
Սինձո Աբեն վերընտրվել է Ճապոնիայի վարչապետի պաշտոնում

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի խորհրդարանը երկրի վարչապետի պաշտոնում վերընտրել է Սինձո Աբեին: Ստորին պալատում անցկացված քվեարկության ժամանակ Աբեն 470 քվեից հավաքել է 328 քվե:
Արդեն հայտնի է, որ կառավարության գրեթե բոլոր անդամները պահպանելու են իրենց պաշտոնները: Միակ փոփոխությունն առնչվում է պաշտպանության նախարար Ակինորի Էտոյին: Դեռ հայտնի չէ, թե ով կփոխարինի նրան, ամենայն հավանականությամբ դա կդառնա Գեն Նակատանին:
Դեկտեմբերի կեսին խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների արդյունքներով իշխող դաշինքը ստացել է 475 մանդատներից 325-ը, որոնցից 290-ը բաժին են ընկել Սինձո Աբեի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը: «Նոր Կոմեյտո» կուսակցությունը ներկայացնող նրա գործընկերները ստացել են 35 մանդատ: