Հովիկ Աբրահամյանը՝ Արման Սահակյանին. «Օտարում ենք, այդ մարդկանց թողնում ենք փողոցո՞ւմ»
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ կառավարության օրակարգից հանվեց ֆինանսների նախարարությանն ամրացված Երևանի Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող շինությունը դասական աճուրդով օտարելու թույլտվություն տալու մասին որոշման նախագիծը: Ներկայացնելով որոշման նախագիծը՝ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն ասաց, որ ֆինանսների նախարարության կողմից պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացվել պետությանը պարտքի դիմաց ընդունած և նախարարության ամրացված Կիևյան 2-րդ նրբանցք թիվ 18 հասցեում գտնվող շենք-շինությունների գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալները՝ գույքի օտարը կազմակերպելու խնդրանքով:
Արման Սահակյանի խոսքով՝ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հարցին պատասխանելով՝ Արման Սահակյանն ասաց, որ խոսքը պարտքի դիմաց ընդունած գույքի մասին է. «Ֆինանսների նախարարությանը պարտք են եղել, պարտքի դիմաց ընդունած գույք է: Հիմա դասական աճուրդով օտարում ենք, որ վերականգնենք այդ գումարները բյուջեոում»:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք այդ տարածքում մարդիկ են բնակվում, ինչին ի պատասխան Արման Սահակյանն ասաց. «Հենց այդ մարդիկ են պարտք պետությանը»:
«Բա այս մարդիկ ի՞նչ պայմաններով են այնտեղ ապրում»,- հետաքրքրվեց Հովիկ Աբարահամյանը: Արման Սահակյանն էլ ասաց. «Անհատույց օգտագործման պայմաններով: Պարոն վարչապետ, տնտեսական դատարանը 2007թ….»:
Հովիկ Աբրահամյանն ընդհատեց նրան՝ ասելով. «Հասկացա, իմ հարցին պատասխանի: Հիմա այս մարդիկ այնտեղ ապրո՞ւմ են»:
Արման Սահակյանն էլ ասաց, որ այս պահին մարդիկ ապրում են այնտեղ, ինչին Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Բա ի՞նչ ենք անում, օտարում ենք, այդ մարդկանց թողնում ենք փողոցո՞ւմ»: Հարցը հանվեց կառավարության օրակարգից՝ լրացուցիչ քննարկելու համար: