Փոլ Գոբլ. «Մոսկվան ուզում է, որ կաթսան շարունակի տաքանալ, բայց թույլ չի տա, որ այն սկսի եռալ»

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ռուսաստանյան դիրքորոշման մասին այսպիսի կարծիք ունի ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը: Այժմ նա պրոֆեսոր է Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտում: Երկար տարիներ Փոլ Գոբլն ուսումնասիրել է Եվրասիայի տարածաշրջանում ազգային և կրոնական խնդիրները: 1990-ական թթ. ԱՄՆ-ի Պետքարտուղարությունում զբաղեցրել է հատուկ խորհրդականի պաշտոնը:

Հենց այդ ժամանակ, երբ պատերազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում նոր-նոր թափ էին առնում, և հայկական ուժերը դեռ չէին էլ ազատագրել Շուշին և Լաչինը, Գոբլը գրեց մի հոդված, որը հետագայում հայտնի դարձավ «Գոբլի ծրագիր» անվանումով: Նա առաջարկում էր հարցը լուծել «տարածքային առևտրի» ճանապարհով, մասնավորապես` Մեղրին հանձնել Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի և Լաչինի տարածքների դիմաց: Այս տարբերակը խիստ բացասական գնահատականի արժանացավ հայ հանրության կողմից: Հայ քաղաքական գործիչները և դիվանագետները մինչ օրս հիշում են այդ ծրագիրը` որպես ղարաբաղյան հիմնահարցի լուծման ամենաանընդունելի տարբերակ:

«168 Ժամի» հետ հարցազրույցում խոսելով սրա մասին` Փոլ Գոբլը հայտարարեց, որ իր կարծիքով` «Գոբլի ծրագիրն» այլևս տեղ չունի հակամարտության կարգավորման գործընթացում, բայց ինքը մնում է այն համոզման, որ «այն ժամանակ դա լավ գաղափար էր, և կարող էր կասեցնել արյունահեղությունը»:

Ի դեպ, նկատենք` Փոլ Գոբլը նաև եղել է Բաքվի դիվանագիտական ակադեմիայի հետազոտությունների և հրապարակումների բաժնի ղեկավարը:

– Պարոն Գոբլ, երբ հետադարձ հայացք եք գցում այդ տարիների վրա, կարծում եք` կարո՞ղ էիք ավելի իրատեսական և ավելի ընդունելի տարբերակ առաջարկել հիմնախնդրի լուծմանն աջակցելու համար: Ղարաբաղյան հիմնահարցի լուծման ի՞նչ ուղիներ եք տեսնում այսօր:

– Այո՛, ես եմ 1992թ. հունվարին առաջարկել այն, ինչ հետագայում հայտնի դարձավ` որպես «Գոբլի ծրագիր»: Իմ հոդվածում ես հայտարարեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղիներից մեկն այն է, որ ընդունենք, որ խորհրդային պետությունների սահմանները գծել է Ստալինը` ավելի շատ ազգային խնդիրներ հրահրելու, քան թե դրանք լուծելու նպատակով, և, որ այդ սահմանները բազմիցս փոփոխվել են, և Բաքուն երբեք չի համաձայնի Ղարաբաղի` անկախ լինելուն կամ Հայաստանի մասը դառնալուն, քանի դեռ Հայաստանը պատրաստակամություն չի հայտնել ինչ-որ մի բան տալու Ղարաբաղի փոխարեն, տվյալ դեպքում` Զանգեզուրի ցամաքային միջանցքը: Ես հավատացած էի, որ արյունահեղության դադարեցումը և տեղահանվածների ու փախստականների վերադարձն իրենց տները այնքան կարևոր են, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կշահեն խաղաղությունից, և, որ ժամանակն է մտածել անհավանականի մասին և վերափոխել նրանց միջև սահմանները:

Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը հաջորդիվ հայտարարեցին, որ նախկին խորհրդային պետությունների վարչական սահմանները պետք է պահպանվեն, եթե դրանք վերածվում են միջազգային միջպետական սահմանների: ԱՄՆ-ը հայտարարեց այս մասին 1992թ. փետրվարի 6-ին: Այսինքն` որքան էլ թերի են սահմանները, դրանց փոփոխումը կարող է հանգեցնել լրջագույն հետևանքների: Այս տեսակետը կար այն ժամանակ և պահպանվում է մինչ օրս:
Այս և նաև այն պատճառով, որ ավելի քան 20 տարի է անցել, ես չեմ կարծում, որ «Գոբլի ծրագիրն» այսօր որևէ տեղ ունի կարգավորման գործընթացում, նույնիսկ այն դեպքում, երբ ես 1990-ականների վերջին փոփոխեցի այդ ծրագիրը, որպեսզի Հայաստանը ցամաքային կամուրջ ունենա Իրանի հետ` Նախիջևանի հյուսիս-արևմուտքի (Սարդարակի շրջանի) տարածքով:

Այդուհանդերձ, ես մնում եմ իմ համոզմանը, որ այն ժամանակ դա լավ գաղափար էր և կարող էր կանխել արյունահեղությունն ու մարդկանց տառապանքները: Դա ճանապարհ կբացեր Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու, այդ տարածաշրջանի բոլոր երկրների համար ավելի շատ անկախության, յուրաքանչյուր երկրում ավելի շատ ժողովրդավարության համար, որովհետև քաղաքական էլիտաներն այլևս չէին կարողանա հակամարտությունը ծառայեցնել իրենց շահերին, որպեսզի հրահրեն ազգայնական գաղափարախոսություն և արդարացնեն իրենց կողմից մարդկանց բռնաճնշումները:

Եթե ինչ-որ մեկը կարգավորումը սկսում է այն համոզմամբ, որ որևէ սահման չի կարող փոխվել բանակցություններում, ապա, ամենայն հավանականությամբ, դրանք կփոխվեն բռնության միջոցով: Բայց ի՞նչ պետք է անել հիմա: Ինձ թվում է` թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը հստակ շահագրգռված են հիմնախնդիրը լուծելու մեջ` անգամ հաշվի առնելով երկկողմ մակարդակով տարածքային ճշգրտումների բնույթը, որ ես առաջարկել եմ երկու տասնամյակ առաջ: Եթե երկու կողմերն էլ համաձայնեն, ապա միջազգային հանրությունն էլ կտա իր համաձայնությունը:

Եթե սահմանները չփոխվեն, ապա իրականությունն այն է, որ Ադրբեջանը, որն այս ժամանակահատվածում արդեն վերածվել է գրեթե մոնոէթնիկ հասարակության, կրկին կդառնա բազմազգ պետություն` հայկական հսկայական բնակչությամբ: Միջազգային հանրությունը վստահաբար կհայտարարի, որ իրավիճակը պետք է մանրամասն մոնիտորինգի ենթարկվի, ինչը շատ ադրբեջանցիներ վիրավորական կհամարեն: Եթե սահմանները չփոխվեն, Հայաստանը չի կարողանա հաղթահարել Մասադայի բարդույթը և այդպիսով ի վիճակի չի լինի հաշտության գալ առնվազն երկու հարևանների հետ, որովհետև հայերի համար միշտ էլ դժվար է ապրել թյուրքական պետությունների շրջապատում:

Իհարկե, լավագույն տարբերակն այն է, և դա կլիներ երկարատև լուծում, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները քաղաքացիական գիտակցության վերելք ապրեն, և ազգային պատկանելությունը ժողովուրդների համար ավելի քիչ կարևոր դառնա, քան այսօր է: Բայց դրա համար կպահանջվի մեկ կամ մի քանի սերունդ, որովհետև ազգությունն այս երկրներում պետականության և ազգային ինքնության հիմքն է: Ես շատ կուզենայի դա տեսնել, բայց վախենամ` դա տեղի ունենա ինձնից շատ տարիներ հետո: Ամենամեծ խնդիրն այն է, որ, ի թիվս Երևանի և Բաքվի ազգային էլիտաների որոշ ներկայացուցիչների, այս դրամայի առնվազն երկու խաղացողներ չեն ցանկանում, որ խնդիրը լուծվի:

Խոսքը Մոսկվայի և Ստեփանակերտի մասին է. Մոսկվան չի ցանկանում, որովհետև նա շահում է խնդրի չլուծված լինելուց, իսկ Ստեփանակերտը չի ուզենա, որ հիմնախնդիրը լուծվի, որովհետև հակամարտության ցանկացած կարգավորում, որը Լեռնային Ղարաբաղի համար նախատեսում է ավելի ցածր կարգավիճակ, քան ԼՂՀ-ի անկախության ճանաչումը, կհանգեցնի Ստեփանակերտի ղեկավարության իշխանության կորստին:

– Դուք ասացիք` Ադրբեջանը կրկին կդառնա բազմազգ պետություն` հայկական բնակչությամբ (ի դեպ, Ադրբեջանի բնակչությունն այսօր էլ միատարր չէ): Նկատի ունեք` Ադրբեջանը կփորձի խնդիրը լուծել ռազմական ճանապարհո՞վ և կփորձի բռնազավթե՞լ Ղարաբաղն ու Հայաստանը: Կարծում եք` դա իրատեսակա՞ն է: Ուզում եմ ասել` հակամարտության պատմությունը, կարծես թե, ճիշտ հակառակն է ցույց տալիս. երբ Ադրբեջանը գնում է այդ քայլին, կանգնում է սեփական պետականությունը կորցնելու վտանգի առջև: Չե՞ք կարծում, որ ժամանակն է խնդիրը լուծելու այլ տարբերակների մասին մտածել:

– Ո՛չ, ես նկատի ունեմ, որ եթե Ղարաբաղը վերադառնա Ադրբեջանի տիրապետության տակ, Ադրբեջանի բնակչությունն ավելի քիչ մոնոէթնիկ կլինի. այնտեղ կլինեն հսկայական թվով հայեր: Դա կփոխի երկիրը կառավարելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ դա այնքան էլ հեշտ գործ չի լինի` տարիներ շարունակ ադրբեջանական Ադրբեջան ստեղծելու քաղաքականություն իրականացնելուց հետո, հատկապես, եթե միջազգային հանրությունն ուշադրությամբ հետևում է հայկական փոքրամասնության նկատմամբ ամեն մի քայլին:

– Ղարաբաղյան հակամարտությունը տարածքների փոխանակման սկզբունքի հիման վրա լուծելու գաղափարը հետագայում դրվել է բանակցությունների սեղանին Քի Ուեսթում (2001 թ.), և այն ժամանակ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը տվել են իրենց նախնական համաձայնությունը, սակայն հետագայում պայմանագիրը չի ստորագրվել: Որքանո՞վ էր Քի Ուեսթի փաստաթուղթը համահունչ Ձեր առաջարկած ծրագրին, և ինչո՞ւ այն տապալվեց:

– Քի Ուեսթի գագաթաժողովում կողմերն ավելի մոտ էին հակամարտության կարգավորմանը, քան երբևէ: Որքան ես հասկանում եմ, սեղանին դրված փաստաթղթի կետերից շատերը չափազանց մոտ էին այն տարբերակին, որ ես էի առաջարկել մինչ այդ: Երկու կողմերը շատ մոտ էին խնդրի լուծմանը, որովհետև և՛ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, և՛ նախագահ Հեյդար Ալիևը միաժամանակ ավելի բարձր դասեցին նվիրվածությունն իրենց ժողովուրդներին, քան սեփական իշխանությունը, և, եթե չլիներ արտաքին միջամտությունը, հնարավոր կլիներ հասնել վերջնական համաձայնության:

Ցավոք սրտի, արտաքին ուժերը, առաջին հերթին` Մոսկվան, չցանկացան, որ խնդիրը լուծվի, որովհետև Ռուսաստանի կառավարությունը հասկացավ, որ այդ դեպքում ինքը կկորցնի իր գլխավոր լծակը Հարավային Կովկասի վրա և կբախվի տարածաշրջանում իր ազդեցությունը կորցնելու վտանգին:

Ես չեմ կարող գերագնահատել Ռուսաստանի բացասական դերակատարությունը: Թեև շատերը Հայաստանում և Ադրբեջանում արդեն մոռացել են, բայց պետք է հիշեցնեմ, որ Ռուսաստանը երբեք չի կարողացել վերահսկել Հյուսիսային Կովկասը, քանի դեռ չի վերահսկել Հարավը` ո՛չ ցարերը, ոչ խորհրդային, ո՛չ էլ ներկայիս իշխանությունները:

Հետևաբար, Մոսկվան, հանուն Հյուսիսային Կովկասում իր իշխանությունը պահելու, կշարունակի ամրապնդել իր դիրքերը Հարավում` ժողովուրդներին հանելով իրար դեմ: Եվ Մոսկվան դա կանի, որովհետև նա ուզում է միջանցք ունենալ դեպի Իրան ու Պարսից Ծոց և պահպանել պատը Կենտրոնական Ասիայի և Արևմուտքի միջև:

Եվ, ինչպես մի քանի տարի առաջ նկատել է Բաքվի մի իմաստուն դիտորդ, Հարավային Կովկասում Վրաստանը Մոսկվայի համար ճանապարհ է, Հայաստանը` գործիք, իսկ Ադրբեջանը` մրցանակ: Շատ հայեր մինչ օրս կարծում են, թե նրանք, Ռուսաստանից բացի, ուրիշ ոչ մի բարեկամ չունեն աշխարհում: Ավելի սխալ կարծիք դժվար է պատկերացնել` թե՛ բարեկամների բացակայության, թե՛ Ռուսաստանի օգնության իմաստով:

– Իսկ հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը որքանո՞վ կողմերին հեռացրեց վերջնական խաղաղության հաստատումից: Այսպիսի դեպքերը կարո՞ղ են ինչ-որ պահի հանգեցնել պատերազմի վերսկսման, և ո՞ւմ է, ի վերջո, ձեռնտու էսկալացիան Լեռնային Ղարաբաղում:

– Զինադադարի ռեժիմի շարունակական խախտումները գլխավոր պատճառն են, որպեսզի երկու կողմերը ձգտեն խաղաղության, ոչ թե պարզապես հրադադարի: Զինադադարի խախտման յուրաքանչյուր դեպք ունի պատերազմի վերսկսման պոտենցիալ, եթե այս կամ այն կողմը ցանկանում է դա օգտագործել պատերազմ հրահրելու նպատակով: Իսկ արտաքին դերակատարներից ամենաշատը Ռուսաստանն է շահագրգռված, որ թույլ տա, որպեսզի կաթսան շարունակի տաքանալ, բայց թույլ չտա, որ այն սկսի եռալ: Արևմուտքը, այսինքն` Եվրոպան և ԱՄՆ-ը, ցանկանում է կայուն ստատուս-քվո: Իրանը նույնպես վախենում է իրավիճակի ապակայունացումից, բայց Իրանի իշխանությունները նաև բավական պատրաստված են Հայաստանն Ադրբեջանի դեմ հանելու և հակառակ խաղին:

Հ.Գ. Փ. Գոբլի հետ հարցազրույցի երկրորդ մասը կարդացեք «168 Ժամի» հաջորդ համարում։

Տեսանյութեր

Լրահոս