«Այս վիճակում պետք է գլուխներս բռնենք, որ քանդվելուց մի բան գլխներիս չընկնի»
«Ես հասկանում եմ, որ հատկապես 21-որդ դարում ամբողջ աշխարհն իրար է անցել, կատարվում են մեզ համար ոչ ցանկալի զարգացումներ, այս պարագայում մեկուսացված գտնվելը, ըստ էության, բացառված է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու մասին, ասաց ԲՀԿ-ական տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Վ.Բոստանջյանը նկատեց, որ ՀՀ-ն, իր կամքից անկախ, չունենալով այլընտրանք, հանգրվանել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ըստ նրա՝ այս պարագայում մենք պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել մեր երկրի, մեր ազգային շահերից ելնելով:
«Ես ուզում եմ ենթադրել, որ գոնե մեր օգուտը պետք է լինի այն, որ մենք կարողանանք ավելի առաջավոր լինելու, ավելի մեծ գործ անելու պարագայում ունենալ ներդրումներ, ներդրումներով պայմանավորված՝ աշխատատեղեր, աշխատատեղերով՝ ունենանք եկամուտների հնարավոր, մաքսիմալ բարձրացում և այլն»:
Սակայն տնտեսագետ Բագրատ Ասատրյանը կարծում է՝ այս բոլորն իրականությունից դուրս է, որովհետև Ռուսաստանն այսօր «տալիք» չունի. «Ես մնում եմ իմ հայացքների տերը, բայց նաև հասկանում եմ, որ լինում են քաղաքական իրավիճակներ, երբ վճիռներ պետք է կայացվեն: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ Հայաստանում… Ուկրաինայի օրինակը… Այս ամեն ինչը հասկանալի է, բայց այս վիճակում երկիրը պետք է ձգտի՝ ինչ-որ շահեկան բաներ ստանա: Ամենապարզ օրինակը՝ Ռուսաստան-Բելառուս՝ համարյա միասնական պետություն էր: Տեսեք՝ Բելառուսն ինչ կեցվածք է այսօր ընդունել, ուղղակի հիացմունքի առարկա է: Անգամ արևմտյան շատ ու շատ երկրներ Ղրիմի անեքսիան ընդունեցին, համակերպվեցին: Բելառուսը չընդունեց և հրապարակավ դա անում է: Ռուսները մեղադրում էին, ասում՝ Լուկաշենկոն պրոուկրաինական դիրք է բռնել, բայց նա շատ պարզ պատասխանեց՝ ոչ, ես պրոբելառուսական դիրք եմ բռնել: Հայաստանի իշխանություններին պետք է նախևառաջ պրոհայկական դիրք ունենալ: Այնքան են նվիրվել Ռուսաստանին… եթե մի խնդիր դնես Ռուսաստանի հետ կապված՝ կոչնչոցնեն քեզ, բայց իրողություններ կան, Ռուսաստանն այսօր կարող է շատ է ուզում, բայց տալիք չունի, հնարավորություն չունի: Ֆինանսապես Ռուսաստանը քայքայման եզրին է, օր օրի Ռուսաստանի վիճակը վատանում է»:
Բ. Ասատրյանի խոսքով՝ էլի գալու է հունվարը, 10 օր ամբողջ ժողովրդին ուղարկելու են «իբր» հանգստանալու. «Իրականում, դա գիտե՞ք ինչի համար է, որ չինովնիկն իր կնոջ հետ գնա արձակուրդ, մենք բոլորս երկարատև արձակուրդի մեջ ենք: Չենք կարող մենք՝ այսպիսի վատ վիճակում գտնվողներս, նման շռայլություն թույլ տանք մեզ»:
Հարցին՝ Ռուսաստանը դուրս կգա՞ այս իրավիճակից, Վ.Բոստանջյանը պատասխանեց, որ բոլոր դեպքերում մենք պետք է ցանկանանք, որ Ռուսաստանը դուրս գա այս իրավիճակից. «Ուզում են միաբևեռ կառավարում: Միաբևեռ կառավարման դեպքում, կարծում եմ, կայունությունը կկորի, և մոլորակը կկործանվի: Հակազդող պետք է լինի: Արևմուտքին հակազդող ուժը Ռուսաստանն է: Մենք պետք է ցանկանանք, որ Ռուսաստանը ուժեղանա: Հակառակ դեպքում՝ ամբողջ մոլորակի կայունությունը կկորի»:
Բ.Աստարյանն էլ նշեց, որ ինքը, միանշանակ, կայունության կողմնակից է, որովհետև մի անգամ արդեն Հայաստանը կորցրել է՝ Ռուսական կայսրության կործանումից.
«Ընդամենը 100 տարի առաջ՝ Առաջին աշխարհամարտից հետո, երբ կործանվեց ռուսական կայսրությունը, ամենաշատ կորցրած ազգը Հայաստանն էր: Դա չմոռաննաք, և ցանկացած կործանում մեզ վրա շատ վատ կանդրադառնա: Պետք է այս վիճակում գլուխներս բռնենք, որ քանդվելուց մի բան գլխներիս չընկնի: Բայց, ամեն դեպքում, մեզ պետք են կոմպրոմիսներ, համաձայնություններ»: