Այս տարի ականատես կլինենք ընդհանուր ճգնաժամի՝ որպես արձանագրված փաստ. Վահագն Խաչատրյան
Մեր զրուցակիցն է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
– Պարոն Խաչատրյան, «Մուդիս» վարկանիշային գործակալությունը նվազեցրել է Հայաստանի պարտատոմսային վարկանիշը` բացասական կանխատեսմամբ այն Ba2-ից հասցնելով Ba3-ի: Համաշխարհային բանկն այս տարվա համար ՀՆԱ աճը ՀՀ-ում կանխատեսում է 3.3%, իսկ ՌԴ-ում 2.9% անկում է սպասվում: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը:
– Դրան ավելացրեք, որ «Ֆիտչ» գործակալությունն է 2015թ. Ռուսաստանի համար 5% տնտեսական անկում կանխատեսել: Այս բոլոր կանխատեսումները փաստում են, որ այս տարի Ռուսաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է հայտնվել: Եվ այս պայմաններում, իհարկե, շատ տարօրինակ է, բայց ոչ ինձ համար, որ ՀՀ իշխանությունները որևիցե ձևով չեն արձագանքում տեղի ունեցողին: Նկատի ունեմ, որ դեռևս 2015թ. բյուջեն ընդունելիս պարզ էր, որ այսպես է լինելու, անցած տարի դեկտեմբերին կանխատեսումներն այսպիսին էին և ոչ թե՝ հիպոթետիկ, այլ՝ շատ իրական կանխատեսումներ էին, և նշվում էր, թե ինչի հետևանքով է սա տեղի ունենալու և որ բնագավառներում: Այստեղ Հայաստանի համար ամենակարևորն այն է, որ տեղի է ունենում աշխատատեղերի կրճատում ու տնտեսության իրական հատվածի անկում: Եվ հաշվի առնելով տնտեսության կախվածությունը Ռուսաստանի տնտեսության աճից (տրանսֆերտների առումով), պարզ է արդեն, որ մեր տնտեսության վրա էական ազդեցություն պետք է լինի: Բայց ոչ մի կերպ դրան անդրադարձ չեղավ ո´չ բյուջեի քննարկումների ժամանակ, ո´չ էլ հետագայում, հատկապես դեկտեմբերյան արտարժույթի տատանումների ժամանակ, երբ դոլար/դրամ հարաբերակցությունը 410-ից 470-480 դրամ էր դարձել: Թե ինչո՞ւ հաշվի չեն առնում այս ամեն ինչը, պատասխանում էին, թե բյուջեի մասին օրենքում այդպես է նախատեսված, և այլ թիվ չեն կարող վերցնել: Նույնիսկ եթե այդպես էր, դեռևս նոյմբերին ՌԴ կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները 2015 թ. համար ներկայացրել են ՌԴ տնտեսության զարգացման 3-4 սցենար՝ կապված նավթի գների տատանման ու պատժամիջոցների հետ: Հայաստանում ոչ մի անգամ համապատասխան պատասխանատուները, բացի մի սցենարից, որ արտահայտված է 2015 թ. բյուջեում, այլ սցենար չեն ներկայացրել: Եթե հաշվի առնենք մի հանգամանք ևս, որ մեզ մոտ միջնաժամկետ զարգացման ծրագրեր են կազմում, դրանցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Այսինքն՝ մենք այսօր ապրում ենք մի ծրագրով, որը վաղուց իրականության հետ որևէ աղերս չունի: Այսինքն՝ այսօրվա իշխանությունը որևէ պատասխանատվություն չի կրում տեղի ունեցողի համար, այսինքն՝ իրենք իրենց պատասխանատու չեն զգում: Հակառակ դեպքում, եթե դա լիներ, մենք հիմա կտեսնինք ինչ-որ ծրագրեր, մոտեցումներ, հանրությանն ու գործարար շրջանակներին կներկայացվեին փոփոխություններ՝ ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Առավել ևս, որ ՀԲ-ն, որ միաժամանակ աշխատում է և´ ՀՀ-ի, և´ ՌԴ-ի հետ, եթե անգամ չպարտադրեր, գոնե պետք է հորդորեր, որ նման ծրագրի կարիք կա: Բայց նման ծրագիր, ցավոք սրտի, մինչև հիմա չկա:
