Բաժիններ՝

Օֆշորային ընկերությունը՝ հայկական երկնքում

Air Armenia ավիաընկերությունը նոր սեփականատեր ունի: Դեկտեմբերի 12-ին ստորագրվել է պայմանագիր նոր գործընկերոջ` East Prospect Fund-ի հետ, որին անցել է
բաժնետոմսերի 49 %-ը:

Ուշագրավ է, որ East Prospect Fund-ը գրանցված է բրիտանական օֆշորային տարածքում՝ Վիրջինյան կղզիներում: Սակայն կազմակերպության ներկայացուցիչները գերադասում են զերծ մնալ «օֆշորային ընկերություն» արտահայտությունից` պատճառաբանելով, որ իրենք հիմնադրամ են:

«Այո, ընկերությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, բայց մենք ոչ մի դեպքում չենք ուզում, որ մեր վերաբերյալ գործածվի «օֆշորային ընկերություն» արտահայտությունը: Մենք լիցենզավորված ֆինանսական կազմակերպություն ենք, և մենք ընկերություն չենք, մենք հիմնադրամ ենք: Այլ ֆինանսական կառույցների համեմատ` մենք աշխատում ենք անգլիական իրավական կանոններով:

«Սորոսի» հիմնադրամն էլ է գրանցված ոչ հարկային տարածքում: Ներդրումային գործունեությունն ունի իր յուրահատկությունը, հաճելի չէ դեռ շահույթ չստացած` հարկեր վճարել, իսկ ստացված արդյունքից մենք վճարում ենք հարկերը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարեց հիմնադրամի կառավարիչ Վլադիմիր Բաբիլյովը:

Կարդացեք նաև

East Prospect Fund-ը, ըստ կազմակերպության տարածած տեղեկատվության, իրենից ներկայացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց խմբի ներդրումային գործընկերություն: Թե կոնկրետ ովքե՞ր են կանգնած այս կառույցի ետևում, առայժմ մեզ չհաջողվեց պարզել: Հիմնադրամի կառավարումն իրականացվում է Լոնդոնից և Կիևից: Մինչ այժմ հիմնադրամը ներդրումներ է կատարել մետաղների պլազմատրոնային ձուլման, բարձր մաքրության մետաղների արտադրություններում, Կիևի մոտակայքում ունի 800 հա-ի հասնող հողատարածքներ, քվարցիտների հանքեր, ինչպես նաև` ներկայացուցչության 150 արտոնագիր, իսկ Հայաստանի միակ ազգային ավիափոխադրողի 49% բաժնեմասը գնահատված է 50 մլն դոլար: Հիմնադրամի ընդհանուր ակտիվները գնահատվում են 2.5մլրդ դոլար:

Վ. Բաբիլյովն ասաց, որ Air Armenia-ում 30 մլն դոլար է ներդրվելու, գնվելու է ևս 2 օդանավ, վերակառուցվելու է ավիաընկերությունը: Թռիչքները կսկսվեն հունվար-փետրվարից հետո, քանի որ այդ ամիսներն ուղևորափոխադրումների տեսակետից համարվում են պասիվ: «Մենք հատուկ ենք եկել Հայաստան: Մենք ընտրել ենք Air Armenia-ին, հավատում ենք, որ Հայաստանը կծաղկի և, կարծում ենք, որ Air Armenia-ն բավականին հեռանկարային ընկերություն է: Մենք եկել ենք ՀՀ և եկել ենք երկարատև ժամանակով»,- նշեց Բաբիլյովը՝ տեղեկացնելով, որ հայկական այլ ընկերություններ են դիմել իրենց՝ հրավիրելով ներդրումներ կատարել:

Air Armenia-ի բաժնետոմսերի 51%-ը պատկանում է ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանին (նախկինում 50%-ի բաժնետերն էր): Ա.Ավետիսյանը «168 Ժամին» պարզաբանեց, որ այդ 1%-ը ձեռք է բերել ընկերության՝ հայկական լինելը պահպանելու համար: Ըստ նրա՝ հիմնադրամը դեռ 1.5 տարի առաջ էր առաջարկել համագործակցել, երբ ընկերությունը դեռ նոր էր սկսում ուղևորափոխադրումների ծրագրերը: Սակայն այն ժամանակ թերահավատ էին East Prospect Fund-ի հանդեպ, բայց Ռուսաստանի հետ խնդիրներ ծագելուց հետո որոշեցին գնալ այդ քայլին: Իսկ ինչո՞ւ թերահավատությունը փարատվեց. այս հարցին ի պատասխան` Ա.Ավետիսյանն ասաց, որ պարզապես ավելի լավ տարբերակ չեն գտել:

Ստացվում է, որ «Ռոսաերոնավիգացիայի» հանդեպ ձևավորված պարտքի պատճառով է հայկական փոխադրողն անցել օֆշորային հիմնադրամի տնօրինմանը: Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հայկական ընկերության վստահությունն օֆշորում գրանցված գործընկերների հանդեպ` հաշվի առնելով այլ օֆշորային ընկերությունների հետ մինչ այժմ մեր երկրում արձանագրված դառը փորձը, Ա.Ավետիսյանը պատասխանեց. «Առաջին հերթին` իրենք ընկերություն չեն, ֆոնդ են, որն իր միջոցներով ներգրավում է ներդրումներ: Այս մարդիկ բացատրում են, որ եթե նույնիսկ գրանցված լինեին Հոլանդիայում, ի դեպ, իրենց արժեթղթերը պահպանվում են Հոլանդիայում, և իրենց դեպոզիտարիան է այնտեղ, իրենք պետք է վճարեին նույն ներդրման առնվազն 30-40% հարկեր, այդ իսկ պատճառով համարում են, որ իրենց այնտեղ գրանցված լինելն ավելի ձեռնտու է: Ինչ վերաբերում է մնացածին, ըստ պայմանագրի` մինչև 6 ամսվա ընթացքում իրենք իրենց առաջին տրանշը պետք է անեն Air Armenia-ում: Չեն անի՝ գործարքը չեղյալ կհամարվի»:

ՀՀ Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը մեզ հետ զրույցում, խոսելով Air Armenia ավիաընկերության նոր բաժնետիրոջ մասին, կարծիք հայտնեց, որ սա այն դեպքն է, երբ ոլորտը կրկին հստակ անցնում է ռուսների ձեռքը, և փող են լվանում այստեղ. «Հնարավոր է` դրանք «Աերոֆլոտի» հետ առնչություն ունեցող անձնավորություններ են, ու հայկական օդն էլ ամբողջությամբ կանցնի ռուսների ձեռքը: Այդ ներդրողներին ես չեմ ճանաչում, բայց նույնն է, ինչ որ հանքարդյունաբերությունը, էներգետիկան, կապը: Բոլոր ոլորտները տվել են ռուսներին, սա էլ են իրենք վերցնում: Այս մասին ես, արդեն 10 տարի է, ասում եմ, բայց ՀՀ կառավարությունն այդպես էլ խելքի չեկավ»:

Ըստ նրա՝ հայկական ավիափոխադրողը չի կարող առանց պետության լրջագույն ներդրումների` մեր դրոշի տակ թռչել. «Մնացածն ամբողջությամբ ավանտյուրա է, փող լվանալու տեղ: Դա սկսվեց «Հայկական ավիաուղիների» սնանկացման գործընթացով, ու սկսել է Ռոբերտ Քոչարյանը, և հիմա շարունակվում է: Վիրջինյան ընկերությունում գրանցված լինելը նշանակում է` օֆշորային ընկերություն է, բացահայտ ընկերություն չէ: Եթե ամեն ինչ ծածկադմփոցով են անում, նշանակում է` մեր շուկան ինչ-որ մեկի ձեռքն է անցնելու»:

Հարցին, թե` սրա արդյունքում ի՞նչ կստանան ՀՀ քաղաքացիները, Շ.Պետրոսյանը պատասխանեց հակիրճ` ոչ մի բան. «ՀՀ քաղաքացիներն արդեն լրիվ ստրկացել են, անցել են ռուսական ստրկացման լծի տակ: Պետք է սպասենք` Ռուսաստանը քանդվի, ՀՀ-ն գուցե այդպես փրկվի, կամ պետք է շտապ իշխանափոխություն անել, այլ տարբերակ չկա: Ոչ մի ոլորտ չի կարող աշխատել, մինչև նորմալ ընտրություններ չլինեն: Ռուսներն այստեղ յուրայիններին նշանակում են ու ոլորտ ոլորտի հետևից իրենց ձեռքն են վերցնում: Նրանք ունեն բազմաթիվ օլիգարխներ, դրսերում չեն կարողանում փող ներդնել` պատժամիջոցների պատճառով, ու արկածախնդրային ճանապարհով նման երկրներում են իրենց փողերը լվանում: Սա է խնդիրը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս