Բաժիններ՝

Ջեմալ Փաշայի թոռան շոուն Երևանում. «Ես չեմ եկել Երևան, որպեսզի լսեմ, թե դուք ինչ եք զգում»

«Սիվիլիթաս» հիմնադրամը Հայաստան էր հրավիրել ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Ջեմալ Փաշայի թոռանը՝ Հասան Ջեմալին: Նա եկել էր որպես գրող և ներկայացնում էր իր գիրքը, որի թարգմանիչն էր թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Թե ի՞նչ գիրք էր ներկայացվում հայ հանրությանը և ի՞նչ խնդիրներ առաջացան, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պարզաբանեց թուրքագետը:

«Թուրքիան իր քարոզչական քաղաքականության մեջ որոշակի նոր տարրեր է մտցրել և 2015թ. ընդառաջ այդ տարրերն ավելի են ուժգնանում: Դրանց մեջ կարևոր տեղ է զբաղեցնում, այսպես կոչված, ազատ, բայց պատասխանատու թուրք մտավորականության ստեղծումը, նրանց հանրայնացումը և նրանց միջոցով թուրքական «մեսիջների» տարածումը ինչպես միջազգային հարթակներում, այնպես էլ՝ Հայաստանում և հայկական հանրության մեջ: Որոշ ժամանակ է արդեն, որ Թուրքիայում գովազդվում են մի քանի մտավորականներ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից բայց ունեն որոշակի սահման՝ կարմիր գիծ, և իրենց գործունեությունը որևէ կերպ չի վտանգում Թուրքիա պետության շահերը, անվտանգությունը, չի խոչընդոտում թուրքական քարոզչությանը, այլ ընդհակառակը՝ անուղղակիորեն նպաստում է այդ պետության և՛ իմիջին, և՛ Ցեղասպանության համատեքստում նրա ժխտողական քայլերին:

Այդ մտավորականները մի քանիսն են, օրինակ՝ Ալի Բայրամ Օղլու, Ջենգիզ Աքթար, Հասան Ջեմալ, Բասքըն Օրան և ուրիշներ, որոնք էլ այսպես կոչված՝ հայ-թուրքական երկխոսության, հաշտության «ջատագովներն» են: Սրանք ընդունում են «ցեղասպանություն» տերմինը, բայց խուսափում են փոխհատուցման դաշտ ներթափանցելուց: Այդ մտավորականներն իրենց մեսիջները տեղ հասցնելու համար պետք է փնտրեն զրուցակիցներ Հայաստանում, հայկական շրջանակներում»,-ասաց նա:

Թուրքագետը նկատեց, որ մեր հասարակության մեջ տարածվել է մի վտանգավոր տենդենց. «Սենտիմանտալ դաշտից, այսինքն՝ «ցեղասպանություն» բառի կիրառում, ինչ–որ ներողություն խնդրել, չենք կարողանում տեղափոխվել ավելի իրատեսական, իրավական դաշտ և արհեստականորեն մեր մեջ տարածվել է մի բանավեճ, թե պետք է ասեն «ցեղասպանություն» բառը, պետք է ներողություն խնդրեն, թե ոչ: Այս ամենին կառչելով՝ իրավական դաշտը չենք կարողանում տեսնել: Կարևոր է նկատել, որ առաջին հերթին Ցեղասպանությունը հանցագործություն է, ցանկացած հանցագործություն պետք է ստանա իրավական գնահատական, որից հետո պետք է  լինի պատիժ, փոխհատուցում, իսկ այդ ամենից հետո կարող է լինել կողմերի մեջ երկխոսություն, հաշտություն»:

Կարդացեք նաև

Այս համատեքստում Ջեմալ Փաշայի թոռը նույնպես պալատական թուրք մտավորականների շարքից է, և հայտնի է, որ երկու տարի առաջ նա հրատարակել էր գիրք «1915. Հայոց Ցեղասպանություն» վերնագրով:

«Այդ գիրքը գրավել էր իմ ուշադրությունը: Այն ցույց է տալիս Թուրքիայում բավական հետաքրքիր մի սոցիալական-հասարակական զարգացում, այսինքն՝ թե ինչպես է թուրք մտավորականը ապրում էվոլուցիա, Ցեղասպանությունը ժխտողից դառնում դրանով հետաքրքրվող և ի վերջո «ցեղասպանություն» տերմինը կիրառող: Այդ գիքը ցույց է տալիս նաև ներթուրքական քննարկումներն ու ընկալումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Գրքի հասցեատերն, ըստ էության, հայ ընթերցողն էր: Դրա համար գրքի թարգմանությունն ու ներկայացումը հայ ընթերցողին, կարծում եմ, կարևոր էր: Մյուսը՝ քարոզչական նպատակն էր, քանի որ Հասան Ջեմալը գովազդված թուրք մտավորական է, պետք է հայ ընթերցողը տեսներ, թե այդ առասպելական Հասան Ջեմալն իրականում ինչ է գրում ու մտածում: Այս առումով՝ գրքի թարգմանությունն արդարացված է:

Գրքի թարգմանությունը նախաձեռնել եմ ես, որևէ գրանտային ծրագիր այստեղ չկա, ընդհակառակը՝ մենք պատրաստ էին նաև հեղինակին հոնորար վճարել գրքի թարգմանության իրավունքները տալու համար: Սկզբնական շրջանում ծրագրվում էր, որ պետք է լինի գիտական թարգմանություն, այսինքն՝ առաջաբան՝ իմ կողմից, որտեղ պարզաբանվում և ներկայացվում էր գիրքը ոչ մասնագետ ընթերցողների համար, գիտական տողատակ բացատրություններ, մեկնաբանություններ, քանի որ այնտեղ կային թուրքական իրողություններ և թուրքական քարոզչության տարրեր, որոնք ևս պետք է բացատրվեին մեր հանրությանը, դրանից հետո նաև գրքի տպագրություն Հայաստանում: Սակայն ընթացքում Հրանտ Դինք հիմնադրամը վերածվեց թուրքական քարոզչության օղակներից մեկին:

Այն, ինչ որ անում է Հրանտ Դինք հիմնադրամը տևական ժամանակ ըստ էության պրո հայկական տարրեր գրեթե չունի: Չմոռանանք, որ Էթիեն Մահչուպյանը, որն այսօր Դավութօղլուի խորհրդականն է, «Ակոս» թերքի խմբագիրն էր, իսկ ներկայիս խմբագի Ռոբեր Քոփթաշը  գրում է հոդվածներ՝ կոչ անելով հայերին պատասխանատվություն կրել Խոջալուի համար, այսինքն մի մարդ՝ ապրելով Ստամբուլում, փորձում է անարգել Խոջալուի և այլ վայրերի ազատագրման համար մեր հերոսների թափած արյունը:

Հասան Ջեմալն իր հեղինակային իրավունքները ընթացքում փոխանցեց Հրանտ Դինք հիմնադրամին և ես ստիպված սկսեցի շփվել այդ հիմնադրամի հետ, իսկ հիմնադրամի պահանջները հետևյալն էին՝ գիրքը պետք է տպագրվի Ստամբուլում, բայց այդ պահանջը նրանք դրժեցին և գիրքը տպագրվեց Երևանում, գրքում պահպանվելու էր իմ առաջաբանը և լինելու էին իմ մասնագիտական  մենկաբանություն-բացատրությունները:

Գրքի թարգմանված տեքստը նրանց փոխանցելուց հետո հայտարարեցին, որ նպատակահարմար չեն գտնում առաջաբան դնել Հասասն Ջեմալի գրքում և պայմանագրի մեջ կար կետ՝ 7-րդ կետը, որտեղ ասվում էր, որ տեքստում ցանկացած փոփոխության դեպքում թարգմանիչը տեղյակ է պահվում: Ես գրքի մասին իմացել եմ շնորհանդեսից մեկ օր առաջ, իսկ գիրքը տեսել եմ շնորհանդեսի ժամանակ, գրքի թարգմանության տեքստը ինձ չի տրվել նախօրոք, և տպագրվելուց հետո  տեսել եմ, որ որոշ մեկնաբանություններ և պարզաբանումներ ընտրողաբար հեռացվել կամ աղճատվել են: Օրինակ՝գրքում կային հետևյալ տողերը. «1992-93թթ. հայերը գրավեցին Ղարաբաղը և օկուպացրին Ադրբեջանի 10 տոկոսը»: Այստեղ ես ուղղակի տվել էի պարզ մի մեկնաբանություն՝ այս նախադասությունը հակասում է պատմական իրողություններին և թարգմանիչը չի կիսում այն: Մեկնաբանությունը հիմնադրամի կողմից հանվել էր: Բայց նմանատիպ այլ մեկնաբանություններ, որոնք ավելի անվտանգ էին և վերաբերում էին պատմության ավելի վաղ շրջաններին, պահպանվել են»,-պարզաբանեց նա:

Թուրքագետն ասաց, որ Մոսկվա կինոթատրոնում կազմակերպված  գրքի շնորհանդեսի ժամանակ պետք է տեսնեին  Հասան Ջեմալին և ուղղեին իրենց հարցերը.  «Այդ միջոցով մեր հանրությունը կտեսներ գովազդված թուրք մտավորականի իրական մտածողությունը և իրական գնահատականները՝ մեզ հետաքրքրող հարցերի շուրջ: Բայց մեզ ուղղակի թույլ չտրվեց հարցեր տալ հեղինակին, և մարդկանց մոտ, առաջացավ զայրույթ: Ես էլ զայրացա և հեղինակին թուրքերենով ասացի, որ ունենք հարցեր և սա հակասում է ազատ խոսքի իրավունքին:

Մենք Ջեմալ Փաշայի թոռանը 100 տարի չտրված հարցեր ունեինք տալու, մենք չէինք գնացել նրան ծափահարելու, մանավանդ որ նա մի քանի հարցերում բավական դիմակազերծվեց. Ցեղասպանության իրավական գնահատական չկա, Ղարաբաղի հարցում՝ ադրբեջանական, ալիևյան դեսպոտային հռետորաբանության կրկնություն, իր պապից վրեժ լուծած հայերին նա անվանեց հրոսակներ՝ թույլ չտալով, որ դահլիճը իր կարծիքը հայտնի այդ տերմինի մասին և իհարկե, Ասալայի գործողությունները որակեց որպես տեռոր:

Սա բնական է, մենք չէինք ուզում, որ Հասան Ջեմալը գար և հայանպաստ տեսակետներ ասեր, բայց ուզում էինք, որ նրա հետ լիներ առողջ բանավեճ, և ոչ թե միայն մենք լսեինք նրան, այլ նա էլ մեզ լսեր, ինչն այդ ժամանակ տեղի չունեցավ, բայց կարողացանք անել հաջորդ օրը՝ ԵՊՀ-ում, երբ թուրքագիտության ամբիոնի ուսանողների հետ հանդիպման ժամանակ Հասան Ջեմալը մոտ 2.5 ժամ պատասխանեց ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի հարցերին: Այդ ժամանակ մի քանի կարևոր շեշտադրումներ արեց, որով իր կերպարն ամբողջացավ, որով իմ նպատակը և այս ամբողջ թարգմանության գործընթացը կարող ենք համարել ավարտված և հաջողված: Հասան Ջեմալն իր հայտարարություններով ինքն իրեն դասեց թուրքական պալատական մտավորականների դասին՝ նշելով, որ որոշ հարցերում ինքը թուրքական պաշտոնական թեզի կրողն ու տարածողն է, մասնավորապես՝ հողային փոխհատուցմանը դեմ է, սահմանների փոփոխությանը՝ ևս: Նա երբեմն ագրեսիվ տոնայնությամբ էր պատասխանում հայ ուսանողներին և հայտարարեց հետևյալը. «Ես չեմ եկել Երևան, որպեսզի լսեմ, թե դուք ինչ եք զգում: Ես եկել եմ Երևան, որպեսզի ասեմ, թե ես  ինչ եմ մտածում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս