Սանասարյանի հացադուլն անժամկետ է. երբ տղաներին դուրս կբերեն, ինքն իր բողոքի ակցիան ավարտված կհամարի (տեսանյութ)

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Դավիթ Սանասարյանը նոյեմբերի 17-ին՝ կեսօրից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց սկսել է հացադուլ՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու երեք սպանված օդաչուների դիերի վերադարձման:
168.am-ի հետ զրույցում Դ. Սանասարյանը նշեց, թե իր կարծիքով՝ ադեկվատ չէ ոչ միայն միջազգային արձագանքը կատարվածին, այլև միջազգային հանրության գործողությունները. «Արդեն 5 օր է անցել դեպքից, և տղաներն այնտեղ ընկած են, ու որևէ լուրջ գործողություն չենք տեսել: Տեսել ենք ուղղակի ոչ ադեկվատ գնահատական, իսկ դա, ես կարծում եմ՝ համապատասխան չէ այն մանդատին, որ ստանձնել են»:

Ըստ Դ. Սանասարյանի՝ չկա որևէ միջազգային կառույց, որի արձագանքն այս միջադեպի վերաբերյալ եղել է համարժեք:

Հարցին՝ ինչո՞վ է նա դա պայմանավորում, Դ. Սանասարյանը պատասխանեց, թե դա պայմանավորված է նրանով, որ մենք չունենք իշխանություն, որը հենված է ժողովրդի վրա, որին միջազգային հարաբերություններում հաշվի են առնում, որ ունենք անիշխանություն:

Մենք հետաքրքրվեցինք նրանից, թե ի՞նչ պետք է անեին իշխանությունները, որ չեն արել: Դ. Սանասարյանը նշեց, որ մեր իշխանություններն անելիք չունեն: Ըստ նրա՝ իշխանությունները ցույց են տվել, որ ոչինչ չեն կարողանում անել. «Իրենք ավելի լավ է սպասեն, թե հետո երբ են պատասխան տալու: Այսքան տարիներ են անցել, մենք լավ գիտենք, որ իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված չէ, լիազորված չէ, ժողովրդի մանդատը չունի, միշտ այսպիսի իրավիճակների է հանգում, այդ իշխանությանը բանի տեղ չեն դնում ինչպես՝ երկրի ներսում, այնպես էլ՝ երկրից դուրս»:

Կարդացեք նաև

Ըստ Դ. Սանասարյանի՝ եթե ԵԱՀԿ անդամներն իրենց գործողություններն ավելի լավ կատարեին, գուցե կարողանայինք առաջին օրը մեր տղաներին օգնություն ցուցաբերել. «Բայց փաստորեն անցել է 5 օր, ու չգիտենք՝ այնտեղ տղաների հետ ինչ է տեղի ունենում»:

Նրա պահանջն այն է, որ ԵԱՀԿ անդամները շուտափույթ քայլեր ձեռնարկեն և կարողանան խաղաղ միջավայր ստեղծել այդ հատվածում, որպեսզի գոնե տղաների դիերն այնտեղից դուրս բերեն:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք, Ձեր բողոքի ձայնն արդյունք կտա՞, Դ. Սանասարյանն այսպես պատասխանեց. «Ես անում եմ իմ անելիքը, իմ պահանջն ունեմ, մնացածը չգիտեմ… Իհարկե, անում եմ, որպեսզի արդյունք տա, ավելի շատ վստահ եմ, որ արդյունք տալու է մեր ՊՆ-ից սպասվող պատասխանը, որովհետև իրենք շատ լավ գիտեն, որ պատասխան են ստանալու»:

Դ. Սանասարյանի բողոքն ուղղված է միջազգային հանրությանը, կոնկրետ այս հարցով մանդատ ունեցող կառույցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Այդ իրենց գործողությունները և լռությունը հանգեցնելու է նրան, որ սկսվելու են պատերազմական գործողություններ: Ես վստահ եմ, որ մենք պատրաստ ենք պատերազմի, բայց չեմ ուզում լինի պատերազմ, որովհետև այդ պատերազմը բոլոր առումներով լավ բան չի բերում»:
Մեր հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի գործողությունները՝ հաշվի առնելով այն փաստը, որ իրենք սահմանին շատ մոտ են զորավարժություններ կատարում՝ իմանալով ադրբեջանական կողմի սադրիչ գործողություններ անելու պատրաստակամությունը, Դ. Սանասարյանը պատասխանեց, որ ինքը դա սխալ է համարում.

«Հայկական կողմի դիվանագիտությունը ձախողված է, դա ես վաղուց եմ ասել ու կրկնում եմ ևս մեկ անգամ: Հիմա չգիտեմ՝ ինչով են զբաղվում իրենք, պետք է անքուն, անդադար աշխատանք տանեն, որպեսզի տղաներն այնտեղից դուրս բերվեն, որովհետև ամենակարևոր բանն այս պահի դրությամբ դա է, որովհետև ես այստեղ եմ նաև նրա համար, որ գիտակցում եմ, հասկանում եմ, զգում եմ տղաների հարազատների հոգեվիճակը»:

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ այս միջադեպի հետ կապված հայտարարություններին, Դ. Սանասարյանը նշեց, որ չի ուզում գնահատական տալ դրանց, որովհետև կարելի է շատ լավ ճառեր գրել և շատ լավ նախադասություններ արտասանել, իսկ իր համար էականը դա չէ. «Ինձ համար էականն այն գործն է, որում թերանում են. միջազգային հարաբերություններում են թերանում: Ինձ համար ցուցիչը դա է, ոչ թե լավ խոսքերն ու լավ ճառերը: Սերժ Սարգսյանի մեղքի բաժինն այս հարցում շատ մեծ է, ինքն անվտանգության երաշխավորն է, ու չգիտեմ՝ ում անվտանգության»:
Մեր հարցին՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը կարո՞ղ էր որևէ կապ ունենալ այս միջադեպի հետ, նա պատասխանեց, թե չի կարող կապերը տեսնել, բայց, ըստ նրա՝ ադրբեջանցիներն էլ են «ուրախ-ուրախ» նշում, որ խփել են այն զենքով, որ Ռուսաստանն է իրենց տվել. «Երբ այդ քանակությամբ զենքեր են վաճառում Ադրբեջանին, ու մեր կողմից ոչ ադեկվատ պատասխան կա այս հարցում, ամեն մեկն այս հարցում իր մեղքի բաժինն ունի»:

Դ. Սանասարյանը տեղեկացրեց նաև, որ իր հացադուլն անժամկետ է՝ երբ տղաներին դուրս կբերեն, ինքն իր բողոքի ակցիան ավարտված կհամարի:

Տեսանյութեր

Լրահոս