Նավթ, քեզ եմ ասում, դրամ, դու լսիր

Ընթացիկ շաբաթը բավականին տխուր սկսվեց հայկական դրամի համար։ Այն շարունակեց անկումը, ընդ որում` ավելի շեշտակի։

ՀՀ Կենտրոնական բանկը երեկ նվազեցրել էր սակարկությունների միջոցով վաճառվող դոլարի օրական ծավալը` 6 միլիոնից հասցնելով
4 միլիոնի։ Սակայն փոխարենը` կտրուկ բարձրացել էր դոլարի գինը. միջին կշռված փոխարժեքը երեկ կազմել է 494.46 դրամ։

Կարելի է ասել, որ սա հերթական ցնցումն էր, որովհետև նախորդ աշխատանքային օրվա համեմատ ԿԲ-ն դոլարը թանկացրել է ավելի քան 24 դրամով (դեկտեմբերի 12-ին ԿԲ-ն վաճառել էր 6 միլիոն ԱՄՆ դոլար` 470.22 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով)։

Բանկերն ու փոխանակման կետերը, բնականաբար, արագ համապատասխանեցրին իրենց կողմից սահմանված փոխարժեքները ԿԲ-ի վաճառքի գնին։ Երեկ ժամը 17։00-ի դրությամբ առևտրային բանկերը 1 ԱՄՆ դոլարը գնում էին միջինը 486.5 դրամով։ Կային բանկեր, որ պատրաստ էին 1 դոլարի համար վճարել անգամ 496 դրամ (օրինակ, «Հայբիզնեսբանկը»)։ Վաճառքի միջին գինը կազմում էր 497.8 դրամ, թեպետ մի քանի բանկեր վաճառքի գինը հասցրել էին 505-510 դրամի։ Եվրոյի առքի միջին գինը բարձրացել էր 9.5 դրամով և հասել 602 դրամի (որոշ բանկերում` մինչև 610 դրամ)։ Վաճառքի գինը բարձրացել էր շուրջ 15 դրամով և կազմում էր միջինը 628 դրամ։ Նույնիսկ ռուբլին էր թանկացել։ Գնվում էր միջինը 8.1 դրամով, վաճառվում` 8.82 դրամով։

Սա արդեն գրեթե խուճապ է։ Իհարկե, ՀՀ ԿԲ-ն կոչ էր անում խուճապի չմատնվել և հավաստիացնում էր, որ փոխարժեքը կայունանում է։ Այդ հայտարարության ժամանակ դոլարի միջին փոխարժեքը 435 դրամ էր։ Իսկ այժմ հատել է 500 դրամի հոգեբանական նիշը։ Հայաստանում դրամի արժեզրկման այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 10 տարվա կտրվածքով։ Դոլարը 500 դրամ արժեր 2004 թվականի վերջին։ Այն տարբերությամբ, որ դրամն այն ժամանակ ամրապնդվում էր, իսկ այսօր` արժեզրկվում։

Եթե Հայաստանում գործ ունենք 10-ամյա ռեկորդի հետ, ապա Ռուսաստանում արձանագրվել է բացարձակ ռեկորդ։ Մոսկվայի բորսայում երեկ պատմության մեջ առաջին անգամ դոլարի փոխարժեքը հատել է 60 ռուբլին։ Ճիշտ է, հետո փոխարժեքը մի փոքր նվազեց` հասնելով 59.96-ի, սակայն ռեկորդն արդեն արձանագրված է։
Ի՞նչ է լինելու մեր տնտեսության հետ այս ամենի արդյունքում։ Կենտրոնական բանկը դեռ 434 դրամի ժամանակ հայտարարում էր, որ շահելու ենք, արտահանողներն ավելացնելու են աշխատատեղերը, տնտեսական աճն էլ արագանալու է։ Քանի որ հիմա 500 դրամի շրջակայքում ենք, երևի պետք է ակնկալել, որ շուտով թևակոխելու ենք երկնիշ տնտեսական աճի ժամանակաշրջան, արտահանումը մի քանի անգամ մեծանալու է, գործազրկությունն էլ հասնելու է զրոյական մակարդակի։

Իհարկե, ոչ մի նման բան սպասել չի կարելի։ Վիճակն իսկապես լուրջ է: Ամեն ինչ ցույց է տալիս, որ ԿԲ-ն չի կարողանում վերահսկել փոխարժեքը։ Որովհետև վերահսկելու բան չկա, պատճառները դրսում են։

Հիմա միակ բանը, որ մնում է անել, թերևս, թուլանալն ու հաճույք ստանալն է։ Օրինակ` ռուսները վաղուց այդպես են անում։ Խնդիրների մասին խոսելու փոխարեն` ուրախանում են, որ նավթի դիմաց ստացվող 1 դոլարն այժմ ավելի շատ ռուբլի արժե։

Միևնույն ժամանակ, վարչական լծակներով թույլ չեն տալիս, որ տեղական արտադրանքը (հիմնականում` առաջին անհրաժեշտության ապրանքները) չափից դուրս թանկանա։ Պետությունը կատարում է իր պարտականությունը` ռուբլիով վճարում է աշխատավարձերն ու թոշակները։ Մարդիկ էլ այդ ռուբլիներն առանց դժվարության (դեռևս) վեր են ածում սննդամթերքի և յոլա գնում։ Ընդ որում, արևմտյան երկրներից ներկրվող սննդամթերքի արգելքն այս առումով բավականին տեղին էր։ Ռուսները պարզապես հնարավորություն չունեն օտարերկրյա ծագումով սննդամթերք գնել, դրա համար դրա գինն էական ազդեցություն չի խաղում։

Իրականում սա ինքնախաբեություն է։ Այո, դոլարի դիմաց այժմ ավելի շատ ռուբլի է ստացվում։ Սակայն խնդիրն այն է, որ դոլա՛ր է քիչ ստացվում` նավթի գների շեշտակի նվազման արդյունքում։ Իսկ ռուսները նավթի գնի նվազեցմանը համարժեք ճշգրտում են փոխարժեքը, որպեսզի բյուջեի հոսքերը չնվազեն։ Պարզ ասած, որքան էժանանում է նավթը, այնքան թանկանում է դոլարը։ Այս ճանապարհով ռուսները դեռ կարողանում են պահել պետական բյուջեն։ Սակայն ռուբլին իրականում գնալով վերածվում է սովորական թղթի կտորի։ Իսկ ՌԴ տնտեսությունն ապացուցում է, որ հումքի արտահանումից կախված լինելը սուր հիվանդություն է, որը չբուժելու դեպքում կարող է կործանման հասցնել։

Ի դեպ, ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովն այս կապակցությամբ հետաքրքիր բանաձև է մշակել, որով հաշվում է ռուբլու փոխարժեքը` ըստ նավթի գնի։ Այդ բանաձևի մեջ կարևոր դեր է խաղում 3620 «կախարդական» թիվը։ Յուրաքանչյուր օր դոլար-ռուբլի փոխարժեքը հաշվելու համար պետք է 3620-ը բաժանել 1 բարել նավթի գնին։ Օրինակ, եթե բարելի գինը 100 դոլար է, ապա 1 դոլարը կարժենա 36.2 ռուբլի։ Եթե նավթի գինը իջնի մինչև 70 դոլարի, ապա 1 դոլարը կարժենա 51.7 ռուբլի։

«Որտեղի՞ց է հայտնվել 3620 թիվը։ Ամեն ինչ շատ պարզ է, ՌԴ կառավարությունը 2015 թվականի բյուջեն մշակել է` որպես հիմք վերցնելով 3620 ռուբլի (96 դոլար) գինը` 1 բարել նավթի համար։ Արթնանում ես առավոտյան, նայում, թե որքան արժե նավթը, և հասկանում, թե որքան է արժենալու ռուբլին»,- ասել է Նեմցովը։
Իհարկե, թեթևակի շեղումներով` Նեմցովի բանաձևն աշխատում է։ Օրինակ, երեկ Brent տեսակի նավթի գինը նվազել է 62 դոլարից էլ ցածր, հետո բարձրացել 63-ից։ Գրեթե միաժամանակ 1 ԱՄՆ դոլարի գինը հատել է 60 ռուբլու սահմանագիծը, հետո փոքր-ինչ իջել։

Իսկ ի՞նչ բանաձևով հաշվել դրամի փոխարժեքը։ Սա դժվար է, որովհետև մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի անհասկանալի է։ Օբյեկտիվ արտաքին գործոններին գումարվում են նաև տեղական սպեկուլյացիաներն ու սպասումների ազդեցությունը։ Ամեն դեպքում մի բան հաստատ է։ Քանի որ դրամի փոխարժեքը հիմնականում կախված է ՌԴ-ից եկող տրանսֆերտներից, տրանսֆերտներն էլ` նավթի գնից, ապա մենք նույնպես պետք է հետևենք նավթի գներին։ Նավթն էժանացավ, ուրեմն դոլարը թանկանալու է։ Եվ հակառակը։ Դժվար է հաշվել, թե նավթի 1% թանկացումը, կամ էժանացումը դրամի փոխարժեքի վրա կոնկրետ որքան կազդի, սակայն գոնե ուղղությունը (աճ թե նվազում) կարելի է գուշակել։

Իսկ նավթի գները, ամենայն հավանականությամբ, շարունակելու են նվազել։ Փորձագետները չեն բացառում, որ այն կարող է նվազել մինչև 40 դոլար։
Այս ամենի մեջ միայն մեկ ուրախալի բան կա. մեր հարևանների գործերն այնքան էլ փայլուն չեն լինելու։

Նշենք, որ Ադրբեջանի բյուջեի կեսից ավելին կազմում են նավթային սեկտորի եկամուտները (ի դեպ, նույնը Ռուսաստանի դեպքում է)։ Դեռևս 2 ամիս առաջ ադրբեջանցիներն ինքնամխիթարվում էին` հայտարարելով, որ եթե նավթի գինն իջնի մինչև 90 դոլար, ապա բյուջեն խնդիրներ չի ունենա։ Այսօր, ինչպես նշեցինք, 1 բարել նավթի գինը 60 դոլարին է մոտենում և կարող է է՛լ ավելի նվազել։ Այժմ ադրբեջանցիները լրջորեն անհանգստացած են, քանի որ բյուջեն վտանգի տակ է։
Ի դեպ, ադրբեջանական մանաթի փոխարժեքը դեռևս համեմատաբար կայուն է։ 1 դոլարն արժե շուրջ 0.78 մանաթ, և այդ փոխարժեքը գրեթե փոփոխություններ չի կրել տարվա ընթացքում։

Բյուջետային խնդիրներ ունենալու դեպքում Ադրբեջանը նույնպես կարող է շարժվել ռուսների տրամաբանությամբ` թուլացնել մանաթը։ Այդ դեպքում նավթի վաճառքից ստացված յուրաքանչյուր դոլարի դիմաց կստանան ավելի շատ մանաթներ և կկատարեն բյուջետային պարտավորությունները։ Սակայն պետք չէ մոռանալ, որ աշխարհում ոչ ոք մանաթով զենք չի վաճառում։ Այդ թվում` ռուսները։

Տեսանյութեր

Լրահոս