«Քննարկվել են Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության իրացմանը առնչվող խնդիրներ». Արտակ Զաքարյան

Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ

– Պարոն Զաքարյան, դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվեցին խորհրդարանական լսումներ` նվիրված ցեղասպանությունների միջազգային իրավական խնդիրներների քննարկմանը: Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում իրավական հարթությունում Հայոց ցեղասպանության ճանաչման հետ կապված իրական հնարա­վորու­թյունները:

– Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումները ևս մեկ քայլ էին «Աշխարհ առանց ցեղասպանությունների» տեսլականի իրականացման համար: Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի լույսի ներքո` ճանաչված ցեղասպանագետները, միջազգային իրավունքի մասնագետները ներկայացրեցին ու փորձեցին հնարավորինս համապարփակ կերպով վեր հանել Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվության իրացմանը առնչվող խնդիրներ:  Բազմիցս նշվել է , որ Ցեղասպանության խնդիրը միայն ճանաչումը չէ:

Հարցի լուծումը հատուցման մեջ է, որը պետք է ընթանա Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման ճանապարհով: Կարևոր է հստակ կերպով հասնել այն սահմանագծին, ըստ որի անքննելի կլինի իրողությունը, որ ցեղասպանությունների ժխտումը նախ և առաջ մարդու իրավունքների խախտում է, ժխտումը անպատժելիության մթնոլորտի ստեղծում է, ժխտումը պարարտ հող է նոր ցեղասպանական քաղաքականությունների իրացման համար:

Մենք փորձեցինք վեր հանել Հայոց ցեղասպանության համար Թուրքիային պահանջներ ներկայացնելու միջազգային իրավական հենքերը, հստակեցնել և շրջանակել այն իրավական նորմերը, որոնք կիրառելի են Հայոց ցեղասպանության համար համապատասխան սուբյեկտներին պատասխանատվության կանչելու գործում: Հայոց ցեղասպանության հարցը միայն բարոյա-հոգեբանական փոխհատուցման մեջ չէ, այն իր մեջ պարունակում է նաև իրավական հետևանքներ, որոնց իրացումը պարտադիր է:

– Ներկայումս Ազգային ժողովում ի՞նչ աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:

– Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում նախատեսված միջոցառումների համատեքստում կարևոր դեր է հատկացված խորհրդարանական դիվանագիտությանը: Մենք ներկայումս ակտիվ աշխատանքներ ենք իրականցնում տարբեր պետությունների ազգային խորհրդարաններում Հայոց ցեղասպանության եղելության վրա լույս սփռելու ուղղությամբ: Ապրիլ ամսին նախատեսված ոգեկոչման միջոցառումների համատեքստում նախատեսված են տարբեր պետությունների խորհրդարանների նախագահների, բարեկամանական խմբերի անդամների, ինչպես նաև միջազգային միջխորհդարանական կազմակերպությունների անդամների այցելություններ Հայաստան` «ընդդեմ ցեղասպանական հանցագործության» գլոբալ հիմնախնդրի քննարկման:

– Ինչպե՞ս եք գնահատում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հեռանկարները:

– Մինչ օրս 20-ից ավելի պետություններ, տարբեր միջազգային կազմակերպություններ, պետությունների վարչական միավորներ և քաղաքային խորհուրդներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Նկատելի է դառնում նաև ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքների ընդունման միտումը մի շարք եվրոպական երկրների խորհրդարաններում: Լիահույս ենք, որ ճանաչումների և դատապարտումների այս միտումը շղթայական կլինի: Ցանկացած պետություն, միջազգային կազմակերպություն և անհատ պետք է դատապարտման համատեքստում հստակ գիտակցի իր պատասխանատվության բաժինը` հետագայում նոր ցեղասպանությունների կանխարգելման հետ կապված: Ցեղասպանության չճանաչումն ու մերժումը մարդկության դեմ ծանրագույն հանցագործության շարունակությունն է, ինչն էլ հղի է նոր ոճրագործությունների իրացմամբ:

– Բազմիցս նշվել է, որ 100-ամյա տարելիցը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացի նոր փուլի սկզիբ է: Ի՞նչ ծրագրեր կան 2015 թվականից հետո:

– Մեզ համար առաջնախնդիր է ցեղասպանության ճանաչումը վեր հանել որպես կարևոր քայլ` ելնելով մարդասիրական նկատառումներից: Մենք չենք փորձել և չենք փորձելու վիճարկել, քննարկել կամ բանավիճել Հայոց ցեղասպանության եղելության շուրջ: Այս հարցը անքննելի է: Մենք ունենք հսկայական սփյուռք, ինչը նախորդ դարում Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության խոսուն ապացույցն է: Մեր խնդիրն է, որպեսզի հայկական հարցի լուծումը չզոհաբերվի աշխարհաքաղաքական շահերին: Մենք պետք է շարունակենք պայքարը պատմական արդարության վերականգնման, փոխհատուցման և վերածնված մեր ժողովրդի կայուն և անվտանգ ապագայի ապահովման համար:

ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Տեսանյութեր

Լրահոս