Եթե Արևմուտքը որոշի ամրապնդվել Անդրկովկասում այնպես, ինչպես Ուկրաինայում դա արեց, Ռուսաստանն էլի ստիպված կլինի պատասխանել. Տարասով

«Նորմանդական քառյակի ձևաչափով բանակցությունները, որոնք ուղղված են ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծմանը, որոշիչ են Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հետագա ընթացքի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» գործակալության Արևելյան քաղաքականության բաժնի խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը` անդրադառնալով Հարավային Կովկասում Ռուսաստան-Արևմուտք հակամարտությանը:

Նա նշեց, որ Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը, որը սկսվեց Ուկրաինայից, միգուցե ավելի մեծ աշխարհագրություն սկսի ներառել: Թեև, նրա խոսքով, «նորմանդական քառյակի» բանակցություններն ուղիղ ազդեցություն են ունենալու Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների, ինչպես նաև՝ ԼՂ հակամարտության վրա:

«Եթե ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման գործընթացը դրական ընթացք ստանա, և Ուկրաինան կատարի իր պարտավորությունները, կփոխվի ողջ Ուկրաինայի կառուցվածքը, Դոնեցկն ու Լուգանսկը երկրում որոշումների ընդունման վետոյի իրավունք կստանան, կմասնակցեն ակտիվորեն երկրի կյանքին: Կարգավորման այս սցենարը կարող է տարածվել նաև ԼՂ հակամարտության վրա: Իմ համոզմամբ՝ Ադրբեջանը պարզապես ստիպված կլինի համաձայնել, որպեսզի բանակցային կողմ դառնա Ստեփանակերտը, որը երկու կողմերն էլ, ըստ էության, ցանկանում են: Եթե չլինի Ուկրաինայի շուրջ կարգավորում, ապա շատ ավելի ռադիկալ սցենարներ կարելի է սպասել, ընդհուպ՝ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչում»,- ասաց Ստանիսլավ Տարասովը` շարունակելով, որ ուկրաինական ճգնաժամն ու դրա կարգավորման մեթոդիկան, ճգնաժամից ելքի բանաձևը կանդրադառնան ինչպես՝ ԵԱՀԿ ՄԽ, այնպես էլ՝ այդ աշխատանքներին չմասնակցող այլ երկրների մոտեցումների վրա:

«Արևմտյան փորձագետները միայն երեկ մոտավորապես 15 պրոյեկտ են ներկայացրել, որոնցով դիտարկում են սցնարներ, թե ինչպես Արևմուտքն ակտիվ գործողություններ իրականացնի կովկասյան ուղղությամբ: Նրանք կոչ են անում ամերիկացիներին՝ ավելի ակտիվ գործել: Եթե Արևմուտքը սկսի Կովկասում գործել այնպես, ինչպես նրանք գործեցին Ուկրաինայում, ապա Ռուսաստանը ստիպված կլինի պատասխանել, պասիվ կերպով չի սպասելու, թե Արևմուտքն ինչ կանի: Ղրիմի բռնակցումը, Լուգանսկն ու Դոնեցկը կորցնելը կարող է միայն սկիզբը լինել, կա Խարկովը, Նիկոլաևը և այլն, կա Մերձդնեստրի հարցը: Ռուսաստանը կորոշի ոչնչացնել նաև աշխարհաքաղաքական անոմալիան՝ վերականգնելով ընդհանուր սահմանը Հայաստանի հետ»,- ասաց Տարասովը` պնդելով, որ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության հանգուցալուծման սցենարն անդրադառնալու է Ուկրաինայի և Ռուսաստանի ողջ հարևանության վրա, ինչպես էլ որ կարգավորվի այդ հակամարտությունը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս