
Հրաչուհի Ութմազյան. «Միջին լինելն ու միջակությունն ինձ համար չէ, ես սիրում եմ հաղթել»

Հարցազրույց «Cosmopolitan Հայաստան» ամսագրի գլխավոր խմբագիր, «Սպիտակ անկյուն» հաղորդման հաղորդավարուհի, ասմունքող Հրաչուհի Ութմազյանի հետ
Հրաչուհին միաժամանակ մի քանի աշխատանքներով է զբաղվում. արդյո՞ք նրա մոտ օրն ունի ոչ թե 24, այլ 48 ժամ: Նրա հետ զրույցի առաջին իսկ րոպեներից ակնհայտ է դառնում, որ այդ ամենն իրականացնելու համար պետք է միայն հստակ գիտակցում, որ դա քո ընտրած ուղին է: Իսկ այդ ուղին ամեն օր շիտակ անցնելու համար պետք է գնահատել յուրաքանչյուր րոպեն:
«Պետք է ճիշտ օգտագործել յուրաքանչյուր րոպեն, եթե ուզում ես, որ կյանքդ անիմաստ չանցնի: Եթե ես այլ կերպ վարվեմ և ցիրուցան անեմ ժամանակս, ոչինչ չեմ հասցնի: Իսկ իմ անելիքները շատ են»,- ասում է Հրաչուհին:
– Դա միայն գործի բերումո՞վ է, թե՞ բնավորության գիծ, մարդկային տեսակ:
– Դա մարդկային տեսակ է: Միշտ եմ այդպիսին եղել՝ դեռ մանկուց:
– Կարծում եք՝ նման ապրելաոճ հնարավո՞ր է հրամցնել երեխային: Հնարավո՞ր է այդպիսի երեխա դաստիարակել:
– Առհասարակ, հայրս մի լավ խոսք ունի: Նա ասում է. «Ես չեմ հասկանում՝ ի՞նչ ասել է՝ երեխայի դաստիարակություն: Երեխան ինչ տեսնում` դա էլ սովորում է: Պարզապես պետք է ճիշտ օրինակ ծառայել երեխային»: Ես միշտ տեսել եմ, թե ինչպես է մայրս ամեն ինչ հասցնում, թե ինչպես է կարողանում ամեն ինչ այնպես կազմակերպել, որ ամեն ինչն իր ժամանակին՝ իր տեղում լինի: Դեռ մանկուց շատ զբաղված երեխա եմ եղել՝ 7 տարի լողի եմ հաճախել, 9 տարի երաժշտական դպրոց՝ նվագել եմ երկու գործիքի վրա:
– Ձեզ փորձել են մաքսիմալ «իրագործել»:
– Մաքսիմալ: 8 տարեկանից մեկնել եմ հյուրախաղերի: Իսկ դա նշանակում է՝ հաճախակի բացակայություններ դասերից: Իսկ դա իր հերթին՝ նշանակում է կրկնակի լարվածություն՝ դասերից հետ չմնալու և ամեն ինչ հասցնելու համար:
– Ամեն հարցում գերազանցիկի տպավորություն եք թողնում: Դա Ձեզ մոտ արդեն կյանքի նպատա՞կ է դարձել:
– Ես գերազանցիկ չեմ իմ էությամբ: Եթե էությամբ «գերազանցիկ» լինեի, ինձ չէի սիրի այդպիսին: Գերազանցիկությունն իմ տեսակի հետ կապ չունի:
– Սակայն թե՛ եթերում, թե՛ բեմում, թե՛ աշխատանքի վայրում՝ ամեն տեղ փորձում եք լինել առաջինը: Դա հնարավո՞ր է ինքնաբերաբար, թե՞ դրա համար հատուկ ջանքեր են հարկավոր:
– Ոչ թե ես պետք է ամեն տեղ լինեմ առաջինը, այլ պարզապես, եթե ինչ-որ բան եմ անում, ուրեմն պետք է անեմ լավագույնս: Լավ անելով՝ կլինե՞մ առաջինը, թե՞ ինձանից ավելի լավ անող էլ կլինի՝ դա արդեն հարցի երկրորդ կողմն է: Կարծում եմ՝ կա՛մ մարդ պետք է անի այդպես, կա՛մ առհասարակ պետք է չանի: Միջին լինելն ու միջակությունն ինձ համար չէ: Ես սիրում եմ հաղթել:
– Դա Ձեզ չի՞ խանգարում կյանքում: Երբ դիմացինի մեջ չեք տեսնում այդ նույն հատկությունները, նա վանո՞ւմ է Ձեզ: Թեկուզ անձնական հարցերում:
– Ես ուզում եմ, որ իմ կողքին էլ լինի հաղթող: Այո՛, ես կայացած եմ, այո՛, ես այսպիսին եմ, այո՛, իմ պահանջները դիմացինից բարձր են… Բայց նորից եմ կրկնում՝ ես միջին չեմ ընդունում: Իմ ընկերներն էլ են իմ պես հաղթող:
– Ունե՞ք սխալներ, որոնք կյանքի ընթացքում պարբերաբար կրկնում եք:
– Ես դա սխալ չեմ համարում: Դա իմ մարդկային տեսակն է. ես շատ նվիրվող մարդ եմ: Նվիրվում եմ այն ամենին և այն մարդկանց, ում իմն եմ համարում: Գուցե լինում են դեպքեր, երբ ցավ եմ ապրում, բայց դա իմ սխալը չէ, դա իմ տեսակն է: Եվ ես չեմ հրաժարվելու դրանից:
– Ովքե՞ր են մարդիկ, որոնց Դուք Ձերն եք համարում:
– Դրանք իմ ընկերներն են, իմ տեսակի մարդիկ, որոնց կողքին ես կարող եմ պարզապես նստել ու լռել, և ազատվել իմ բոլոր բացասական էմոցիաներից, ապրումներից: Իսկ հետո նաև լցվել դրական լիցքերով և սկսել նոր օրը նոր ուժով: Մարդիկ են, ում հետ ես կիսում եմ իմ երջանիկ ապրումները: Մարդիկ, ովքեր նայում են ինձ հետ մի ուղղությամբ:
– Որքանո՞վ է բարդ շփվել Ձեզ հետ այն մարդկանց համար, ովքեր Ձեր տեսակին չեն պատկանում:
– Չեմ կարող ասել: Ես առաջնահերթ պահանջկոտ եմ ինքս իմ նկատմամբ: Երբեմն պահանջկոտ եմ նաև ինձ շրջապատող մարդկանց հանդեպ: Բայց եթե այդպիսին չլինեմ, չեմ ստանա ցանկալի արդյունք: Ինձ թվում է, որ ինձ հետ աշխատելն ավելի շատ հեշտ է, քան՝ դժվար:
– Ձեր բնավորության պատճառով, տարիների հետ չե՞ք կորցրել որոշ մարդկանց:
– Շատ հետաքրքիր է. այդ թեմայով հենց այսօր ընկերուհուս հետ էի խոսում: Եվ մենք եկանք այն եզրակացության, որ շատ քիչ մարդիկ են հեռացել, շփման իմաստով, իմ շրջապատից՝ այդ նույն տարիների ընթացքում: Նշանակում է՝ ճիշտ մարդկանցով եմ շրջապատված եղել միշտ:
– «Սպիտակ անկյուն» հաղորդումն արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողների կողմից: Ի՞նչ է Ձեզ համար «սպիտակ անկյուն» արտահայտությունն առհասարակ:
– Ամեն մարդ իր հոգում ունի իր սպիտակ անկյունը, որը միմիայն իրենն է: Այդ անկյունում իր մտքերն են, իր հույզերը, իր ապրումները, որոնց մասին միայն ինքը գիտի, և որոնք միայն իրենն են: Ու հավատացեք, հենց այդ տաղավարը, որտեղ ես մտնում եմ ամեն հաղորդման ժամանակ, հենց այն սպիտակ անկյունն է, որն իմն է:
– Դո՞ւք եք հաղորդման հեղինակը:
– Հաղորդման հեղինակը պրոդյուսեր Սերինե Ղազարյանն է: Հաղորդման վրա աշխատում է մարդկանց մի խումբ, ովքեր մեծ սիրով են անում իրենց աշխատանքը: Արդյունքն այն է, ինչ երևում է եթերում:
– Ի՞նչ չափորոշիչներով եք ընտրում հաղորդման հյուրերին:
– Հաղորդման հյուր կարող են լինել մարդիկ, ովքեր իրենց կյանքում ինչ-որ մի բանի հասել են: Ովքեր պատրաստ են խոսելու իրենց հոգու սպիտակ անկյան մասին: Հանրությանը հետաքրքիր մարդիկ:
– Եղե՞լ է՝ հրավիրեն մեկին, ում Դուք հարց չունեք ուղղելու:
– Ոչ, նման բան չի պատահել: Եվ բացի այդ՝ ես ևս մասնակցում եմ այդ գործընթացին:
– Ինչպիսի՞ն պետք է լինի հարցադրումը կամ տրամադրությունը, որ զրուցակիցդ կամենա բացել իր հոգին:
– Այնպիսին, ինչպիսին որ հնչում են մեր հաղորդման շրջանակներում: Հավատացեք, ինձ մոտ դա ստացվում է շատ ինքնաբերաբար: Ես ինքս ինձ եմ բացահայտում «Սպիտակ անկյունում»: Չգիտեմ՝ ինչպես, միգուցե՝ ենթագիտակցաբար, բայց այդ վիճակին ինքս եկա հենց այն պահին, երբ առաջին անգամ տեսա տաղավարն ու մտա նկարահանման: Իմ հյուրին ուղղում եմ այն նույն հարցերը, որոնք ինքս ինձ եմ տալիս կամ տվել ինչ-որ մի ժամանակ: Ես ինչ էլ անում եմ՝ սկզբից իմ միջով եմ անցկացնում:
– Դուք արդեն երկար տարիներ ճանաչում եք Ձեր հաղորդմանը հյուր եկած գրեթե բոլոր հյուրերին: Սակայն եղե՞լ են դեպքեր, որ զարմանաք, թե ինչպես բացահայտեցիք մարդուն նորովի, ում վաղուց ճանաչում էիք:
– Այո, իրոք, նման զգացողություններ լինում են գրեթե յուրաքանչյուր հաղորդման ավարտին: Իմ հյուրերն անկեղծանում են ինձ հետ՝ նորովի, յուրովի… Արցունքները բավականին հաճախ են լինում մեր հաղորդման հյուրերի աչքերին: Բայց ես դա դիտավորյալ չեմ անում: Կարծում եմ՝ ընդհանուր հաղորդման մթնոլորտից է գալիս:
– Ի՞նչն է Ձեզ խանգարում ստեղծելու անձնական կյանք:
– Ոչինչ: Ամենաթյուր կարծիքն է, թե զբաղվածության պատճառով մարդ չի կարողանում ստեղծել իր անձնական կյանքը: Նման բան չկա: Ամեն մեկիս համար գրված է մի պատմություն, մի գիրք: Ամեն մեկս հանդիպում ենք մեր կեսին այն ժամանակ, երբ պետք է հանդիպենք: Ամեն մեկն իր երջանկությանը, անձնական հաջողությանը հանդիպում է այն ժամանակ, երբ իսկապես պատրաստ է: Շատ անգամ մեր կյանքում հանդիպում են մարդիկ, ովքեր, թվում է՝ պետք է լինեն մեր կողքին միշտ, ովքեր, թվում է՝ ամենաճիշտն են, սակայն ինչ-ինչ պատճառներով նրանք հեռանում են: Մենք այդ ժամանակ վշտանում ենք, սրտնեղում, սակայն ժամանակն անցնում է, և մի փոքր համբերության պարագայում մենք հասկանում ենք, որ այդպես էլ պետք է լիներ, որ դա էր կյանքի ճիշտ ուղին:
– Միգուցե այդպես մենք պարզապես սփոփո՞ւմ ենք մեզ, արդարացնում անհաջողությունը, վիշտը:
– Բացարձակապես՝ ոչ: Ես իմ 28 տարիների ընթացքում ամեն օր համոզվում եմ դրանում: Մարդը, ով հեռանում է քո կյանքից և պիտի հետ գա՝ գալու է՝ ինչ էլ որ լինի: Եվ նմանապես՝ եթե չես կարող պահել նրան քո կողքին, ինչ ուզում ես՝ արա, միևնույն է՝ չես պահի:
– Ձեր կյանքում եղե՞լ է շրջան, որ, այսպես ասած՝ «քիչ էր մնում» ամուսնանայիք:
– Եղել է:
– Զգացե՞լ եք, որ սիրում եք լինել ուշադրության կենտրոնում:
– Այո, սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում: Կարծում եմ՝ չկա այդպիսի կին, ով չի սիրում լինել ուշադրության կենտրոնում: Բայց դա չի նշանակում, որ ես պետք է անեմ հատուկ բաներ՝ ուշադրության կենտրոնում լինելու համար: Իմ կյանքում դասավորվել է այնպես, որ ես միշտ ուշադրության կենտրոնում եմ՝ աշխատանքի բերումով:
– Պատրաս՞տ եք չլինել ուշադրության կենտրոնում:
– Նայած՝ հանուն ինչի:
– Ասում են՝ դա վիրուսի պես մի բան է:
– Մենք՝ հանրային մարդիկս, պետք է հասկանանք, որ ուշադրության կենտրոնում լինելը մեր գործունեության անբաժանելի մասն է, հետևանքն է: Այլ հարց է, որ դու սովորում ես այդ կյանքին: Եթե լինի հստակ, հիմնավոր պատճառ, այո, ես պատրաստ եմ՝ հրաժարվելու ուշադրության կենտրոնում լինելուց: Դա ինձ համար ինքնանպատակ չէ: Մարդն ինչ ընտրություն էլ կատարում է իր կյանքում՝ պետք է գիտակցված անի: Եվ եթե ինչ-որ բանից հրաժարվում է, պետք է նժարի մյուս կողմում դրվի համարժեք մի այլ ընտրություն: Կարևոր է հասկանալ՝ հանուն ինչի կատարեցինք այս կամ այն ընտրությունը մեր կյանքում:
– Ձեզ երբևէ դրե՞լ են նման ընտրության առջև, նկատի ունեմ՝ անձնական կյանքում:
– Ինքս եմ ինձ դրել այդ ընտրության առջև:
– Լինո՞ւմ են պահեր, երբ ինքներդ Ձեզ տհաճ լինեք:
– Այո, իմ թուլության պահերին ես ինձ տհաճ եմ: Հատկապես, երբ դա սկսում է երկարել, ես ինձ համար դառնում եմ ահավոր տհաճ:
– Դուք հայրիկի՞ աղջիկն եք, թե՞ մայրիկի:
– Ես զգում եմ, որ տարիների հետ ավելի շատ մայրիկի աղջիկն եմ, սակայն հայրիկիս հետ էլ շատ նմանություններ ունեմ: