
Ռումինիան Ուկրաինային աջակցելու շրջանակում պատրաստ է տրամադրել իր ռազմաբազաները ՆԱՏՕ-ին

Ռումինիան կարող է նպաստել Ուկրաինայում երկարատև խաղաղության հաստատմանը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին իր ռազմաբազաներ մուտքի հնարավորություն տրամադրելով։ Այս մասին Antena 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի վարչապետ Իլիե Բոլոժանը։
Հարցին, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում ԱՄՆ-ի կողմից Ռումինիայում F-35 կործանիչներ տեղակայելու խնդրանքին՝ որպես անվտանգության երաշխիքների մաս, Բոլոժանը կրկնել է, որ Բուխարեստն արդեն իսկ որոշ կարմիր գծեր է գծել։
«Ռումինիան շատ հստակ նշել է առնվազն երկու բան. մենք զորքեր չենք ուղարկի, մենք չենք մասնակցի զորքերի որևէ հնարավոր տեղակայման Ուկրաինայի տարածքում։ Սա շատ հստակ կետ էր», – ասել է վարչապետը։
Նա, այնուամենայնիվ, պարզաբանել է, որ որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Ռումինիան իր այլընտրանքային օժանդակությունն է տրամադրում՝ առաջարկելով իր ռազմաբազաները դաշնակից ուժերին։
«Հաշվի առնելով մեր անդամակցությունը ՆԱՏՕ-ին՝ մեր ռազմական բազաները, որոնք արդեն իսկ համատեղ շահագործվում են Ռումինիայի և ՆԱՏՕ-ի ուժերի, հիմնականում՝ ռազմաօդային ուժերի կողմից, կարող են օգտագործվել ՆԱՏՕ-ի զորքերի, ԱՄՆ ուժերի և այլ դաշնակիցների կողմից: Այսօր մեր օդանավակայաններում անցկացվում են օդային պարեկություններ, Սև ծովի մոնիթորինգի օդային ոստիկանության առաքելություններ և համատեղ զորավարժություններ: Սա կարող է լինել Ռումինիայի ներդրումն Ուկրաինայում երկարատև խաղաղության ապահովման գործում՝ մեր ռազմաբազաները հասանելի դարձնելով ՆԱՏՕ-ի համար», – հավելել է Բոլոժանը։
Օգոստոսի 21-ին Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել՝ վերահաստատելով Ռումինիայի դերը որպես «հուսալի և ակտիվ դաշնակից ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության գործում», նաև ընդգծելով երկրի հանձնառությունը ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ սերտ համակարգմամբ Ուկրաինային «բազմակողմանի և կայուն աջակցություն» տրամադրելու հարցում։