Բաժիններ՝

ԳՄՕ-ները կիրառվում են գյուղատնտեսության, բժշկության և այլ բնագավառում

Ներկայումս գիտությունն այնքան է զարգացել, որ հնարավոր է դարձել արհեստականորեն փոփոխություններ մտցնել օրգանիզմների գեներում: Դրա համար կիրառվում են գենային ինժեներիայի մեթոդները: Հիմնականում նման փոփոխությունները կատարվում են թե՛ գիտահետազոտական, և թե՛ տնտեսական նպատակներով:

Գենետիկական մոդիֆիկացիան իրենից ներկայացնում է ոչ թե պատահական, այլ նպատակաուղղված փոփոխություն ուսումնասիրվող օրգանիզմում:

Գյուղատնտեսության մեջ գենային ինժեներիայի մեթոդները կիրառվում են նոր՝ անբարենպաստ պայմաններին ավելի դիմացկուն բուսատեսակների ստացման համար, որոնք կունենան ավելի լավ համ, ավելի արագ կաճեն ու ավելի շատ պտուղներ կտան: Ստեղծվում են նաև կենդանիների նոր տեսակներ, որոնք նույնպես հարմարեցվում են մարդուն և նրա գործունեությանը: Ենթադրենք՝ ստացել ենք գենետիկորեն մոդիֆիկացված կարտոֆիլ: Դա նշանակում է, որ այդ բույսի օրգանիզմ են ներմուծել որևէ այլ օրգանիզմի գեն, ինչի շնորհիվ, օրինակ, մի շարք միջատներ այլևս վնասատու չեն նրա համար:

Թվում է, թե ի՜նչ հրաշալի է, որքան հեշտ և պարզ. հատկանիշը դուր չեկա՞վ՝ փոխե՛լ: Բայց ստիպված եմ հիասթափեցնել ձեզ: Իրականում ԳՄՕ-ները (Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմ) այնքան էլ անվտանգ չեն: Փաստորեն, օրգանիզմ են ներմուծում այլ օրգանիզմից վերցված գեներ, ինչը կարող է ունենալ նաև շատ բացասական հետևանքներ թե՛ այդ օրգանիզմի, թե՛ մարդու համար, ով հետագայում կիրառում է այն իր սննդի մեջ: Շատ երկրներում ԳՄՕ պարունակող ցանկացած արտադրանքը կամ նման մթերքի ներկրումը պետության խիստ հսկողության տակ է: Այդպիսի երկրներում մթերքի վրա պարտադիր նշվում է՝ պարունակո՞ւմ է այն ԳՄՕ, թե՞ ոչ: Մարդիկ իրենք էլ՝ բավականաչափ տեղեկացված չլինելու արդյունքում, բացասական արձագանք են տալիս ԳՄՕ-ների մասին. Եվրոպայում սոցհարցման ժամանակ մասնակիցների միայն 5%-ն է դրական կարծիք հայտնել սննդի մեջ ԳՄՕ-ների կիրառման վերաբերյալ: Բանն այն է, որ ԳՄՕ-ների անվտանգությունը մարդու համար դեռ վերջնականապես ապացուցված չէ և շատ վեճերի առիթ է հանդիսանում գիտնականների շրջանում:

Կարդացեք նաև

Բայց ԳՄՕ-ները կիրառվում են ոչ միայն գյուղատնտեսության բնագավառում: Այժմ աշխատանքներ են տարվում բակտերիաների վրա՝ էկոլոգիապես մաքուր վառելիք ստանալու նպատակով: Նաև՝ 2003թ. շուկայում հայտնվեցին «GloFish» փոքրիկ ակվարիումային ձկնիկներ (Danio rerio տեսակի ձևափոխություն): Շնորհիվ գենային ինժեներիայի մեթոդների՝ ստացվել էին այդ ձկնիկների այնպիսի մոդիֆիկացիաներ, որոնք ունեին նորմայից տարբերվող, վառ գունավորում և փայլում էին ուլտրամանուշակագույն լույսի ներքո: Այդպիսի հետաքրքիր մոդիֆիկացիա ստացել էին ձկնիկների օրգանիզմ մեդուզայի գեներ ներմուծելով:

Բժշկության մեջ ԳՄՕ-ները ևս կարևոր տեղ են զբաղեցնում: Գենային ինժեներիայի շնորհիվ մարդու օրգանիզմում արտադրվող մի շարք նյութեր հնարավոր է ստանալ՝ մոդիֆիկացիայի ենթարկելով բակտերիաները: Օրինակ, վերջին ժամանակներում այդ ճանապարհով կարողացել են ստանալ ինսուլին, որը, ինչպես գիտենք, շատ կարևոր դեր ունի շաքարախտով հիվանդների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց ԳՈՀԱՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս