Սահմանվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկություն տրամադրող մարմինները

ՀՀ կառավարությունը այսօր սահմանել է, որ Եվրասիական տնտեսական միության երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման հետաքննություն անցկացնող մարմնին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵՏՀ) տեղեկություն տրամադրող ՀՀ լիազոր մարմիններն են ՀՀ ֆինանսների նախարարությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ԵՏՀ-ն նման միջոցներ է կիրառում երրորդ երկրներից ներմուծված որոշ ապրանքների նկատմամբ: ՀՀ լիազոր մարմիններ նշանակելու խնդիրը բխում է ԵՏՄ պայմանագրային դաշտի պահանջից:

ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական գրանցամատյանում, ինչպես նաև Միության անդամ պետության մաքսային մարմնի կողմից վարվող մտավոր սեփականության օբյեկտների մաքսային գրանցամատյանում գրանցված ապրանքային նշաններով մակնշված ապրանքների առաքման սահմանափակումների հսկողության» կարգը: Որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է երրորդ երկրներից ՀՀ տարածք ներմուծված և գրանցամատյաններում ներառված ապրանքային նշաններով տարբերանշված ապրանքների՝ առանց իրավատիրոջ համաձայնության ՀՀ տարածքից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների տարածք արտահանումը թույլ չտալու ուղղությամբ միջոցների ձեռնարկումը:
Գործադիրը սահմանել է, որ Հայաստանի Հանրապետություն հատիկային բերքի հավաքման կոմբայնների և դրանց մոդուլների երրորդ երկրից ներմուծումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա համար ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի հաստատած ներմուծման թույլատրելի ծավալին համապատասխան: Նշված տեխնիկայի ներմուծման մեկանգամյա արտոնագրի (թույլտվության) տրման լիազոր մարմին է ճանաչվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
ՀՀ ոչ սակագնային ոլորտի օրենսդրությունը ԵՏՄ պահանջներին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունը սահմանել է ոլորտի արտոնագրման գործընթացներն իրականացնող պետական կառավարման լիազոր մարմիններ, հաստատել ԵՏՄ սահմանով տեղափոխելու համար արգելված ապրանքների ցանկերը, ինչպես նաև սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերն ու դրանց ԵՏՄ մաքսային սահմանով տեղափոխելու շրջանակային կարգը:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստի առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013թ. դեկտեմբերի 2-ի Համաձայնագրին կից արձանագրության կնքման առաջարկությանը: Նշված Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն կողմերի միջև համաձայնեցված՝ ինդիկատիվ հաշվեկշիռներում սահմանված ծավալներով ՌԴ-ից ՀՀ առաքվող բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի համար ռուսական կողմը մաքսատուրք չի գանձում: Գործադիրը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել է ստորագրել մաքսատուրք չգանձելու Համաձայնագրի ժամկետը մինչև 2015թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգելու արձանագրությունը:
Մեկ այլ որոշման ընդունումը հնարավորություն է տալիս Ռուսաստանի Դաշնությունից հայկական ընկերությունների համար առանց արտահանման տուրքի բնական, չմշակված ալմաստի ձեռք բերում և ալմաստի վերաարտահանման նկատմամբ վերահսկողության իրականացում, ինչը կնպաստի հայկական ակնագործության զարգացմանը:

Տեսանյութեր

Լրահոս