Արևիկ Ուդումյան. «Մշտապես շրջապատված եմ եղել ինձ սիրող, իմ ամեն մի հայացքը հասկացող մարդկանով»
Հարցազրույց պրոդյուսեր, հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի հետ
Պրոդյուսեր և հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանի հայացքն օր օրի ավելի արևային է դառնում: Պատճառն այլևս գաղտնիք չէ՝ հաշվի առնելով, թե ինչ կայծակնային արագությամբ տարածվեց հաղորդավարուհու և նրա ընտրյալի՝ Արամ Վարդևանյանի նշանադրության լուրը: Նրա հետ զրույցի ընթացքում փորձեցինք պարզել, թե «ինչ սրտով» է պատրաստվում հաջորդ տարի արտասանել «հնազանդ եմ» խոստումը:
– Կարծում եք՝ հանրային մարդու համար պարտադի՞ր պայման է ամեն հարցում կատարյալի տպավորություն թողնելը: Ցանկանում եք բոլոր հարցերում գերազանցի՞կ լինել:
– Երբեք չեմ տառապել գերազանցիկի բարդույթով: Միայն այդ բառից ես ինձ վատ եմ զգում: Միշտ կարծել եմ, որ լրիվ գերազանցիկներն այդքան էլ հետաքրքիր չեն լինում: Եթե ասեմ, որ ինձ մոտ ամեն ինչ հեշտ է ստացվում՝ սուտ կլինի: Սակայն երբեք չեմ ձգտել ստեղծել ամենակարողի կերպար: Ուղղակի փորձում եմ անել այն ամենն, ինչն ինձ մոտ քիչ թե շատ լավ է ստացվում:
– Ձեզ հնարավո՞ր է տեսնել առանց շպարի:
– Իրականում շատ դժվար է սովորական օրերին ինձ տեսնել շպարով: Անգամ ընկերուհիներս երբեմն նախատում են՝ ասելով, որ չի կարելի «այդ աստիճան» առանց շպարի դուրս գալ հանրության մեջ: Նկարահանումներից դուրս ես գրեթե չեմ շպարվում: Նախ` շատ ափսոսում եմ մաշկս, երկրորդն էլ՝ հոգնում եմ դիմահարդարումից:
– Այսինքն՝ չունե՞ք «անընդհատ գեղեցիկ երևալու»` բազում կանանց, այն էլ՝ հանրային ոլորտի բարդույթը:
– Ամենևին: Գործի բերումով ես շարունակ ինչ-որ տեղ եմ շտապում: Իսկ այդ հարցում, այո, ես գերազանցիկ եմ. Հաստատ չեմ ուշանա հանդիպումից, ինչ է թե` չեմ հասցրել շպարվել: Ես կգնամ ճիշտ ժամին՝ թեկուզև չշպարված:
– Ունե՞ք բնավորության մի գիծ, որը Ձեզ շարունակ փորձությունների է ենթարկում:
– Մի բան ասեմ, որը երևի թե երբեք չեմ ասել: Ես միշտ ունենում եմ մի փոքր հուզմունք կարևոր խոսակցություններից, քննարկումներից առաջ, երբ որոշվում են կարևոր հարցեր, որոնք ոչ միայն ինձ են առնչվում: Պատասխանատվության զգացումից է այդ հուզմունքը, իհարկե: Բայց ամեն դեպքում` կարողանում եմ ինձ տիրապետել և խոսքս, միտքս ճիշտ ձևակերպել:
– «Դար 21»-ից` մինչև Հ1: Վատ կարիերա չէ: Համարո՞ւմ եք Ձեզ կարիերիստ: Եվ ինչո՞ւ են բոլորն այդքան վատ տրամադրված «կարիերիստ» բառի հանդեպ:
– Ինձ թվում է՝ մենք կարիերիստ տերմինին վատ ենք վերաբերվում, քանի որ կարծում ենք, որ կարիերիստ է այն մարդը, որն աշխատանքային ոլորտում բարձր արդյունքների հասնելու համար մի կողմ է դնում բոլոր մարդկային արժեքները: Եթե կարիերիստն այն մարդն է, ում համար առաջին տեղում աշխատանքն է և առաջին հինգ տեղում ևս աշխատանքն է, ուրեմն՝ ես կարիերիստ չեմ հաստատ: Բայց եթե կարիերիստ է այն մարդը, ում համար աշխատանքը կարևոր է՝ ինքնարտահայտման, ինքնադրսևորման և ինչ-որ մի լավ բան ստեղծելու համար, և նա այդ ամենին շատ լուրջ է վերաբերվում, այո՛, ես կարիերիստ եմ: Աշխատանքից դուրս շատ փափուկ եմ: Աշխատանքի ընթացքում էլ չունեմ այդ սառնությունը, որը բնորոշ է կարիերիստի մեր պատկերացմանը:
– Ասում են՝ եթե ուզում ես մարդուն ճանաչել, պետք է նրա հետ ճանապարհ անցնել: Դուք Սիրուշոյի հետ աշխատանքի բերումով բավականին երկար ճանապարհ անցաք: Ինչպիսի՞ն բացահայտեցիք ինքներդ Ձեզ և, իհարկե, Սիրուշոյին:
– Չորս տարի հանդիսացել եմ Սիրուշոյի մենեջերը: Երբ երկար տարիներ աշխատում ես որևէ արտիստի հետ՝ որպես մենեջեր, հասկանում ես, որ դու պետք է համբերատար լինես: Դա աշխատանք է, որը պահանջում է մաքսիմալ նվիրվածություն և համբերատարություն:
– Մենք սովորաբար համբերում ենք` հանուն ինչ-որ արժեքների կամ գոնե պարզապես ստույգ հիմնավորված պատճառների: Որո՞նք էին դրանք Ձեր պարագայում:
– Ես միշտ սիրում էի Սիրուշոյի գաղափարները, որոնք երբեմն անիրական էին ինձ թվում, բայց ժամանակն ամեն անգամ ապացուցում էր, որ այդ գաղափարներ, իրոք, ունիկալ էին: Հիմա այլևս չեմ աշխատում Սիրուշոյի հետ, սակայն մինչ օրս նա շատ կարևոր մարդ է ինձ համար: Եվ իր ցանկացած նորությունն ասես իմը լինի:
– Իսկ ինչո՞ւ ընդհատվեց Ձեր համագործակցությունը Սիրուշոյի հետ:
– Պարզապես անհնար էր դառնում համադրելը իմ աշխատանքը հեռուստատեսությունում և մենեջերի իմ գործունեությունը։
– Միգուցե որոշեցիք ունենալ Ձե՞րը: Նախագիծ, որտեղ առաջին պլանում Դո՞ւք եք:
– Այստեղ մեծ դեր խաղաց իմ սերը դեպի հեռուստատեսություն: Հեռուստատեսությունը միայն այն չէ, ինչ հեռուստադիտողը տեսնում է էկրանից: Եթե չլինի կադրից դուրս աշխատող հսկայական թիմը, որևէ նախագիծ առհասարակ չի կարող իրագործվել:
«Մեր մեջ ասած», հաղորդումը ևս բացառություն չէ՝ մանավանդ, որ այն ամենօրյա է: Ես որպես հաղորդման պրոդյուսեր` մասնակցում եմ յուրաքանչյուր թողարկման բոլոր փուլերին՝ հերոսներ գտնել, բացահայտել, նկարահանում, մոնտաժգ
– Այսինքն՝ շպարվել և ընթերցել նախօրոք Ձեզ համար գրված սցենարըգ դա չէ՞ Ձեր աշխատանքը հեռուստատեսությունում:
– Իհա՛րկե ոչ: Ինչպե՞ս կարող է այդպես լինել, եթե ես հաղորդման պրոդյուսերն եմ: Ես երբեք չեմ սիրել գալ, պարզապես նստել տեսախցիկի առաջ և ժպտալ: Իմ, վախենում եմ այդ բառից, բայց, երկարատև, փորձը հեռուստատեսությունում տալիս է ինձ հնարավորություն` գնահատելու հաղորդում ստեղծելու յուրաքանչյուր փուլի դժվարություններն ու հաջողության բերկրանքը: Առհասարակ ինձ ավելի շատ դուր է գալիս հեռուստատեսային պրոդուկտ ստեղծելը, այլ ոչ թե պարզապես կադրում լինելը:
– Ուզում եք ասել՝ չե՞ք սիրում լինել կադրում:
– Ես նման բան չասացի: Ավելին՝ մարդկության մեծամասնության նման, ես էլ եմ սիրում հաճախ լինել ուշադրության կենտրոնում:
– Դա արդարացո՞ւմ է՝ ասել՝ «Ես սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում, որովհետև բոլորն են սիրում դա»:
– Ես չեմ արդարանում այդ բացատրությամբ: Պարզապես, իրոք, վստահ եմ, որ մարդն իր տեսակով սիրում է լինել ուշադրության կենտրոնում: Երևի շատ քիչ մարդիկ կան, ում համար կյանքն ու առհասարակ իրենք իրենց համար այնքան անհետաքրքիր են, որ միևնույն է՝ իրենց կնկատե՞ն երբևէ, թե՞ ոչ: Կարծում եմ, նրանք կյանքի հանդեպ անտարբեր վերաբերմունք ունեցող մարդիկ են: Բայց ասեմ, որ երբեք այդ ուշադրություն ասվածին հիվանդագին չեմ մոտեցել: Ես դրանից կախում չունեմ:
– Վստա՞հ եք:
– Վստահ եմ, քանի որ ինձ փոքրուց այնքան սեր են տվել տանը, դպրոցումգ Դեռ մանկուց սիրված երեխա եմ եղել: Ես կոփված եմ սիրով և ուադրությամբ: Հաճախ եմ լսել, երբ մարդիկ ասում են հետևյալ արտահայտությունը. «Այդ պահին ես հասկացա, որ մենակ եմ այս աշխարհում՝ իմ տխրության, իմ վշտի հետ»: Ես նման զգացողություն երբեք չեմ ունեցել, քանի որ մշտապես շրջապատված եմ եղել ինձ սիրող, իմ ամեն մի հայացքը հասկացող մարդկանցով: Երբևէ այդ մենության զգացումը չեմ ունեցել:
– Նշանադրությանդ լուրը շատ ավելի արագ տարածվեց, քան մատանիդ կհասցներ հայտնվել մատիդ: Դուք ինչ-որ կերպ նպաստե՞լ եք այդ լուրի տարածմանը:
– Ոչ, ճիշտն ասած` մատանին՝ արդեն 10 օր մատիս էր, երբ լուրը տարածվեց: Նշանադրությունը եղել էր գաղտնի. միայն հարազատներով էինք հավաքված: Բայց, երբ նշանածս՝ Արամը, իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մեր նշանադրությունից մի լուսանկար, սկսեցին հնչել զանգեր լրագրողներից: Մի փոքր երկակի է այդ ուշադրությունը: Այդ աստիճան ուշադրությունը երբեմն վախեցնող է լինում:
– Աչքով կտա՞ն:
– Վախեցնող է, քանի որ կան բաներ, որոնք շատ անձնական են: Որքանով էլ ուշադրությունը բարի և դրական լինի, միևնույն է՝ ուզում ես, որ այդ ամենը միայն քոնը լինի: Եթե նկատել եք՝ համացանցում տեղադրված ամենաբարի լուրի տակ անգամ, գտնվում են մարդիկ, ովքեր պարտադիր ինչ-որ բացասական բան են գտնում այդ ամենի մեջ: Եվ այս պարագայում ինձ, իրոք, ուրախացրեց այն հանգամանքը, որ անգամ անծանոթ մարդիկ ինձ և Արամին երջանկություն էին մաղթում:
– Ձեզ պատկերացնո՞ւմ եք հնազանդ «օջախի կնոջ» դերում: Ի՞նչ սրտով եք եկեղեցում արտասանելու «հնազանդ» եմ խոստումը:
– Ճիշտն ասած՝ միշտ մտավախությամբ եմ վերաբերվել այդ արտահայտությանը: Մինչ վերջերս էլ կարծում էի, թե 21-րդ դարում ի՞նչ կարիք կա նման խոստովանություն տալու… Հիմա այլևս այդպես չեմ մտածում, որովհետև Արամի հետ այլ կերպ լինել չի կարող: Նրա հետ ավելի հնազանդ եմ, քան երբևէ կարող էի ինձ պատկերացնել:
– Թյուր կարծիք կա, որ հնազանդ լինել հնարավոր է միայն, եթե դու խոհանոցից դուրս չես գալիս: Ձեզ համար ի՞նչ է հնազանդ լինելը:
– Հաստատ խոհանոցը չէ: Ինձ համար հնազանդ լինելն առհասարակ մի քիչ բարդ է: Քանի որ տեսակով սովոր եմ ինքնարտահայտվել, իմն առաջ տանել… Տանն էլ են դա ողջունել: Արամի հետ հնազանդ լինելը դա այն է, երբ լինում են դեպքեր, երբ ըստ նրա՝ թեման փակ է կամ հենց այսպես է, և վերջ: Սկզբում մեջս եռում էր, թե ինչպե՞ս թե՝ թեման փակ է կամ այլ կերպ լինել չի կարող… Բա իմ ասածն ո՞ւր կորավ…
– Դրանք դեռ ծաղիկներն են:
– Բայց, երբ քո կողքին մեկն է՝ հանուն որի, այո, կարելի է թեման փակել և սեփական ես-ն առաջ չտանել, ուրեմն կարելի է և հնազանդ լինել: Եվ զարմանալին այն է, որ հետագայում պարզվում է, որ նա էր ճիշտ: Այնպես որ, այդ բառից այլևս չեմ վախենում: