Կերակրափողի քաղցկեղի բուժման կոմբինացված մեթոդ

Կերակրափողի քաղցկեղը սողոսկում է օրգանիզմ բոլորովին աննկատ` իր մասին հազվադեպ իմաց տալով միայն կուլ տալիս որոշ գանգատների կամ էլ սնունդ ընդունելուց հետո թեթև այրոցի տեսքով: Հիվանդությունն ունի անբարենպաստ կանխատեսում, քանի որ ի հայտ է գալիս բավականին ուշ` արդեն բարդացած շրջանում:

Սակայն պատահում է, որ որոշ հիվանդների դեպքում դեռևս առկա է լինում առողջանալու հնարավորություն:

Այս շանսը հատկապես տրվում է վիրահատելի խնդիր ունեցող հիվանդներին վիրաբուժական նվազագույն ինվազիվ տեխնոլոգիաների անընդմեջ զարգացման շնորհիվ:
Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի վիրաբույժները պրակտիկայում հաջողությամբ կիրառում են կոմբինացված մի մեթոդ, որում համադրված են ինչպես բաց, այնպես էլ նվազագույն ինվազիվ վիրահատությունների բոլոր դրական կողմերը:

«Համադրելով այս երկու մեթոդները` մենք օպտիմալ կերպով կարողանում ենք օգտագործել դրանց բոլոր առավելությունները», – պարզաբանում է Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ընդհանուր և վիցերալ վիրաբուժության բաժանմունքի գլխավոր բժշկի տեղակալ պրիվատդոցենտ, բ.գ.դ. Յենս Հյոպպները:

Կարդացեք նաև

«Նվազագույն ինվազիվ մեթոդով կատարվող պրոցեդուրաների միջոցով մենք հասել ենք հետվիրահատական ցավերի և թոքերի վրա ընկնող ծանրության նվազեցմանը, իսկ բաց վիրահատության մեթոդով ապահովում ենք կերակրափողի վրա դրվող միացնող կարի հուսալիությունը»:

Վիրահատության էությունը կայանում է ախտահարված կերակրափողի և հարակից ավշային հանգույցների հեռացման և ստամոքսի որոշակի հատվածից պատրաստված նոր կերակրափողով փոխարինելու մեջ: Այս նպատակով ստամոքսն առանձնացվում է մոտ գտնվող ստրուկտուրաներից որովայնում բացված կտրվածքի միջով: Կրծքավանդակում բացված երկրորդ անցքով հեռացվում է կերակրափողը, իսկ ստամոքսը միացվում է կերակրափողի մնացած հատվածին:

«Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան պատկանում է Գերմանիայի այն հազվադեպ բուժհաստատությունների շարքին, որոնք մասնագիտացված են, այսպես կոչված, հիբրիդային տեխնոլոգիաների վրա», – ասում է Հյոպպները: Ստամոքսը վիրահատվում է «բանալու անցք» մեթոդով, իսկ կերակրափողի փոխարինումն իրականացվում է բաց վիրահատական միջամտությամբ:

«Նվազագույն ինվազիվ մեթոդը կիրառելիս փոքրանում է արնահոսության ռիսկը, հիվանդներն ավելի քիչ զավազրկողների կարիք են ունենում և վիրահատությունից հետո ավելի շուտ են ապաքինվում: Այնպիսի լուրջ բարդությունների առաջացման ռիսկը, ինչպիսիք են թոքաբորբը, թոքային անբավարարությունը, որոնք գրեթե միշտ անխուսափելի են բաց վիրահատություններից հետո, 40 տոկոսից նվազում է մինչև 20 տոկոս», բացատրում է վիրաբույժը:
Կերակրափողի ռեկոնստրուկցիայի բաց վիրահատության առավելությունը կայանում է կերակրափողը փոխարինող օրգանի և կերակրափողի մնացած հատվածի միջև միացման կարերի բարձր հուսալիության մեջ: «Բանալու անցք» վիրահատական մեթոդով իրականացվող կերակրափողի պլաստիկայի ժամանակ 9% դեպքերում կարերը կարող են լինել ոչ բավարար ամուր, իսկ բաց վիրահատությունների ժամանակ այս ռիսկը նվազում է մինչև 5%:

«Մենք մեծ փորձ ենք կուտակել. ամեն տարի մեզ մոտ անց է կացվում մոտ 40 նմանատիպ վիրահատություն»- նշում է Յենս Հյոպպները: Չնայած այն հանգամանքին, որ կերակրափողի ռեզեկցիան համարվում է վիսցերալ վիրաբուժության բնագավառում բարդագույն վիրահատություններից մեկը և բարդության առումով կարող է համեմատվել, ինչու չէ, սրտի տրանսպլանտացիայի հետ, այս մեթոդով վիրահատված հիվանդները դուրս են գրվում արդեն 10-14-րդ օրը վիրահատությունից հետո:

Սակայն վիրահատական միջամտությունն իմաստ ունի միայն այն դեպքում, եթե ուռուցքը դեռևս չի ներաճել այլ օրգաններ, և եթե չեն առաջացել հեռավոր մետաստազներ: Այնուամենայնիվ, եթե քաղցկեղն արդեն խորացել է, կարելի է փորձել փոքրացնել ուռուցքը քիմիոթերապիայի միջոցով:

Վիրահատությունն ինքնին բարդագույններից է, և օրգանիզմն այն բավական վատ է տանում, այդ իսկ պատճառով էլ սրտի և թոքերի լուրջ հիվանդություններ ունեցող հիվանդների դեպքում այսպիսի վիրահատության մասին խոսք անգամ լինել չի կարող: Բացի այդ, վիրահատման ենթակա հիվանդների 20% մոտ հնարավոր է անցկացնել միայն բաց վիրահատական միջամտություն:

«Եթե հիվանդն արդեն իսկ ունեցել է մի քանի վիրահատություններ և որովայնային խոռոչում ունի կպումներ կամ եթե կերակրափողի ռեկոնստրուկցիայի համար ստամոքսի փոխարեն անհրաժեշտ է կիրառել աղիներից որևէ հատված, ապա վիրահատությունը «բանալու անցք» մեթոդով դառնում է ուղղակի անհնար», – զգուշացնում է Հյոպպները:

Շարունակելի.

Կերակրափողի քաղցկեղ…
Ի՞նչ անել, եթե վիրահատությունը հակացուցված է …

7777

Տեսանյութեր

Լրահոս