ԱԺ արտահերթ նիստում քննարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրինագիծը
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում քննարկում է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրինագիծը: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց, որ առաջարկվում է սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի ու ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:
Ըստ նրա՝ փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը, այդ թվում՝ բնական գազի օգտագործման բաժանորդ չհանդիսացող անձանց դեպքում, յուրաքանչյուր տարվա համար սահմանելու է ՀՀ կառավարությունը: Սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարվում է ՀՀ տարեկան պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
Վ.Տերտերյանը նշեց, որ սահմանամերձ համայնքների՝ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված բնակիչներին ՀՀ կառավարությունը պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովելու է համարժեք օթևանով՝ նույն համայնքի տարածքում, նաև կապահովվի այդ տարածքներում ականների պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բժշկական օգնութունն ու սպասարկումը պետպատվերի շրջանակներում իրականացնելը, իսկ զոհված քաղաքացիների ընտանիքներին կհատկացվի միանվագ օգնություն՝ հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրմանը ծախսերի համար: Օրենքն ուժի մեջ է մտնելու 2015 թ. հունվարի 1-ից և գործելու է մինչև 2018 թ. հունվարի 1-ը:
Վ.Տերտերյանը հստակեցրեց, որ խոսքը շուրջ 31 սահմանամերձ համայնքների և մոտ 1 մլրդ դրամի մասին է խոսքը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ կառավարության սահմանած չափաքանակները կլինեն շոշափելի: Նա առաջարկեց ՀՀ-ում իրականացվող դպրոցական երեխաներին սննդով ապահովելու ծրագիրն ընդլայնել, բյուջեն վերաձևակերպել և սահմանային համայնքները բոլորը նույնպես ընդգրկել այդ ծրագրում: