Լևոն Բարսեղյան. Հոռոմի խաչմերուկը նույն վիճակում է
Հոռոմի խաչմերուկի վթարից անցել է յոթ օր: Լևոն Բարսեղյանը գնացել է Հոռոմի խաչմերուկ՝ տեսնելու, թե ինչպես են կարգավորում խաչմերուկը, ինչ են ավելացրել կամ փոխել: «15 րոպեն մեկ ՃՈ մեքենա էր անցնում դառնում, իսկ մնացածը` նույնն էր. Հոռոմի կողմից, (որտեղից գալիս է հիմնական վտանգը, այդ երկրորդական ճանապարհը գալիս խաչվում է Երեւան-Գյումրի-Բավրա գլխավոր ճամփի հետ), մինչեւ խաչմերուկը նախ 70կմ/ժ առավելագույն արագության սահմանափակման նշան կա, ապա` 60կմ/ժ, ապա` 30 կմ/ժ, հետո երկրորդական ճանապարհից գլխավորին միացման նշան` խաչմերուկից 200 մ առաջ, եւ վերջում` «կանգ» նշանը, ըստ որի բոլոր վարորդները պարտավոր են արգելակել, կանգնեցնել մեքենան մինչ այդ նշանը, ապա միայն շարունակել ճանապարհը: Ի դեպ Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այդ նշանի առաջ մեքենան իսպառ չկանգնեցնելու դեպքում խստորեն տուգանում են»,- asparez.am-ում գրում է Լևոն Բարսեղյանը:
«Հոռոմի կողմից եկող մեքենաները բոլոր այդ նշանները կարող են պատշաճ կերպով տեսնել, բայց խաչմերուկի աջ եւ ձախ կողմերում ծառեր կան, որոնք թույլ չեն տալիս տեսնել ձախից` Երեւանի կոմից, եւ աջից` Գյումրու կողմից, սլացող մեքենաներին, մինչեւ մեքենան չի հասնի խաչմերուկի մատույցները` «կանգ» նշանի մոտ: Բարեխիղճ վարորդը մինչեւ խաչմերուկի այդ նշանը կանգնում է եւ, բնականաբար, տեսնում անցուդարձը գլխավոր` Մ-1 մայրուղով, անբարեխիղճը` չի կանգնում, փորձում է հարմարվել երթեւեկությանը հընթացս, ու պատահում է, որ փորձանքի է գալիս եւ` բերում ուրիշներին: Խոսքը վերջին վթարի մասնակիցների մասին չէ, հուսանք` հետաքննությունը ցույց կտա` ով ինչ խախտում է ունեցել:
Սակայն, արդյո՞ք այդ նշանները բավարար են ռիսկերը նվազեցնելու համար: Ավելի վաղ, Հոռոմի կողմից եկող ճամփի վրա, Հոռոմի այդ փոքրիկ կամրջին ասֆալտից թմբեր կային (վարորդների լեզվով` «պառկած միլիցի»), մի քանի շարք, դրանք այս կամ այն չափով ստիպում էին դեպի խաչմերուկ սլացող մեքենաներին՝ արգելակել, սակայն ճանապարհի նորոգումից հետո այդ խոչընդոտները հանվել են: Անցած 7 օրերին ճանապարհային ոստիկանությունը որեւէ լրացուցիչ կահավորանք չի դրել խաչմերուկում, նպատակահարմար կամ արդյունավետ չի համարել: Կամ` համարել է, բայց այդ ճանապարհների տեր ու տիրականը` տրանսպորտի եւ կապի նախարարությունը անհրաժեշտ չի համարել, կամ` բավարար միջոցներ չունեն խաչմերուկը «բարդացնելու» եւ մեքենաների արագությունները գցելու համար: Փաստացի 7 կյանք խլած ողբերգական վթարից 7 օր անց խաչմերուկը նույն կերպարանքն ունի, ինչ մինչ այդ, ու չի վերացվել նման պատահարների կրկնման ռիսկը: Իսկ, օրինակ, այդ խաչմերուկի չորս անկյուններում` 3 մ բարձրությամբ հնարավոր տեղադրվելիք ազդանշանային լուսաթարթիչները, կամ թմբերի վերականգնումը, կամ խաչմերուկի եւ դրա մատույցների կարգին լուսավորումը կարող է նվազեցնել վթարների ռիսկը եւ կյանքեր փրկել»,- նշում է Լևոն Բարսեղյանը: