
«Ալ-Քաիդայի» զինյալները սպառնում են մահապատժի ենթարկել ամերիկացի պատանդին

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ` «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության եմենյան թևի զինյալները սպառնացել են մահապատժի ենթարկել ամերիկացի պատանդ Լյուկ Սոմերսին: Զինյալները 33-ամյա տղամարդու տեսաուղերձը համացանցում հրապարակել են երեկ:
Դրանում Սոմերսը նշել է. «Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ ես գտնվում եմ գերության մեջ: Ինձ անհրաժեշտ է օգնություն, որպեսզի դուրս գամ այս իրավիճակից: Ես վտահ եմ, որ իմ կյանքը վտանգի մեջ է: Նստելով այստեղ` ես խնդրում եմ անել ինձ ազատելու համար հնարավոր ամեն բան: Խորին շնորհակալություն»:
Զինյալներն իրենց պահանջները կատարելու համար ԱՄՆ-ի իշխանություններին հատկացրել են 3 օր: Տեսանյութում չի նշվել, թե կոնկրետ ինչ պայմաններ են ներկայացրել նրանք:
Թերթի տվյալներով` ավելի վաղ ամերիկացի հատուկջոկատայինները փորձել են ազատել Սոմերսին, սակայն դա չի պսակվել հաջողությամբ: Լյուկ Սոմերսին Եմենի մայրաքաղաք Սանայի աշխույժ փողոցներից մեկում առևանգել են 2013 թվականի սեպտեմբերին: