Կերակրափողի քաղցկեղ

Վիճակագրական տվյալներով, օրինակ, Գերմանիայում կերակրափողի քաղցկեղի տարեկան մոտ 6000 նոր դեպք է գրանցվում: Այսպիսով այս հիվանդությունը կարելի է դասել օնկոլոգիական հիվանդություններից առավել քիչ հանդիպողների շարքին:

Որպես պատճառ կարող են հանդիսանալ ծխելը, ալկոհոլի չարաշահումը կամ չափից շատ տաք ըմպելիքներ օգտագործելը, ինչպես նաև տևական ժամանակ եղած ստամոքսակերակրափողային ռեֆլյուկսը:

Կապված այն հանգամանքի հետ, որ ուռուցքը հայտնաբերվում է բավական ուշ փուլերում, հավանականությունը, որ հիվանդը կապրի ևս 5 տարի, առկա է միայն 15% -ի մոտ:

Վիրահատության ենթակա հիվանդների մոտ այս շանսն առավել բարձր է: Վերջին 20 տարիների ընթացքում կերակրափողի ռեզեկցիայից հետո մարդկանց 5 տարի ապրելու հավանականությունը 20%- ից աճել է մինչև 50%, այն էլ առաջին հերթին բուժաշխատողների միջգիտակարգային համագործակցության և վիրաբուժական տեխնոլոգիաների որակի բարձրացման շնորհիվ:  Կատարելագործված մեթոդների կիրառումը հանգեցնում է մահացության զգալի նվազեցմանը:

Կարդացեք նաև

Մինչդեռ 20 տարի առաջ այս վիրահատությունից հետո ողջ էր մնում միայն հիվանդների 80%-ը, այժմ այդ ցուցանիշն աճել է մինչև 99%:

«Մենք իսկապես հսկայական հաջողությունների ենք հասել, և  սա մեծ ձեռքբերում է», – նշում է Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ընդհանուր և վիսցերալ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժշկի տեղակալ, պրիվատդոցենտ բ.գ.դ. Յենս Հյոպպները: Վիրաբույժը վստահ է, որ ընդամենը մի քանի տարի անց նմանատիպ վիրահատություններն արդեն կանցկացվեն բացառապես նվազագույն ինվազիվ տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչն էլ հնարավորություն կատա առավել բարենպաստ կանխատեսումներ անել հիվանդների կյանքի վերաբերյալ:

Եթե վիրահատությունը հակացուցված է

 Պրիվատդոցենտ, բ.գ.դ. Կատյա Ցիրլիկը՝ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի հեմատոլոգիայի և օնկոլոգիայի բաժանմունքի գլխավոր բժշկի տեղակալը, պատմում է կերակրափողի քաղցկեղի բուժման ալտերնատիվ մեթոդների մասին. «Հիվանդների մեծ մասի դեպքում բուժման վիրահատական տարբերակն անհնար է լինում ուռուցքի չափսերի կամ էլ օրգանի ֆունկցիոնալ առումով վիրահատման ենթակա չլինելու պատճառով: Այս դեպքերում առաջարկվում է համակարգային քիմիոթերապիա, ճառագայթում կամ էլ այդ երկու մեթոդների կոմբինացիան միաժամանակ: Պալիատիվ բուժման նպատակն է ախտանիշների մեղմումն ու հիվանդության բարդությունների դեմ պրոֆիլակտիկան: Ցավոք, միշտ չէ, որ հաջողվում է երկարացնել կերակրափողի մետաստատիկ քաղցկեղով հիվանդների կյանքը»:

Եթե ուռուցքը տարածվել է այն աստիճան, որ տեղի է ունեցել կերակրափողի տեղաշարժ կամ ճնշում, կարելի է ջանալ բարելավել հիվանդի կյանքի որակը, օրինակ, կերակրափողի ախտահարված հատվածի լայնացման նպատակով կիրառվող ստենտերի օգնությամբ կամ դրա տեղային ճառագայթմամբ՝ ուռուցքը փոքրացնելու նպատակով:

Կերակրափողի ուռուցքով հիվանդների օպտիմալ բուժման համար որոշիչ դեր է խաղում վիրաբույժների, օնկոլոգների, գաստրոէնտերոլոգների և ճառագայթային թերապիայի ոլորտի մասնագետների սերտ համագործակցությունը:

7777

Տեսանյութեր

Լրահոս