Բաժիններ՝

«ԿԲ-ի քաղաքականությունը տանում է դրամի առավել արժեզրկման». Արմեն Փափազյան

Դրամագետ և ֆինանսիստ Արմեն Փափազյանի հետ «168 Ժամը» զրուցել էր դրամի արժեզրկման ու դրան առնչվող երևույթների մասին: Այս անգամ մասնագետը մեկնաբանում է ԿԲ-ի վերջին հայտարարությունն ու արժութային շուկայի նոր զարգացումները:

-Պարոն Փափազյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԿԲ-ի նոր որդեգրած քաղաքականությունը. հայտարարվել է, որ դեկտեմբերի 8-ից սկսած, ամենօրյա սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով:

– Այս նոր որդեգրված քաղաքականության մեջ մի քանի խնդիր եմ տեսնում.

Նախևառաջ՝ այսպիսի տնտեսական իրավիճակում և նաև՝ երբ երկրի դրամական իրականությունը՝ ներսի ու դրսի տվյալներով, դեռևս արժեզրկման ընթացքի մեջ է, ես ճիշտ չեմ համարում, որ ԿԲ-ի որևէ մոտեցում այս հարցում պայմանավորված լինի ինչ-որ ժամկետով, կոնկրետ այս դեպքում՝ մինչև տարեվերջ: Նույնիսկ, եթե ԿԲ-ի նպատակը տարեվերջին մոտեցումը փոխելն է, նախօրոք այսպիսի բան հայտարարելը խանգարում է արդյունավետ իրագործմանը: Շատ պարզ ու տրամաբանական է, որ շուկայի տարբեր մասնակիցներ, այս պահից սկսած, արդեն իրենց քաղաքականությունը կհարմարեցնեն ամսվա վերջի ժամկետին: Այսինքն՝ դոլարի օրական որոշակի քանակի վաճառքի ժամկետային հանգամանքը նկատի ունենալով՝ դաշտում գործող բանկերը, հաստատությունները, անհատները հիմիկվանից կարող են պատրաստվել ու ավելի արագ ու ավելի շատ արտարժույթ գնել մինչև տարեվերջ, ինչն ապարդյուն է դարձնելու ԿԲ-ի նոր որդեգրած քաղաքականությունը:

Նաև՝ հայտնի բան է, որ դրամական քաղաքականության մեջ ժամկետային հայտարարություններն ընդհանրապես անհրաժեշտ արդյունքը չեն ունենում, քանի որ ժամկետ նշելով՝ շուկան ժամկետի սկզբից սկսում է պատրաստվել վերջնաժամկետին: Այնպես որ, ժամկետ սահմանող և ժամկետով գործող քաղաքականությունը տանելու է միայն ու միայն դրամի էլ ավելի արժեզրկման:

Երկրորդ, նկատի ունենալով, որ նախօրոք հայտարարված և սահմանված քանակով է ԿԲ-ն արտարժույթ վաճառում, սա մեկ անգամ ևս փաստում է, որ իսկապես, արտարժույթի քանակի հետ կապված խնդիրներ կան, ինչը հակասում է վերջին շրջանում արված հայտարարություններին, որոնցով ԿԲ-ն վստահեցնում էր, թե իր պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը:

Ուրեմն, ոչ միայն ժամկետ սահմանող հայտարարությունն է քաղաքականությունն անարդյունք դարձնելու, այլ նաև՝ օրական սահմանված առավելագույն քանակի հանգամանքը, ինչն արտարժույթի հասանելիության ու քանակի վերաբերյալ կասկածներն է ամրապնդում շուկայում:

Որպեսզի նմանօրինակ միջամտություններն արդյունավետ լինեն, կարգ ու վստահություն վերահաստատեն, պետք է շատ հստակ ու հետևողական լինեն ու նաև որևէ սահմանափակումներ չունենան՝ ո՛չ քանակային, ո՛չ էլ ժամանակային իմաստներով:

Այս քաղաքականության արդյունավետ չլինելու երրորդ պատճառը (որ նաև հակասում է ԿԲ-ի հայտարարություններին) այն է, որ ԿԲ-ն արտարժույթի վաճառք է հայտարարել ոչ թե ինչ-որ հստակ փոխարժեքով, այլ հայտարարել է վաճառք՝ սակարկությունների՛ միջոցով:

Սա սպեկուլյացիայի նոր դուռ է բացում, և ԿԲ-ի սակարկությունների մասնակիցները, շուկայի իրավիճակից ելնելով, արտարժույթի իրենց և ժողովրդի պահանջը նկատի ունենալով, սակարկության միջոցով, իրականում բարձրացնում են դոլարի փոխարժեքը: ԿԲ-ի նախաձեռնած սակարկությունը, փաստորեն, հանգեցնում է դրամի արժեզրկման, ստեղծվում է մի իրավիճակ, որում ԿԲ-ն ուղղակի և անուղղակի կերպով հաստատում է արժեզրկված դրամի ընթացքը:

Նկատի ունենալով, որ ԶԼՄ-ներով և այլ միջոցներով ԿԲ-ն հստակ արտահայտվել է սպեկուլյացիայի դեմ, սակարկությունների միջոցով արտարժույթի վաճառք կազմակերպելը լուրջ հակասության մեջ է դնում նրա քաղաքականությունը. շուկայի ներկա իրավիճակը նկատի ունենալով՝ այս հակասությունն օգնում է դրամի արժեզրկմանը:

Նաև, երբ ԿԲ-ն վստահեցնում է, որ իր կարգավորիչ իրավասություններն օգտագործելու է սպեկուլյացիան նվազեցնելու համար, այս մթնոլորտում և նաև սակարկության հայտարարությունից հետո այդ վստահեցումները մարդկանց այլևս չեն հանգստացնում: Ընդհակառակը՝ շատերն այս ամեն ինչի հետևում տեսնում են այլ օրենքներ և նորանոր սահմանափակումներ, լինի արտարժույթի՝ երկրից դուրս փոխանցման, թե իրենց դրամի հետ կապված: Սա կարող է շուկայի մասնակիցներին մղել՝ ռիսկ չվերցնել ավելի խիստ դրամային ռեժիմի տակ գտնվելու, և անցնել արտարժույթի, նույնիսկ կարող են մտածել իրենց գումարները երկրից հանելու մասին:

Հետևաբար, նշված չորս պատճառները նկատի ունենալով՝ ես կարծում եմ, որ ԿԲ-ի վերջին որդեգրումը չի կարող դրամի արժեզրկման հարցում ինչ-որ բան փոխել: Ընդհակառակը (և, ինչպես արդեն տեսնում ենք)՝ դեկտեմբերի 8-ից հետո դրամն ավելի է արժեզրկվել:

ԿԲ-ի քաղաքականությունը՝ սահմանափակ, ժամկետային սակարկությունների ճանապարհով, փաստորեն, տանում է դրամի առավել արժեզրկման:

Իսկ եթե ԿԲ-ի նպատակը դրամն արժեզրկելն է , ուրեմն պետք է ասել, որ նրա որդեգրած քաղաքականությունը ճիշտ է:

Ձեր կարծիքով, արժեզրկումը դեռ ինչքա՞ն է շարունակվելու:

– Նկատի ունենալով ԿԲ-ի վերջին մոտեցումը և նաև այն, որ 1 ԱՄՆ դոլարն արդեն վաճառվում է մոտավորապես 470 հայկական դրամով, ես կարծում եմ, որ ամերիկյան դոլարը շարունակելու է արժևորվել: Թե ինչքան է արժեզրկվելու դրամը, հնարավոր չէ այս պահին ասել, բայց չմոռանաք, որ եղել է ժամանակ, որ 1 ԱՄՆ դոլարը հատել է 600 դրամի սահմանը: Եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն և քաղաքականությունը չփոխվի, այս ընթացքով ամեն ինչ էլ սպասելի է:

Այն, ինչ որ այսօր կատարվում է Ռուսաստանում, Եվրոպայում և ԱՄՆ դոլարի հետ, իր լրջագույն հետևանքներն է ունենալու Հայաստանի տնտեսության և արտարժութային միջավայրի վրա, երկրի արտադրողականությունը և տնտեսական իրականությունն արդեն իսկ շատ լուրջ խնդիրների առջև են կանգնած:

Նորից ու նորից վստահ եմ, որ մինչև հստակ ու շոշափելի փոփոխություններ չտեսնենք ներդրումային դաշտում, արտադրության մեջ, դրամի արժեքը կայունության խնդիրներ պիտի ունենա:

Տեսակետներ են հնչում, որ մինչև դեկտեմբերի 20-ն իրավիճակը կհանդարտվի, որ Նոր տարվա հետ կապված դոլարով ծախսերը կհավասարակշռեն շուկան: Ի՞նչ եք կարծում:

– Նոր տարվա հետ կապված դոլարային մուտքերը շատ հավանական են: Հնարավոր է, որ շատերը Նոր տարին նշելու համար օգտագործեն իրենց արտարժութային խնայողությունները, բայց դրանցով շուկայում լուրջ փոփոխություններ սպասելի չեն: Ինչքան էլ Ամանորի հետ կապված դոլարի ներհոսքը բարձրանա, մեր խնդիրները մնալու են նույնը:

Ինչպես ԿԲ-ն նշել էր իր առաջին հայտարարության մեջ, դրամի արժեզրկումը տարածաշրջանային խնդիրների շարքում է՝ կապված ռուսական ռուբլու արժեզրկման և դոլարի արժևորման հետ: Բայց ես մեկ անգամ արդեն նշել եմ, որ Հայաստանի արտարժութային իրավիճակը տեղից արդեն խնդիրների մեջ է, որ առնչվում է արտաքին պարտքերին, ներդրումային համակարգին և առհասարակ տեղական դոլարիզացիային:

Ուստի, չեմ կարծում, որ ներկա իրավիճակն ու խնդիրները մինչև դեկտեմբերի 20-ը կհստակեցվեն, դրամի տոնական կարիքները և դոլարային մուտքերը կարող են միայն ժամանակավոր ու մակերեսային փոփոխություններ բերել արտարժութային դաշտում:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նոր միջազգային վարկեր ձեռք բերելու վերաբերյալ քննարկումներին:

– Նոր միջազգային վարկերն արտարժույթի նոր մուտք են ենթադրում, հետևաբար՝ նոր ձեռք բերված վարկերի արտարժութային հոսքը կարող է մի փոքր, բայց ժամանակավոր շունչ քաշելու առիթ տալ կառավարությանը, ԿԲ-ին և բանկերին: Բայցևայնպես, ինչպես նշել եմ, արտարժութային վարկերը հնարավոր է մարել միայն արտարժույթով, հետևաբար՝ նոր վարկերը միայն խստացնում են ժամանակի մեջ հետաձգվող անխուսափելին:

Առանց տեղական ներդրումային նոր մշակույթի, նոր խթանի ու նոր կազմակերպվածության, նոր ձեռագրերի ու նոր պլատֆորմների, մենք չենք կարող վաստակել այն արտարժույթը, որը մեզ անհրաժեշտ է շահել:

Իրավիճակն այսօր լուրջ մարտահրավեր է. այս օրերին է որոշվելու՝ կկարողանա՞նք Հայաստանի և հայ ժողովրդի ապագա բարեկեցությունը կառուցել մեր ազգային դրամի վրա:

Զրուցեց Անուշ Թրվանցը

* * *

Արմեն Փափազյանի հետ նախորդ հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։

Ա. Փափազյանի հետ կարող եք կապ հաստատել LinkedIn մասնագիտական սոցիալական ցանցի (https://www.linkedin.com/in/armenpapaz) կամ Twitter-ի (https://twitter.com/armenpapaz) միջոցով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս