Եվրոդատարանը դիմումատու Ղարիբյանի հայցը բավարարել է՝ սահմանելով 52.000 եվրո փոխհատուցում ՀՀ կառավարությունից
2014 թվականի նոյեմբերի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել «Ղարիբյանը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով: «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուները ՀՀ կառավարությունից պահանջել են մոտ 300.000 եվրո գումար: Եվրոդատարանը դիմումատուների հայցը բավարարել է՝ սահմանելով 52.000 եվրո փոխհատուցում: Կից տեղեկանքը՝ այստեղ:
Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի գործի վերաբերյալ ՀՀ կառավարության որոշմամբ 2005թ. պետության կարիքների համար վերցվել է Բուզանդի 25 հասցեում գտնվող 44.1ք.մ. մակերեսով բնակարանը: Սեփականատերեր Գ. Ղարիբյանին, Գ. Ղարիբյանին և Ա. Ղարիբյանին որպես փոխհատուցում առաջարկվել է 16,350 ԱՄՆ դոլար (գույքի գնահատված արժեքը) և ևս 12,638.55 ԱՄՆ դոլար, որպես խրախուսում, եթե պայմանագիրը ստորագրվի 5 օրվա ընթացքում (ընդհանուր առմամբ 28,988.55 ԱՄՆ դոլար):
Սեփականատերերը առաջարկը մերժում են, և կառուցապատողի բողոքի հիման
վրա 01.03.2005թ. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարանը պարտավորեցնում է նրանց կնքել
պայմանագիր` 16.350 ԱՄՆ դոլար գումարով:
01.06.2005 դիմումատուները հայց են ներկայացնում ՄԻԵԴ` ընդդեմ Հայաստանի
Հանրապետության, պնդելով, որ խախտվել են Կոնվենցիայի 8-րդ հոդվածով և 1-ին
Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանված իրենց իրավունքները:
28.11.2007 գործն ուղարկվում է ՀՀ կառավարությանը:
Կառավարությունը դիմումատուներին առաջարկում է հաշտության համաձայնագիր կնքել և ՄԻԵԴ-ից նրանց հայցը ետ վերցնելու և նրանց արդեն իսկ վճարած 16.350 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու պայմանով՝ նրանց տրամադրել իրենցից վերցված (44.1ք.մ.) բնակարանից 30 մետր հեռավորության վրա (Բուզանդ-
Կողբացի խաչմերուկում) կառուցվող շենքից 120 ք.մ. մակերեսով բնակարան և 2005թ.
օգոստոսից մինչև տվյալ շենքի շահագործման հանձնելը ամսական 120.000 ՀՀ դրամ՝
որպես այլ բնակարան վարձակալելու համար վարձավճար (ընդհանուր 7.200.000 ՀՀ
դրամ), կամ վճարել 19.080.000 ՀՀ դրամ և վարձավճարի գումարը:
Այս առաջարկը ևս մերժվում է և պահանջվում՝ առնվազն կրկնապատկել
առաջարկվող գումարը:
ՄԻԵԴ-ը կառավարությունից պահանջում է հստակեցնել որպես փոխհատուցում
առաջարկվող բնակարանի տվյալները: Հարցմանն ի պատասխան կառավարությունը
տեղեկացնում է, որ որպես փոխհատուցում դիմումատուներին առաջարկվող կոնկրետ
բնակարանը 115.6 ք.մ. է, և դրա կոնկրետ հասցեն է՝ Ամիրյան 4/6 շենք, բնակարան 63, և
ՄԻԵԴ է ուղարկում բնակարանի սեփականության վկայականը:
Հաշտության համաձայնության հասնելու անհաջող փորձերից հետո
կառավարությունը 10.09.2010 հանդես է գալիս Միակողմանի հայտարարությամբ՝
ընդունելով, որ խախտվել են դիմումատուների Կոնվենցիայի 1-ին Արձանագրության 1-
ին հոդվածով պաշտպանված իրավունքները և պահանջելով ՄԻԵԴ-ից դադարեցնել
գործի քննությունը և առաջարկում է դիմումատուներին տրամադրել նշված
բնակարանը՝ որպես փոխհատուցում նրանց կրած ամբողջ վնասի համար:
27.10.2010 ՄԻԵԴ ուղարկված նամակով դիմումատուները մերժում են
կառավարության միակողմանի հայտարարությունը, նշելով, որ նշված բնակարանը չի
հանդիսանում արդարացի փոխհատուցում իրենց կրած վնասի համար և պահանջում են
115.600.000 ՀՀ դրամ (մոտ 230.000 եվրո)՝ որպես նյութական վնասի փոխհատուցում և
70.000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ինչպես նաև ՄԻԵԴ-ից
պահանջում են փաստաբանական ծախսերի փոխհատուցում:15.11.2011 ՄԻԵԴ-ը, հիմք ընդունելով կառավարության միակողմանի հայտարարությունը, կայացնում է որոշում, որով դադարեցնում է գործի քննությունը և պարտավորեցնում է կառավարությանը դիմումատուներին տրամադրել նշված բնակարանը:
Կառավարությունը հայտնում է իր պատրաստակամությունը՝ տրամադրել
դիմումատուներին նշված բնակարանը, և պահանջում է վերադարձնել արդեն իսկ
վճարված 16.350 ԱՄՆ դոլար գումարը:
Դիմումատուները հրաժարվում են վերադարձնել 16.350 ԱՄՆ դոլար գումարը,
պատճառաբանելով, որ ՄԻԵԴ որոշման մեջ դրա վերադարձի վերաբերյալ նշում չկա և
պահանջում են իրենց տրամադրել բնակարանը՝ առանց նշված գումարը
վերադարձնելու:
26.03.2012 դիմումատուների ներկայացուցիչ փաստաբան Ա. Գրիգորյանը նամակ
է ուղարկում ՄԻԵԴ՝ պահանջելով վերսկսել գործի քննությունը, քանի որ, ըստ նրա,
կառավարությունը հրաժարվում է իրենց տրամադրել նշված բնակարանը՝ առանց
իրենց կողմից 16.350 ԱՄՆ դոլար գումարը վերադարձնելու:
10.07.2012 ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում վերսկսել գործի քննությունը:
Դիմումատուներն իրենց փոխհատուցման պահանջում ՀՀ կառավարությունից
պահանջում են 115.600.000 ՀՀ դրամ (մոտ 230.000 եվրո)՝ որպես նյութական վնասի
փոխհատուցում և 70.000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում (ընդհանուր
առմամբ մոտ 300.000 եվրո), նաև ՄԻԵԴ-ից պահանջում են փաստաբանական ծախսերի
փոխհատուցում:
ՀՀ կառավարությունը ներկայացնում է իր առարկությունները, և 13.11.2014
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացնում նշված գործով: Համաձայնելով կառավարության այն
դիտարկման հետ, որ փոխհատուցումը պետք է հաշվարկել դիմումատուների՝
իրականում կրած վնասը հաշվի առնելով, վճռում է, որ ՀՀ կառավարությունը
դիմումատուներին պետք է վճարի 34.000 եվրո՝ որպես նյութական վնասի
փոխհատուցում և 18.000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ընդհանուր
առմամբ՝ 52.000 եվրո գումար:
Ամփոփում- ՀՀ կառավարությունը դիմումատուներին առաջարկում է իրենցից վերցրած
44.1 ք.մ. մակերեսով բնակարանի դիմաց տրամադրել 115.6 ք.մ. մակերեսով բնակարան՝
պահանջելով վերադարձնել արդեն իսկ վճարված 16.350 ԱՄՆ դոլար գումարը:
Դիմումատուները հրաժարվում են վերադարձնել 16.350 ԱՄՆ դոլար գումարը՝
կառավարությունից պահանջելով մոտ 300.000 եվրո գումար:
Եվրադատարանը դիմումատուների հայցը բավարարում է՝ փոխհատուցման համարժեք
գումար համարելով 52.000 եվրոն: