտությունը իրականացվել է 2014 թվականի նոյեմբեր 20-27-ը ընկած ժամանակահատվածում, որին մասնակցել է 1067 քաղաքացի:
Ինչպես հայտնի է՝ 2014 թվականի հոկտեմբեր 10-ին և 24-ին տեղի են ունեցել եռյակի հանրահավաքները, և, ինչպես նշեց Ա. Նավասարսյանը՝ իրենք հարցման ժամանակ քաղաքակցիներին ուղղել են հետևյալ հարցը՝ ըստ Ձեզ՝ եռյակի այս հանրահավաքներն ինչպիսի՞ զարգացումներ կունենան.
«40%-ը նշել էին, որ եռյակը մոտ ապագայում դատապարտված է փլուզման: 28%-ը նշել է, որ հանրահավաքները կդառնան ավելի սակավաթիվ, 20%-ը նշել է, որ եռյակը կշարունակի պարբերաբար հանրահավաքներ կազմակերպել, 11%-ը նշել է, որ հանրահավքների արդյունքում իշխանութունները բանակցություններ կվարեն եռյակի հետ և եռյակին կառաջադրեն իշխանական լծակներ: 9%-ը նշել է, որ նմանատիպ բազմամարդ հանրահավաքները կստիպեն իշխանությանը հրաժարական տալ»:
Հարցին՝ ըստ Ձեզ՝ ընդդիմադիր եռյակում ներգրավված կուսակցություններից ո՞րն է հանդիսանում գաղափարական և ֆինանասկան լիդերը, հարցման մասնակիցներն այսպես են պատասխանել.
«Գաղափարական լիդեր՝ 35%-ը նշել էին ԲՀԿ-ին, 9%-ը «Ժառանգությանը», 15%-ը ՀԱԿ-ին: 41%-ը դժվարացել են պատասխանել այս հարցին:
Որպես ֆինանսական լիդեր 61%-ը համարում է ԲՀԿ-ին, 3%-ը՝ «Ժառանգությանը», 3%-ը ՀԱԿ-ին: Մոտ 34%-ը դժվարացել են պատասխանել այս հարցին»:
Հարցման մասնակիցներին նաև տրվել է հետևյալ հարցը՝ ընդդիմադիր եռյակում ներգրավված ուժերն ունակ կլինե՞ն ձևավորել ավելի լավ կառավարություն և բարելավել երկրի իրավիճակը: Ա. Նավասարդյանի ներկայացմամբ՝ այս հարցման արդյուքնը հետևյալն է.
«Միանշանակ այո- 5%-ը,
ավելի շուտ՝ այո- 26%-ը,
ավելի շուտ՝ ոչ- 32%,
միանշանակ ոչ- 20%:
Այսինքն՝ մոտավորապես 31%-ը կարծում էին, որ եռյակը կկարողանա ձևավորել ավելի լավ կառավարություն, իսկ 52%-ը կարծում էին, որ նման բան չի կարող լինել»:
Հարցման մասնակիցները նաև 1-5 բալանոց սանդղակով գնահատել են, թե որքանո՞վ են տվյալ քաղաքական կուսակցություններն ընդդիմադիր (1-ը նշանակում է` ընդհանրապես ընդդիմադիր չեն, իսկ 5-ը` շատ ընդդիմադիր են):
«Առաջատարը «Ժառանգությունն» է՝ 3.7 բալ, մի փոքր ավելի քիչ «Բարգավաճ Հայաստանը»՝ 3.63, և ՀԱԿ-ը՝ 3.6, դրանից հետո ՀՅԴ՝ 3.2, ՀԺԿ-ն՝ 3, ԱԻՄ՝ 2.9, «Ազատ դեմոկրատներ»՝ 2.9, ՕԵԿ՝ 2.4»: