
Ինչո՞ւ է գազային համակարգի աշխատակիցների ավելացման բեռն ընկնում սպառողների վրա

Այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թ. ծրագրի քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին հարցրեց, թե ինչպե՞ս է, որ 2011-2012թթ. գազային բումի ժամանակ համակարգը նորմալ աշխատել է, հետո հանկարծ աշխատողներն ավելանում են, ու բեռն ընկնում է սպառողների վրա, այն էլ մի ժամանակաշրջանում, երբ սպառումը նվազում է:
Նա հիշեցրեց, որ ՀԾԿՀ-ն էլ գտել էր, որ աշխատողների և աշխատավարձերի ավելացումը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Ռ.Նազարյանը պարզաբանեց, թե մինչև սակագների վերանայումը սպառողների կառուցվածքը փոխվում էր բաժանորդների ավելացման արդյունքում, աշխատողների թիվը 100 հազարից այժմ հասել է 630 հազարի, և դա նորմալ է, քանի որ համակարգի շահագործումը պետք է ապահովել: Ըստ նրա՝ տարիների ընթացքում աշխատողների ավելացումը հաշվի չի առնվել, և այդ մասով վերահաշվարկը համընկել է 2013թ. սակագնի վերանայման ժամանակ:
Ընդհանուր առմամբ՝ գազային համակարգի շահագործման և պահպանման ծախսերը նախկին տարիների համեմատ ավելացել են 10 մլրդ դրամով: «Միջին աշխատավարձը հաշվարկված էր 110 հազար դրամ և պետք էր բերել ողջամիտ մեծության»,- ասաց Նազարյանը: