
Ռուսաստանը միջուկային հրթիռները վերադարձնում է իր երկաթուղիներ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` մոտ ժամանակներս Ռուսաստանում վերսկսվելու են մարտական երկաթուղային հրթիռային համալիրների ստեղծման աշխատանքները:
Այս մասին հայտարարել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի հրամանատարի տեղակալ Անդրեյ Ֆիլատովը. «Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կյանքի կկոչվի այդ գաղափարը»:
Մարտական երկաթուղային հրթիռային համալիրն իրենից ներկայացնում է հատուկ գնացք, որի վագոններում տեղակայվում են միջուկային հրթիռների ու կառավարման համակարգեր: Այն ունակ է հրթիռներ արձակել մինչև 1500 կիլոմետր հեռավորության վրա և ավտոմատ ռեժիմով մարտական ծառայություն իրականացնել մի քանի ամիս:
Դրանով իսկ էականորեն բարդանում է պոտենցիալ հակառակորդի կողմից համալիրի հայտնաբերման առաջադրանքը: Համալիրն ունի արձակման երեք սարք և «Մոլոդեց» տիպի 12 հրթիռ:
Խորհրդային արտադրության մարտական երկաթուղային հրթիռային համալիրը սպառազինությունից հանվել է 2005 թվականին` համաձայն 1993 թվականի հունվարին Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Բորիս Ելցինի ու Ջորջ Բուշի միջև ստորագրված պայմանագրի, որն առնչվում է ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատմանը: