
Կարելի է մեծ քանակով դոլար առնել, մտնել ռուսական շուկա, ապրանք առնել, ներկրել Հայաստան՝ շահած դուրս գալ. Խ. Հարությունյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, որ հայկական դրամի վայրիվերումները մեծ հաշվով կապված էին ռուսական ռուբլու արժեզրկման հետ:
Այսօրվա ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ Ռուսաստանում ռուսական ռուբլու արժեզրկման պրոցեսն արդեն 6-7 ամիս է տեղի ունենում, իսկ Հայաստանում այդպիսի ինտենսիվ արժեզրման պրոցես արձանագրվեց վերջին մի քանի օրերի ընթացքում:
Խոսելով դրամի արժեզրկման պատճառների մասին՝ Խ. Հարությունյանը պարզաբանեց, որ արտաքին շուկաներում պղնձի և մոլիբդենի գինը էապես անկում ապրեց, իսկ Հայաստան դոլար ներկրող հիմնական արտահանման ապրանքատեսակը հումքն է՝ պղինձ, մոլիբդեն.
«Այս ուղղությամբ էապես նվազեցին մուտքերը: Այսինքն՝ դոլարի անհրաժեշտ զանգվածը նվազեց: Դոլարի զանգվածը սեղմվեց նաև Ռուսաստանից տրանսֆերտների կրճատման պատճառով: Սրանք 2 շատ կարևոր գործոններ են, որոնք կարող են ազդել Հայաստանում դոլար-դրամ-կուրս հարաբերակցության վրա: Դոլարի պահանջարկը կտրուկ ավելացավ այս սպեկուլյատիվ գործարքների արդյունքում՝ այս նախատոնական պահին:
Ռուսաստանում ռուբլին արժեզրկվել է ավելի ինտենսիվ, քան գներն են աճել: Հետևաբար, կարելի է հիմա դոլար առնել մեծ քանակով, մտնել ռուսական շուկա, ապրանք առնել, ներկրել Հայաստան, ընդ որում՝ շահած դուրս գալ»:
Խ.Հարությունյանը չի մերժում ռուսական ռուբլու ազդեցությունը հայկական դրամի վայրիվերումների վրա, բայց կարծում է՝ սխալ է ասել՝ մեծ իմաստով և միայն դրանով պայմանավորել:
Ըստ նրա՝ այս պրոցեսը ինչ-որ մի տեղ կանգնելու է: