Բաժիններ՝

Շահեն Պետրոսյան. Վերականգվում է Սովետական միության հին պատկերը

Հայաստանի ավիացիոն շուկայում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ռուսական ընկերությունները շուտով կարող են ամբողջությամբ նվաճել Հայաստանի ավիացիոն շուկան: Այսօրվա ասուլիսում այսպիսի հայտարարուն արեց ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

Ըստ նրա` այդ զարգացումն ամբողջությամբ տեղավորվում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի տրամաբանության մեջ:

Իսկ ստեղծված իրավիճակի պատճառը, Շահեն Պետրոսյանի կարծիքով, մեկ տարի առաջ ՀՀ կառավարության` Հայաստանի օդային տարածքը ազատ թռիչքային գոտի դարձնելու կամ «բաց երկնքի» քաղաքականությունն է:

«Ավիացիան, հատկապես մեր երկրի համար, այն ոլորտը չէ, որ կարողանանք լիարժեք ազատականացնել: Ավիացիան առաջին հերթին անվտանգություն է: Դա նույնն է, որ մենք ազատականացնենք Ազգային անվտանգության ծառայությունը ազատականացնենք`մասնավոր դարձնենք»,- ասաց Շահեն Պետրոսյանը:

Այս համատեքստում նա հիշեցրեց, որ ժամանակին Հայկական ավիաուղիները սնանկացվել են արհեստականորեն, որպեսզի շուկան հանձնվի «Արմավիա» ընկերությանը: Իսկ «Արմավիա» ընկերությունը, հիշեցնենք, իր սնանկացման մասին հայտարարեց 2013 թ. ապրիլին, որից հետո կառավարությունը որոշեց վերացնել մենաշնորհը և  ազատականացնել դաշտը:

Շահեն Պետրոսյանի մեկնաբանությամբ` «Արմավիայի» սնանկացումըշատ նման է Ռոբերտ Քոչարյանի օրոք իրականացված «գույք` պարտքի դիմաց» հայտնի գործարքին, որի հետևանքով Հայաստանի կարևորագույն ռազմավարական օբյեկտները հանձնվեցին օտարներին, ավելի կոնկրետ` Ռուսաստանին:

««Բաց երկնքի» քաղաքականությունը սիմետրիկ հասկացողություն է. չի կարող միակողմանի լինել: Եթե միակողմանի հայտարարում ես «բաց երկնքի» քաղաքականություն, դու դառնում ես, ներեցեք այս խոսքի համար, «проходной двор» ամեն մի արկածախնդրի համար, դու պարզապես կորցնում ես քո ունեցվածքը»,- հայտարարեց բանախոսը:

Անդրադառնալով ՄաքՔինզի  խորհրդատվական ընկերության` Հայաստանի ավիացիոն շուկայում կատարած ուսումնասիրությանը` Շահեն Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ  դա Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) և Համաշխարհային բանկի լոբբիստական պատվերն է եղել. «Իմ կարծիքով` դրա մեջքին կանգնած են IMF-ը և Համաշխարհային բանկը: Նրանք են պարտադրել: Թե ինչ լոբբիստական աշխատանք է գնացել և ում է ձեռնտու, չեմ կարող ասել, բայց մեր երկրում ընդունված ցանկացած որոշում ընդունվում է ոչ թե ի նպաստ հանրության, այլ ի նպաստ մի անձի կամ կլանի»:

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը շեշտեց, որ ինքն ապացույցներ չունի, բայց ունի տեղեկություններ բարձրաստիճան պաշտոնյաներից:

Ուշագրավ է այն, որ թեև նախկին պաշտոնյան կարծում է, որ այս ամենի թիկունքում կանգնած են IMF-ն ու Համաշխարհային բանկը, բայց միաժամանակ նա ավելացնում է` փաստորեն, այնպես է ստացվել, որ ներկայիս վիճակից ամենաշատը կարող են օգտվել ռուսական ընկերությունները, և չպետք է զարմանալ, եթե Ռուսաստանի «Աերոֆլոտ» ավիաընկերությունը շուտով նվաճի մեր շուկան:

«Քանի որ մենք ավելի շատ ռուսական ազդեցության տակ ենք, իրենք ավելի շուտ ոտք դրեցին նա այս ոլորտի մեջ,- ասում է Շահեն Պետրոսյանը: – Չեխական ավիաընկերությունն արդեն հրաժարվել է, «Ալիտալիան» արդեն հրաժարվել է, «Էյր Ֆրանսը» շաբաթական 6 չվերթները դարձրել է 2 և այլն: Ես չգիտեմ` ինչու են եվրոպական ընկերությունները կրճատել իրենց հաճախականությունը, գուցե դա ուղղակի կոմերցիոն խնդիր է, բայց որ մեր ամբողջ ուղեվորափոխադրող հոսքերն այսուհետ գնալու են ոչ թե Փարիզի, Ամստերդամի, Ֆրանկֆուրտի կամ Վիեննայի օդանավակայաններից, այլ գնալու են Մոսկվայի միջոցով, ակնհայտ է: Այսինքն` վերականգվում է Սովետական միության հին պատկերը: Այս ամենը սկսվել է անցյալ տարվա սեպտեմբերի 3-ից հետո: Ես չգիտեմ` Եվրասիական տնտեսական միությունը կիրականանա, թե ոչ, բայց դա շատ վտանգավոր է Հայաստանի համար: Մենք կորցնում ենք ոլորտ ոլորտի ետևից, մենք դառնում ենք նույն Սովետական միությունը, որտեղ պաստառներով և կարմիր վզկապներով պետք է ամբողջ օրը շքերթներ անցկացնենք և, միգուցե, Լենինի արձանն էլ վերականգնենք»:

Իրավիճակը փրկելու համար Շահեն Պետրոսյանը առաջարկում է կառավարությանը առաջին հերթին աուդիտ անցկացնել և պարզել, թե ինչու սնանկացան Հայկական ավիաուղիները և «Արմավիան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս