«Մեր նախագահը Վլադիմիր Պուտինին համբուրելու ժամանակ թող ականջին ասի՝ մենք այստեղ մարդիկ ունենք, որոնք կոտորվում են»
Թեև այս տարվա հունվարից Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ է, սակայն Ռուսաստանում աշխատող հայ միգրանտներից տեղի գործատուները աշխատանքային թույլտվություն և արտոնագիր են պահանջում: 168.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց արդեն մի քանի տարի Ռուսաստանի Դաշնությունում շինարարության ոլորտում աշխատող, մասնագիտությամբ լրագրող, իրավաբան Էդիկ Շահնազարյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել էր, որ 2015թ. հունվարի 1-ից սկսած ԵՏՄ անդամ պետությունների տարածքում գործելու է աշխատանքի միասնական շուկա, ինչից հետևում է, որ ՌԴ-ում աշխատող մեր քաղաքացիներն աշխատանքի նոր թույլտվություն կամ արտոնագիր ստանալու անհրաժեշտություն չունեն:
Մեր զրուցակիցը նշեց, որ ինքը մի քանի օր առաջ իր ծանոթների միջոցով այդ հարցով հետաքրքրվել է անմիջապես Ռուսաստանի միգրացիոն ծառայությունից. «Այնտեղից մեզ կոնկրետ պատասխանել են՝ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ նման տեսակի արտոնություններ գոյություն չունեն: Ես անձամբ դա հետաքրքրվել եմ, որովհետև ինքս էլ շինարարության ասպարեզում եմ աշխատում, ունեմ աշխատողներ, որոնք ունեն նմանատիպ խնդիրներ, ինձ հետաքրքիր էր՝ այդ մարդկանց հարցն ինչպե՞ս կարող ենք կարգավորել: Երբ դեկտեմբերին Գագիկ Եգանյանը նմանատիպ հայտարարություններ էր անում՝ մենք ուրախացել էինք, որ վերջապես մեր երազանքը կիրականանա, մենք Ռուսաստանում կդառնանք ազատ քաղաքացիներ, չենք վախենա՝ մետրո նստենք, խանութ գնանք, առևտուր անենք, կարող ենք աշխատանքի տեղավորվել, բայց այդ ամբողջը, փաստորեն, ուտոպիա էր»:
Է. Շահնազարյանը հիշեցրեց, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանի միգրացիոն նոր օրենքը չէր գործում, եթե մարդն աշխատում էր մասնավոր հատվածում, Ռուսաստանում աշխատելու պատենտի՝ թույլտվության համար ամեն ամիս վճարում էր 1000 ռուբլի. «Իսկ հիմա այդ 1000 ռուբլին բարձրացել ու հասել է մինչև 5000 ռուբլու, ինչը բավական մեծ խնդիր է այսօր»:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը դեռևս անցյալ տարի՝ անդրադառնալով 2015 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուն, ասում էր, որ ՀՀ քաղաքացիների՝ Ռուսաստանում աշխատելու ընթացակարգերը զգալիորեն հեշտացվելու են: Եվ, որ օրինական արտագնա աշխատողների համար այլևս լրացուցիչ փաստաթղթերի կարիք չի լինի, միայն ՀՀ քաղաքացու անձնագիրը և աշխատանքային պայմանագիրն անհրաժեշտ կլինի:
Հիշեցնենք, որ նախկինում գործող կարգի համաձայն, որպեսզի ՀՀ քաղաքացին 180 օր և ավելի մնար և աշխատեր Ռուսաստանում, պետք է դիմեր ՌԴ-ին՝ սահմանված կարգով աշխատանքի թույլտվություն կամ պատենտ ստանալու համար: Աշխատանքի թույլատվությունը տրվում էր իրավաբանական անձանց, պատենտը՝ ֆիզիկական անձանց մոտ աշխատելու համար, և պատենտի տևողությունը մինչև 3 ամիս էր, աշխատանքի թույլատվությանը՝ 1 տարի, որը կարող էր վերաթարմացվել՝ երկարաձգվել: Թույլտվությունը կամ պատենտը ստանալու համար սահմանված կարգով մի շարք աշխատանքային փաստաթղթեր պետք է ներկայացվեին, վճարվեր պետական տուրք: Սա, իհարկե, չէր նշանակում, թե պատասխանն անպայման դրական պետք է լիներ: Ըստ Գ. Եգանյանի՝ նախկինում գործող կարգը պետք է վերանար 2015թ. հունվարի 1-ից:
Էդիկ Շահնազարյանը մեզ հետ զրույցում նաև նշեց, որ այսօր Ռուսաստանում վարձատրությունը շատ ցածր է, որին նաև գումարվում է այն, որ հայ ազգի նկատմամբ շատ խտրականություններ են կիրառվում, ինչի պատճառը, ըստ մեր զրուցակցի, այն է, որ հայերից շատերը ժամանակին խաբել են այնտեղի մարդկանց ու հիմա վստահություն չեն ներշնչում. «Խաբել են, որովհետև ճար չեն ունեցել: Հացի խնդիր են փորձել լուծել: Մարդիկ գնում են աշխատանք են անում, բայց արդյունքում դուրս է գալիս, որ այդ մարդիկ իբր լավ չեն աշխատել, շատ հավանական է` մի քանի ամիս աշխատեն, բայց շատ չնչին, միայն սննդի համար գումար ստանան»:
Մեր զրուցակցի խոսքով՝ եթե հայն այնտեղ ամիսը 25-30 հազար ռուբլի ստանա, դա հրաշք է. «Բայց նա չի կարող և 5000 ռուբլի վճարել պատենտի համար, և իր սննդի հարցը հոգալ, և մնալու հարցը հոգալ, այդ ամենը գալիս հասցնում է նրան, որ նա ավելի լավ է Հայաստանում աշխատի՝ չնչին կոպեկներով»:
Ըստ Է. Շահնազարյանի՝ մենք այսօր տասնյակ-հազարավոր մարդիկ ունենք Ռուսաստանի տարածքում, որոնք նմանատիպ կարգավիճակում են. «Հիմա ԵՏՄ-ի անդամ ենք: Բա այդքան մարդկանց մասին Հայաստանը չի՞ մտածում: Այդ խի՞ է գնում մեր նախագահը Վլադիմիր Պուտինին համբուրում: Բա համբուրելու ժամանակ թող ականջին ասի՝ մենք այստեղ մարդիկ ունենք, որոնք կոտորվում են»:
Ըստ Է. Շահնազարյանի՝ Հայաստանի ղեկավարությունը մի լավ բան արեց, որ հյուպատոսարանի միջոցով՝ «վերադարձ հայրենիքին» փատաթուղթ էր հատկացնում, որպեսզի մարդիկ վերադառնան հանրապետություն. «Բայց այս հանրապետությունում իրենք պետք է այնպիսի մի վիճակ ստեղծեին, որ այդ մարդը գա, կարողանա ապրել: Ես երկու բարձրագույն կրթություն ունեմ, բայց այսօր այդ աշխատանքը չունեմ այստեղ, ես այստեղ չեմ կարող աշխատանք գտնել»:
Էդիկ Շահնազարյանն առաջարկում է հյուպատոսարանին կից կառույց ստեղծել, որպեսզի այնտեղ՝ Մոսկվայում, այդ կազմակերպությունը զբաղվի հայերի հարցով. «Ես համաձայն եմ նույնիսկ նրան, այն հայերը, որոնք փաստաթուղթ չունեն, վարչական տուգանքներ էլ վճարեն, մտնեն դատարան, ու այդ մարդկանց վիճակը կարգավորվի, ով անձնագիր չունի՝անձնագիր հանեն, ով քրեական հետախուզության տակ է՝ թող գա քրեական պատասխանատվության ենթարկվի»:
Մենք ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչո՞ւ է Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը պատասխանել, որ այս տարի ևս Հայաստանի քաղաքացիների համար չեն գործելու այն արտոնությունները, որոնք գործում են Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների համար: Նա պատասխանեց, որ թույլտվության կարիք չկա, ու կրկնեց այն, ինչ անցյալ տարի էր ասում. «Ընդամենը պետք է աշխատանքային պայմանագիր կնքեն, որ աշխատանքը ձևակերպեն աշխատանքային պայմանագրով: Աշխատանքային պայմանագիրը բավարար է, որպեսզի իրենք համարվեն, որ օրինական են գտնվում ՌԴ-ում»:
Դիտարկմանը՝ քաղաքացին նշում է, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայությունից իրեն հայտնել են, որ նման արտոնություններ Հայաստանի համար չեն գործում, Գ. Եգանյանն այսպես պատասխանեց. «Ես ասում եմ այն, ինչ նախատեսված է պայմանագրով, և որևիցե մեկն այդ պայմանագրից դուրս ուրիշ բաներ չի կարող ասել, համենայնդեպս, իրավասու մարդը չի կարող ասել»:
Նշենք նաև, որ մենք նամակով դիմել էինք ՌԴ միգրացիոն ծառայությանը՝ խնդրելով մեզ հստակ ինֆորմացիա տրամադրել հայաստանցի միգրանտների կարգավիճակի վերաբերյալ, սակայն արդեն մեկ շաբաթ է անցել, ու ՌԴ միգրացիոն ծառայությունից պատասխան նամակ չենք ստացել: