Տուժողի կարգավիճակից՝ հարցաքննվող վկա․ դատարանում կրկին Գալինա Հարությունյանն էր

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին առնչվող քրեական վարույթի քննությունը։ Այս գործով նոր մեղադրող դատախազ ներգրավվեց՝ դատախազ Խաչատուր Գալստյանը։

Ինչպես նախորդ նիստում՝ այս նիստում ևս շարունակվեց մեղադրանքի կողմի վկաների հարցաքննությունը․ այսօր հարցերին պատասխանեց նախաքննությամբ տուժող ճանաչված, վկայի կարգավիճակ ունեցող՝ 2011 թվականին ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպության նախագահ ընտրված Գալինա Հարությունյանը։ Վերջինը ներկայացել էր առանց փաստաբանի։

Հիշեցնենք, որ դեռ 2024 թվականի նիստերի ժամանակ Գալինա Հարությունյանը մի քանի անգամ պնդել էր, որ ինքը չի կարող և չի ուզում տուժողի ներկայացուցիչ լինել, և 2024 թվականի հունվարի 23-ին դատավոր Դոլմազյանը դադարեցրել էր Գալինա Հարությունյանի տուժողի կարգավիճակը։

Ի դեպ, հաշվի առնելով Գալինա Հարությունյանի դեպքում հայերեն լեզվի ոչ բավարար իմացության նախկին փորձը՝ դատարանը հարցաքննության համար ընդգրկել էր նաև թարգմանիչ։

Կարդացեք նաև

Թարգմանչի օգնությամբ Գալինա Հարությունյանը կարողացավ տեղեկացնել, որ ասելու է «ողջ ճշմարտությունը», որ չունի թշնամական հարաբերություններ մեղադրյալների հետ և ոչ էլ ազգակցական կապեր։

Այս հերթապահ պրոլոգից հետո ԵՊԲՀ արհմիությունների նախկին ղեկավարը տեղեկացրեց, որ ընդամենը մեկ պրոբլեմ է ունեցել իր ղեկավարման տարիներին՝ արհմիության համար աշխատակիցներից հավաքված գումարները չեն փոխանցվել արհմիության հաշվեհամարին։

«Դիմել եմ երեք ռեկտորներին, բայց ոչինչ չի ստացվել, դիմումները, նամակները մնացել են անպատասխան։ Ու ես հասկացա՝ ես չեմ կարող այդ հարցը լուծել, ազատվեցի աշխատանքից, տեղափոխվեցի ուրիշ հիմնարկ»,- նշեց Գալինա Հարությունյանն իր խոսքում։

Մեղադրող դատախազի հարցադրմանն ի պատասխան՝ անդրադառնալով գումարները չփոխանցելու հնարավոր պատճառներին՝ ԵՊԲՀ նախկին աշխատակիցը, որը նախկին ռեկտոր Դումանյանի առաջարկով որոշել էր 2011-ին վերականգնել արհմիությունը, նկատեց, որ տեղյակ չէ պատճառների մասին, որ ի պատասխան իր դիմումների՝ պարզաբանող պատասխան է ստացել ԵՊԲՀ իրավաբանական բաժնից, որում նշվել է, թե արհեստակցական կազմակերպությունը դեռևս կազմակերպման փուլում է ու պետք է կազմակերպական հարցեր լուծի․ մինչ կազմակերպումը չի կարող ինքնուրույն միջոցներ տնօրինել։

Ըստ Հարությունյանի, սակայն, կազմակերպությունը գոյություն է ունենում գրանցման պահից, իսկ ինչ վերաբերում է կազմակերպչական հարցերին, ապա ինքն անցկացրել է ժողովներ, քննարկումներ, մի քանի ծրագրեր է իրականացրել՝ մշակութային, սոցիալական աջակցության, կարողացել է աշխատակիցների համար պայմանների բարելավում ապահովել, և այլն։

Ի դեպ, արհմիությունը, պարզվեց, ստեղծվել է դեռ 2002 թվականին, Գալինա Հարությունյանը, որը 2006 թվականից է աշխատել ԵՊԲՀ- ում, տեղյակ չէ՝ այն գործե՞լ է մինչև իր գալը, սակայն ունի նախկին ռեկտորի հրամանը, որով 2007 թվականին դադարեցվել է գումարների փոխանցումը արհմիության հաշվի վրա։

Իր ղեկավարման օրոք տարբեր ծրագրեր իրականացնելու համար՝ ինչպես նշեց Հարությունյանը, ինքը զեկուցագրով դիմել է Դումանյանին, որ գումար ստանա, մինչդեռ, ըստ կարգի` աշխատակիցներից հավաքված 1 տոկոս գումարները պետք է ուղարկվեին հաշվապահության, որտեղից էլ պետք է ուղղվեին արհմիության հաշվեհամարին։

«Արհմիությունն ուներ հաշվապահ, ու մենք մշտապես զրոյական հաշվետվություն էինք ներկայացնում, որովհետև հաշվապահությունը չէր փոխանցում այդ մեկ տոկոսները։ Դրանք երևի փոխանցվում էին սոցիալական ֆոնդին»,- նշեց նա՝ նկատելով, որ իր ծրագրերի համար գումարներն էլ հավանաբար այդ ֆոնդից էին տրվում իրենց։

Արդեն 2015-16 թվականներին՝ իր հեռանալուց (2013 թ.) հետո, Գալինա Հարությունյանը նամակ է ստացել, որ հաշվետվություն չներկայացվող կազմակերպությունները լուծարվում են։ Այդպես է տեղեկացել իր արհմիության լուծարման մասին, իսկ «Հերացի» արհեստակցական միության մասին տեղեկացել է իր նախկին գործընկերներից։

Ի դեպ, Հարությունյանին չի զարմացնում ԵՊԲՀ-ում նոր արհեստակցական կազմակերպության կազմավորումը, քանի որ, տեղյակ է՝ մեկ կազմակերպությունը տարբեր միություններ կարող է ունենալ։

Ի պատասխան հարցին էլ՝ ի՞ նչ տեղեկություն ունի Ծովասար հանգստի գոտում սենյակներ ձեռք բերելու մասին՝ ասաց՝ ոչ մի տեղեկություն չունեմ․ միայն քննիչի մոտ խոսակցությունն է այդ մասին։
Նա տեղյակ չէ նաև, թե կոնֆեդերացիայի ու արհեստակցական միության գործակցությունն ի՞նչ թղթերով է հիմնավորվել․ «Որոշումը հին ժամանակներում է եղել․ Իրենք ունեն ցուցակ կազմակերպություններ։ Ես չունեմ փաստաթուղթ, որովհետև նախկին նախագահը ինձ որևէ բան չի փոխանցել»։

Հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին՝ սեպտեմբեր 24-ին, 15։30-ին։

Տեսանյութեր

Լրահոս