
Կառավարությունը «Նաիրտի» աշխատակիցներին 3 ամսվա աշխատավարձ կտա

Այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների պատվիրակության հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ պետական բյուջեում գործարանի աշխատակիցների աշխատավարձի ամբողջ պարտքի մարման համար գումար նախատեսված չէ: Ամբողջ պարտքը, հիշեցնենք, կազմում է շուրջ 15 մլն դոլար:
«Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի խոսքով՝ բոլորը հասկանում են, որ աշխատավարձի պարտքը մեծ գումար է կազմում և լուծումը երևի միանգամից չի լինի, բայց խնդրին պետք է փուլային լուծում տրվի. «Այդ մարդիկ պիտի աշխատավարձի պարտքը ստանան»: Թադևոսյանի դիտարկմանը, որ թեև գործարանը արտադրանք չի տվել, բայց վերակառուցում է իրականացվել և 30-40% աշխատանք է արվել ներքին ռեսուրսների հաշվին, Հ.Աբրահամյանը նկատեց՝ «բա 30-40% աշխատավարձ գրեիք»:
Հերթական անգամ նշելով, որ դեմ է, երբ չաշխատող գործարանի տնօրենը բարձր աշխատավարձ է ստանում, Հ.Աբրահամյանը համաձայնեց, որ նաիրիտցիները բարոյական իրավունք ունեն պահանջելու իրենց աշխատավարձը, բայց շեշտեց՝ ո՛չ վարչապետից, ո՛չ էլ էներգետիկայի և բնական պաշարների նախարարից: Ըստ նրա՝ դրա պատասխանատուն գործարանի տնօրենների խորհուրդն է, իսկ կառավարությունը՝ աջակցելով նաիրիտցիներին, կվճարի 3 ամսվա աշխատավարձ՝ նոյեմբեր, դեկտեմբեր և 1 լրացուցիչ:
Հ.Աբրահամյանը կրկին հայտարարեց, որ Համաշխարհային բանկը աուդիտ կանցկացնի ու կպարզի՝ հնարավո՞ր է վերագործարկել «Նաիրիտը», թե՞ ոչ: