Հալեպի շրջանում պայքարի սրման դեպքում Թուրքիայի սահմանին կհայտնվի ևս 2-3 միլիոն սիրիացի փախստական. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անկարայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սիրիայից կարող են ևս 2-3 միլիոն փախստականներ գալ Թուրքիա:

Չավուշօղլուն ընդգծել է, որ դա տեղի կունենա, եթե սրվի Հալեպի համար Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարական ուժերի ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբավորման միջև պայքարը.

«Եթե Հալեպի շրջանում ռազմական հակամարտությունը շարունակի թափ հավաքել, ապա մեր սահմաններին կարող են մոտենալ ևս 2-3 միլիոն փախստականներ: Այն շրջաններից, որոնցում ռազմական գործողություններ են մղվում կառավարական ուժերի ու «Իսլամական պետության» մասնակցությամբ, փախչում են սարսափելի թվով փախստականներ»:

Երբ Չավուշօղլուին հարցրել են, թե ո՞ւմ է աջակցում Թուրքիան՝ Բաշար Ասադի՞ն, թե՞ «Իսլամական պետությանը», Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է նրանց դեմ պատերազմող Սիրիական ազատ բանակին:

Չավուշօղլուն դատապարտել է նաև Երուսաղեմում սինագոգի վրա կատարված հարձակումը՝ ընդգծելով, որ իրենց համար անընդունելի է ամեն տիպի սրբավայրերի վրա հարձակում գործելը՝ անկախ նրանից, թե որ կրոնին են պատկանում դրանք:

Տեսանյութեր

Լրահոս