Վրաստանում կալանավորվել ու քրեորեն հետապնդվում է նախկին ղեկավարության գրեթե ողջ կազմը. ԵԽԽՎ-ի պատգամավորներ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵԽԽՎ-ի պատգամավորների խումբը հայտարարություն է ստորագրել, որում Վրաստանի ղեկավարությանը կոչ է արել չչարաշահել երկրի նախկին իշխանությունների ներկայացուցիչների հանդեպ նախնական կալանքի կիրառումը:

Խոսքը գնում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամների մասին: «Վրաստանում նախնական կալանքի չարաշահում» խորագրով հայտարարության տակ ստորագրել է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների 30 ներկայացուցիչ:

Հայտարարության մեջ նշված է, որ նախկինում իշխող կուսակցության գրեթե ողջ ղեկավարությունը կալանավորված է, քրեորեն հետապնդման մեջ է կամ գտնվում է հետաքննության տակ:

Նրանց թվում հիշատակվել են Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան, նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին:

Քրեական հետապնդում է սկսվել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլու պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլու ու ՆԳՆ-ի նախկին բարձրաստիճան անձանց նկատմամբ:

Ընդգծվել է, որ 2012 թվականին Վրաստանում կատարված իշխանափոխությունից հետո 14 նախկին բարձրաստիճան անձանց ու քաղաքական գործիչների դեմ իրականացվել է 327 դատավարություն, և հիմնական խնդիրներից մեկը հանդիսացել է նախնական կալանքի տևական ու անհիմն օգտագործումը:

Տեսանյութեր

Լրահոս