– «Մուդիսի» այս վարկանիշ իջեցնելը կազդի՞ ՀՀ-ում ներդրումների վրա:
– Հիմնականում «Մուդիսի» ու բոլոր մյուս վարկանիշերն իրենց դերն ունեն, բայց տվյալ դեպքում այս կանխատեսումը հենց ներդրումների վրա է ազդում: Այսինքն՝ դա նշանակում է, որ իրենք որևէ մի կազմակերպության կամ երկրի խորհուրդ չեն տալիս այսպիսի վարկանիշ ունեցող երկրում գործունեություն ծավալել, ներդրումներ անել: Այսինքն՝ վստահություն չներշնչող երկիր ենք: Եթե ուշադրություն դարձնեք, վերջին մեկ շաբաթում ՌԴ-ն էր շատ անհանգստացած իր վարկանիշերի նվազեցմամբ, ու հիմա սապասում են վերջին՝ երրորդ կազմակերպության (Standard and Poor’s.- Գ.Խ.) գնահատականին, որովհետև, եթե դա էլ իջավ, անունը դնում են «աղբարկղային» (мусорный) և դա Ռուսաստանի համար մեծ հարված է տնտեսությանը, որովհետև մասնավոր ներդրողներն էլ չեն գնա այդ երկիր: Եթե պատժամիջոցների պատճառով պետական մակարդակով չի խրախուսվում ներդրումներ անել Ռուսաստանում և նույնիսկ արգելվում է, այդ դեպքում ընդհանրապես մասնավորների համար խնդիր կլինի, որովհետև իրենք ահազանգում են, որ ՌԴ-ն հետագայում ի վիճակի չի լինի ներդրումների երաշխավոր լինել: Իսկ «Մուդիսի» գնահատականները հիմնականում կապված են նավթի գների հետ, մինչդեռ այժմ ասում են, թե 30 դոլարն էլ է շատ 1 բարել նավթի համար:
Եթե անդրադառնանք Հայաստանին, ապա այս տարի 4.1% աճ է ծրագրվում, անցած տարի 3.3% են փակելու, բայց ես չգիտեմ՝ էդ թվերը որտեղի՞ց են վերցնելու: Թող ինձ ներեն, բայց ես կարծում եմ, որ հերթական նկարչությունն են անելու: Արդեն պետք է բացահայտ խոսել, որ չի կարելի այսպես: 3.3% տնտեսական աճ ինչի՞ հաշվին են նկարելու, չգիտեմ: Բայց համենայն դեպս, 2015-ին ոչ 4.1%-ը, ոչ էլ ՀԲ կանխատեսած 3.3%-ը ես ռեալ չեմ համարում: Ես ուղղակի համոզված եմ, որ մեզ մոտ արդեն տնտեսական ճգնաժամ է, արդեն ճգնաժամի մեջ ենք, աճի մասին խոսելը լուրջ չի, և եթե կարողանան այս վիճակում պահել, դա մեծ հաջողություն կլինի: Բայց ես շատ մեծ կասկած ունեմ, որ այս վիճակում էլ չենք կարողանա տնտեսություն պահել, որովհետև բոլոր այն գործոնները, որ պետք է նպաստեին տնտեսության զարգացմանը, այլևս չկան՝ տրանսֆերտներ, ՌԴ-ից եկող ներդրումներ, արտաքին պարտքի չափը: Եվ նայեք վճարային հաշվեկշիռն ու միջազգային պահուստները, որ այս ամեն ինչի արդյունքում հասել են սահմանին: Եվ որևիցե մեկը չի կարող խթանել տնտեսությունը:
– Ու ինչի՞ ականատես կլինենք այս տարվա ընթացքում:
– Ընդհանուր ճգնաժամի՝ որպես արձանագրված փաստ: Նոր ստեղծվելիք կամ ստեղծվող աշխատատեղերի մասին պետք է մոռանալ, ներդրումների էական կրճատում, դրամի հուսալիության նվազում, արտաքին ապրանքաշրջանառության ծավալների կրճատում: Նույնիսկ կարող է դեֆոլտի խնդիր էլ առաջանալ, որովհետև այսօր հիմնական հարցերը լուծվում են, այդ թվում՝ բյուջետային պարտավորությունները կատարվում են արտաքին պարտքի հաշվին: Ելնելով այս ամեն ինչից՝ կլինի դրամի արժեզրկում, որն իր հերթին՝ կբերի էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման: Շատ տխուր սցենար ստացվեց, բայց իրական պատկերը սա կլինի: