Բաժիններ՝

Ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը սպառնում է հետխորհրդային 9 երկրի տնտեսությունների. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ռուբլու փոխարժեքի անկումը լուրջ սպառնալիք է 9 երկրի տնտեսությունների համար, որոնք կախված են Ռուսաստանում իրենց քաղաքացիների դրամական փոխանցումներից: Այս մասին վկայել են Համաշխարհային բանկի տվյալները:

Դրանց համաձայն՝ այդ երկրներն ընդհանուր առմամբ կարող են 2015 թվականին կորցնել ավելի քան 10 միլիարդ դոլար: Տնտեսական բարդությունների ֆոնին հետխորհրդային երկրները ներկայացնող ներգաղթյալներից շատերը մտածում են Ռուսաստանը լքելու մասին:

Թերթն ընդգծում է, որ այդ երկրներից մի քանիսում ռուբլու փոխարժեքի անկումը կարող է հանգեցնել քաղաքական ճգնաժամի. «Տարածաշրջանի տնտեսությունները սերտորեն փոխկապակցված են, և ռուսական արժույթի անկումը կազդի Ռուսաստանի հարևանների արժույթի վրա:

Մասնավորապես, ռուբլու փոխարժեքի անկումն արդեն իսկ հանգեցրել է Թուրքմենստանի արժույթի արժեզրկմանը և կարող է հանգեցնել ղազախական թենգեի հետագա անկմանը:

Համաշխարահային բանկի տվյալներով՝ դրամական փոխանցումներից կախված է Հայաստանի տնտեսության 21 տոկոսը, Վրաստանի տնտեսության 12 տոկոսը, Ղրղզստանի տնտեսության 31.5 տոկոսը, Մոլդովայի տնտեսության 25 տոկոսը, Տաջիկստանի տնտեսության 42 տոկոսը, Ուկրաինայի տնտեսության 5.5 տոկոսը, Լիտվայի տնտեսության 4.5 տոկոսը, Ադրբեջանի տնտեսության 2.5 տոկոսը, Ուզբեկստանի տնտեսության 12 տոկոսը:

Այդ երկրներում դրամական փոխանցումների մեծ մասը ստացվում է հենց Ռուսաստանից»: 2014 թվականի դեկտեմբերի կեսին դոլարի հանդեպ ռուսական ռուբլու աստիճանական անկումից հետո գրանցվեց կտրուկ անկում. երկու օրում ռուբլու փոխարժեքը նվազեց 17 տոկոսով, ինչը տեղի չէր ունեցել 1998 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս