Այլևս չի լինելու այնպես, որ սրտի անհետաձգելի խնդիր ունեցող հիվանդը մտնի հիվանդանոց, և գումար չլինելու պատճառով նրան չվիրահատեն
Եկող տարվա հունվարի 1-ից սուր ինֆարկտների դեպքում մարդկանց կյանքը փրկելու համար սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագիր է իրականացվելու: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վահան Պողոսյանը, ծրագրում կընդգրկվեն այն քաղաքացիները, որոնք ներառված չեն սրտի անվճար ինվազիվ վիրահատության իրավունք ունեցող որևէ խմբում: Վահան Պողոսյանն ասում է, որ սրտի ստենտավորման այս ծրագիրն ուղղված է բնակչության առողջության բուժօգնության կազմակերպմանը, և այն բխում է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից և իրականացվելու է նրա հովանու ներքո։ Նշենք, որ այս ծրագրի իրականացման համար բյուջեից հատկացվելու է 500 միլիոն դրամ:
Փոխնախարարի խոսքերով, հաշվի է առնվել, որ ստենտավորումն ինֆարկտի դեպքում մարդու կյանքը փրկելու ամենաարդյունավետ միջոցն է, ու, որ մեր երկրում լայն տարածում ունեցող սրտանոթային հիվանդությունները մահացության ընդհանուր կառուցվածքում 48 տոկոս են կազմում։
«Մենք ուզում ենք այնպես անել, որ կյանքի խնդիր ունեցող հիվանդը մտնի հիվանդանոց, և այնպես չլինի, որ գումար չունենալու պատճառով չկարողանա բուժօգնություն ստանալ: Մենք ուզում ենք, որ պետությունն այս մարդկանց կողքին կանգնած լինի և նրանց գումարը փոխհատուցի»,- ասում է պարոն Պողոսյանը՝ հավելելով, որ ծրագիրը նախատեսված է բոլոր խավերի համար՝ բացառությամբ նրանց, որոնք արդեն իսկ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում ստանում են այդ բուժօգնությունը:
Նկատենք, որ մինչ այս մեր երկրում այդ բուժօգնությունն անվճար ստացել և շարունակում են ստանալ սոցիալապես անապահով խմբերը, երեխաները, զինծառայողներն ու նրանց ընտանիքի անդամները, սոցփաթեթի շահառուները:
Վահան Պողոսյանի պարզաբանմամբ, այս ծրագրից կարող են օգտվել այն մարդիկ, որոնք սրտի հետ կապված լուրջ խնդիր կունենան և հետազոտման արդյունքում կունենան այն բժշկական ցուցումները, որոնք սահմանվել են Առողջապահության նախարարության չափորոշիչում: Այսինքն՝ անհետաձգելի են համարվելու այն դեպքերը, որոնք բերում են սրտամկանի լուրջ վնասմանը:
«Երբ կլինի բժշկի ցուցումը, դնելու ենք մեկ՝ ոչ դեղապատ ստենտ, առանց այդ քաղաքացու հետ բժշկական խնդիրը քննարկելու: Երբ քաղաքացու մոտ ախտորոշվի սրտի անբավարարություն, նրան կառաջարկվի օգտվել ոչ դեղապատ ստենտի ծառայությունից, սակայն, եթե նա հրաժարվի և ընտրի դեղապատ ստենտը՝ ստիպված կլինի վճարել»,- պարզաբանում է պարոն Պողոսյանը:
Ոչ դեղապատ և դեղապատ ստենտի տարբերությունը, փոխնախարարի մեկնաբանմամբ, հետևյալն է. ոչ դեղապատ ստենտն ունի մոտ 30 տոկոս հետագայում փակվելու և նորից ստենտավորման հավանականություն, իսկ դեղապատ ստենտի պարագայում հավանականությունը մոտ 10 տոկոս է:
Նշենք, որ ներկայումս մեր երկրում սրտի ստենտավորում իրականացնում են տասը բուժհիմնարկ, որոնցից երկուսը մարզում են՝ Գյումրիում և Գորիսում, ութը՝ մայրաքաղաքում: Ըստ Վահան Պողոսյանի, Առողջապահության նախարարությունը ծրագրում է կամ բոլոր այդ բուժհիմնարկներում, կամ մի մասում տեղադրել այս ծրագրի շրջանակներում պետպատվերը: Սակայն, ինչպես փոխնախարարն է ասում, ամենակարևոր խնդիրն այն է, որ պետությունն ամբողջ ծավալով, անվճար աջակցելու է և փրկելու է հիվանդի կյանքը.
«Հետագայում, եթե պետք լինի երկրորդ, երրորդ ստենտ դնել, դա արդեն հետագայի խնդիր է, բայց, երբ անհետաձգելի, մարդու կյանքին վտանգ սպառնացող խնդիր է, այդ ժամանակահատվածում մարդու կյանքը կփրկվի»:
Ներկայումս նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբերը մշակում են ծրագրին առնչվող խնդիրները՝ բոլոր ուղղություններով, որոնց մեջ մտնում են և՛ կազմակերպչական չափորոշիչները, և՛ կլինիկական ուղեցույցները: Վահան Պողոսյանի խոսքերով, ամբողջ մի խումբ ծրագիրն անընդհատ մոնիտորինգի է ենթարկելու, վերլուծելու է և պարբերաբար նախարարին տեղեկացնելու է, թե կյանքեր փրկելուն միտված այս ծրագիրն ինչպես է ի կատար ածվում, որ բուժհիմնարկում՝ ինչպես են այն իրականացնում.
«Մենք անընդհատ մշտադիտարկման տակ ենք պահելու այս ծրագիրը, ամեն օր տեղեկատվությունը հավաքվելու է: Նախարարության թեժ գիծը և առողջապահական զանգերի կենտրոնը 24 ժամ ստանալու է տեղեկատվությունը և, անպայման, յուրաքանչյուր դեպքին արձագանքելու է: Ոչ մի տարբերակում չի կարող մարդն առանց բուժօգնության մնալ, որովհետև լինելու է կյանքի ցուցում, և կյանքին վտանգ սպառնալու դեպքում` մենք փորձելու ենք մարդուն փրկել»:
Պարոն Պողոսյանը, վկայակոչելով Հայաստանի գլխավոր սրտաբանի տվյալները, ասաց, որ մեր երկրում տարեկան 3000-3500 մարդ ստենտավորման կարիք է ունենում:
Նախարարության մշակած չափորոշիչներով արգելվելու է հիվանդի հետ բժշկական խնդիրներ քննարկելը:
Վահան Պողոսյանի խոսքերով, կա հետազոտությունների արդյունքները, որով ցուցված է ստենտ դնել, ուրեմն՝ պետք է դրվի, և հիվանդը չի կարող ասել՝ ինձ մի դրեք. «Նա միայն կարող է ընտրել՝ որ տեսակի ստենտը դնեն, օգտվի՞ այդ ծրագրից, թե՞ոչ: Եթե չի օգտվում, նրա իրավունքն է, ուրեմն նա ունի բավականաչափ գումար, որ կարող է վճարել: Եթե ոչ՝ ուրեմն տվյալ կենտրոնում նրա կյանքը կփրկեն»:
Նկատենք, որ այս ծրագրին զուգահեռ` ամբուլատոր պոլիկլինիկական ցանցում սրտի սկրինինգներ են իրականացվելու: Նախ՝ քաղաքացիների ճնշումն են չափելու, ապա չափման մոնիտորինգ է կատարվելու, որպեսզի առողջության գնահատական տրվի: Առաջին փուլում ընդգրկելու են 100 հազար բնակչի, որոնք սոցփաթեթի շահառուներ են: