Տիկի՛ն Կալլաս, լո՞ւրջ… Այսինքն՝ խաղաղության համար Ուկրաինան տարածք չպետք է զիջի, բայց Հայաստանն ամեն ինչ պիտի զիջի՞. Արմեն Աշոտյան

«Քաղաքական բանտարկյալների առկայությունը մեր երկրում այս պահին ավելի գերակա հարց է, քան ընդդիմության ընթացիկ աշխատանքների հետ կապված քննադատությունը, ուստի, խնդրում եմ՝ քաղբանտարկյալների հարցը չդարձնել ընդդիմության իրար մեջ մուննաթի առարկա»,- Հակակոռուպցիոն դատարանում հերթական դատական նիստից հետո 168am-ի հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

ՀՀԿ փոխնախագահի խոսքով, գուցե քաղբանտարկյալների ազատության համար ընդդիմությունը լավ չի պայքարում կամ լավ չի հանրայնացնում այդ աշխատանքները, բայց նաև հասարակությունը լավ չի պայքարում։

«Եթե Բագրատ Սրբազանի հետ լուսանկար ունեցողների, «Սրբազան պայքարի» օրերին նրան բարևել տենչողների գոնե 5 տոկոսը հավաքվի դատարանի դահլիճում, կամ Ֆեյսբուքում գրառում անի, ակցիա անի, վստահ եմ՝ Բագրատ Սրբազանին ու տարբեր գործերով մյուս անարդար դատվողներին շատ արագ հանրային ճնշման ներքո Նիկոլը ստիպված կլինի բաց թողնել։

Այո, հենց այդպես էլ թող հնչի, սա հիասթափություն է մեզանից, ինքս ինձանից։ Սա ազնիվ պետք է ասել»,- ասաց Աշոտյանը՝ հիշեցնելով, որ ինքն, ի դեպ, լուսանկար չունի, քանի որ կալանավորված է եղել այդ օրերին։

Կարդացեք նաև

Հանրապետական գործիչն այս համատեքստում հիշեցրեց Թրամփի ու Լուկաշենկոյի զրույցից հետո ազատ արձակված բելառուս քաղբանտարկյալների օրինակը՝ նկատելով, որ ԱՄՆ եթե ունի հնարավորություն բանակցել ու մարդ ազատել, ապա պետք է այս լծակից օգտվեն նաև հայաստանյան շրջանակները։

«Ինչո՞ւ քաղբանտարկյալների հայկական քեյզը չի հայտնվում Թրամփի օրակարգում, իսկ բելառուսականը հայտնվում է։ Ես հարցի պատասխանը գիտեմ, բայց սա մեզ համար սթափեցում պետք է լինի՝ ինչու չենք աշխատում ամերիկյան ինստիտուտների, դեսպանատան հետ։ Չէ՞ որ Թրամփը նաև իբրև քրիստոնյաների պաշտպան է դիրքավորվել, իր փոխնախագահն՝ առավել ևս. ինչո՞ւ այս հարցը չենք տանում առաջ, որ հնագույն եկեղեցու երկու բարձրագույն հոգևորական նստած է։ Քրիստոնյաների՛ պաշտպան, պարո՛ն Թրամփ, հայացքդ նետիր նաև այս երկրի վրա»,- հավելեց Արմեն Աշոտյանը։

Դիտարկմանը, թե ամեն դեպքում ամենամյա հերթական զեկույցում ԱՄՆ պետդեպը 2024թ․ ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի մասին արձանագրումներ է արել՝կամայական կալանավորումների, ձերբակալությունների ու խոշտանգումների դրվագների մասին, քաղաքական գործիչը հակադարձեց, որ այս տարվա զեկույցը անգամ այդ գնահատականների պարագայում լավը չէր։

«Համեմատեք 2022-23թթ. զեկույցների հետ, կտեսնեք, որ շատ ավելի քիչ է գրված, քան եղել է»,- նշեց նա։

«Խաղաղության համաձայնագրի» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ու նախօրեին Ալիևի հայտարարությունների հակադրության մասին հարցադրումներին ի պատասխան էլ՝ Արմեն Աշոտյանը նկատեց․

«Երեկ նայում եմ Կալլասի հարցազրույցը BBC-ին․ ասում է՝ Ուկրաինան չպետք է խաղաղության համար ՌԴ-ին տարածքներ զիջի, լո՞ւրջ։ Ինչ ուզում եք՝ արեք, իմ գործը չէ, բայց Հայաստանի դեպքում Հայաստանն ինչ ասես զիջել է, դուք ողջունում եք, Ուկրաինայի դեպքում չպե՞տք է զիջի։ Բա եթե լավ լուծում է զիջելը, Ուկրաինայում էլ արեք»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս