Ինչի մասին են լռում համանախագահները
Փետրվարի 5-ին Մյունհենում կայացել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այս հանդիպումը համանախագահների հետ շարքային հանդիպումներից տարբերվում էր կամ պետք է տարբերվեր նրանով, որ տեղի էր ունենում ղարաբաղաադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հերթական ավելացմանը գրեթե զուգահեռաբար, մյուս կողմից՝ սա Նալբանդյանի առաջին հանդիպումն էր համանախագահների հետ հունվարի 27-ին Կրակովում Մամեդյարովի հետ համանախագահների հանդիպումից ու դրան հետևած հայտնի հայտարարությունից հետո:
Նախ՝ Մյունհենում կայացած հանդիպումից ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմից հերթական հայ զինվորն է սպանվել: Իսկ այն պահին, երբ համանախագահները հանդիպում էին Նալբանդյանին, ադրբեջանցիները շարունակում էին գնդակոծել Տավուշի շրջանի հայկական բնակավայրերը, ինչի արդյունքում զոհվել է խաղաղ բնակիչ, նախօրեին էլ՝ մեկ այլ բնակիչ ծանր վիրավորում էր ստացել: Այս մասին Նալբանդյանը, բնականաբար, խոսել է համանախագահների հետ հանդիպման ժամանակ:
Ըստ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության՝ «Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների և դիվերսիոն գործունեության բազմապատկման վրա՝ շեշտելով, որ վերջին շաբաթների ընթացքում ադրբեջանական զինուժը հրադադարը խախտել է առավել քան 3000 անգամ, ինչը հանգեցրել է մարդկային, ներառյալ` քաղաքացիական անձանց զոհերի»:
Նույն հաղորդագրության համաձայն, Նալբանդյանը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։
Հետաքրքիր է, սակայն, որ ՀՀ արտգործնախարարի հետ հանդիպումից հետո համանախագահները հանդես չեն եկել հայտարարությամբ:
Հունվարի 27-ին Մամեդյարովի հետ հանդիպումից հետո համանախագահների տարածածած հայտարարությունը հայաստանյան շատ շրջանակների կողմից գնահատվեց՝ որպես աննախադեպ, քանի որ առաջին անգամ ՄԽ-ն խախտեց կողմերի մեջ հավասարության նշան դնելու ավանդույթը:
«Մենք Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին մեր խորին մտահոգությունն ենք հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում հարձակումների առնչությամբ, որոնց արդյունքում կան զոհեր։ Բռնության աճը, որը սկսվել է անցյալ տարվանից, պետք է դադարեցվի՝ վերականգնելու համար վստահությունը և Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Մենք կոչ ենք արել Ադրբեջանին հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման լուծման՝ իր ստանձնած պարտավորություններին։ Մենք կոչ ենք անում նաև Հայաստանին՝ բոլոր միջոցները ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»,- հայտարարել էին ՄԽ համանախագահները։
Մինչդեռ նրանցից միայն ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն է թվիթերյան գրառմամբ անդրադարձել հանդիպմանը: «Լավ հանդիպում Հայաստանի արտգործնախարարի հետ Մյունհենի անվտանգության գագաթաժողովում՝ քննարկելու համար ԼՂ-ի հարցը: Մենք ողջունում ենք լարվածությունը նվազեցնելու հարցում նրա հանձնառությունը»,- գրել է Ուորլիքը:
Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարության բացակայությունը մի կողմից՝ իհարկե, նշանակում է, որ նրանք շարունակում են «ուժի մեջ համարել» Ադրբեջանի պատասխանատվությունը շեշտող նախորդ հայտարարությունը: Մյուս կողմից՝ սակայն, տարակուսանք է առաջացնում Ուորլիքի գրառման այն հատվածը, ըստ որի՝ իրենք ողջունում են լարվածությունը նվազեցնելու հարցում Նալբանդյանի հանձնառությունը:
Հետաքրքիր է՝ ի՞նչ հանձնառության մասին է խոսքը, եթե համանախագահների հետ հանդիպմանը զուգահեռ՝ Ադրբեջանը գրեթե «օն-լայն» ռեժիմով գնդակոծում է հայկական բնակավայրերը: Ուորլիքի գրառումը նշանակո՞ւմ է արդյոք, որ Նալբանդյանը հանձն է առել չպատասխանել այդ գնդակոծություններին, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից:
Մի խոսքով, մյունհենյան այս հանդիպումը բազմաթիվ հարցեր է առաջացնում, որոնց պատասխանները ցանկալի կլիներ լսել կամ համանախագահներից, կամ Էդվարդ Նալբանդյանից: Այլապես դրանք շարունակելու են լսվել ադրբեջանական կողմի կրակահերթերի ու գնդակոծությունների տեսքով: