Բաժիններ՝

Ռուբլու անկումն ու դրա հետևանքը

Ռուսական ռուբլու թեման այսօր Հայաստանում ավելի շատ է քննարկվում, քան հայկական դրամի փոխարժեքը։ Անգամ տնտեսական անցուդարձից հեռու մարդիկ ենթագիտակցորեն հասկանում են, որ ռուբլու փլուզումն ազդելու է բոլորիս վրա։ Ավելի ճիշտ` արդեն ազդում է։

Ամենաուղիղ ազդեցությունն այն է, որ դրա պատճառով նվազում են Ռուսաստանից Հայաստան ուղարկվող դրամական փոխանցումները։ Պաշտոնական տվյալներով` ՀՀ բնակչության շուրջ մեկ երրորդը գոյատևում է դրսից ու առաջին հերթին` ՌԴ-ից ուղարկվող տրանսֆերտների հաշվին։ Սակայն ռուբլու փլուզումից տուժելու են ոչ միայն այդ 30%-ը, այլև բոլորը։

Սակայն ռուբլու արժեզրկումը տրանսֆերտների նվազման միակ պատճառը չէ։ Եթե ընդհանրացնենք, ապա կարելի է առանձնացնել 3 պատճառ։

1. Մարդիկ քիչ են ուղարկում
Որովհետև գումարը չի բավականացնում: Ռուսաստանում միջին ամսական անվանական աշխատավարձն այս տարվա հունվարին 29535 ռուբլի էր (ՌԴ պաշտոնական վիճակագրության համաձայն)։ Սեպտեմբերին այն կազմել է 31000 ռուբլի։ Անվանական աշխատավարձն աճել է 5%-ով։ Սակայն իրական աշխատավարձը նվազել է` գնաճի պատճառով։ Այս տարվա ընթացքում սպառողական գները Ռուսաստանում աճել են 7-8%-ով։ Եթե պատկերավոր ներկայացնենք, գնաճը «կուլ է տվել» աշխատավարձի աճն ու մի բան էլ ավելին։ ՌԴ-ում աշխատողների գնողունակությունն ընկել է. այսօրվա 31 հազարով ավելի քիչ բան կարող են գնել, քան տարեսկզբի 29.5 հազարով։ Այս ամենը տարածվում է նաև ՌԴ-ում աշխատող մեր հայրենակիցների վրա։ Ու պարզ է, որ եթե մարդկանց եկամուտը նվազում է, նրանք չեն կարող ավելի շատ օգնություն ուղարկել իրենց հայրենակիցներին։

2. Ուղարկած գումարն արժեզրկվում է` փոխարժեքի պատճառով
Ռուբլու փոխարժեքն, ինչպես գիտեք, փլուզվում է։ Այս տարվա հունվարին դոլարի միջին փոխարժեքը 34 ռուբլի էր: Հուլիսի վերջից ռուբլին սկսեց արժեզրկվել։ Իսկ հոկտեմբերի վերջից` գահավիժել։ Նոյեմբերի 8-ին դոլարը հասավ 48 ռուբլու, թեպետ երեկ փոքր-ինչ թուլացավ` հասնելով 45.5-ի։ Թե ինչ է սա նշանակում, փորձենք պարզ օրինակի վրա ցույց տալ։ Ենթադրենք` ՌԴ-ում աշխատող Պողոսն ամեն ամիս 10 հազար ռուբլի է ուղարկում Հայաստանում ապրող իր բարեկամներին։ Հունվարին այդ 10 հազար ռուբլին արժեր 294 դոլար, իսկ այսօր` 220 դոլար։ Այսինքն, եթե փոխանցումը կատարում է դոլարով, ապա ավելի քիչ դոլար է ստացվում։
Եթե ուղարկում է ռուբլիով, տուժում են այստեղ այդ գումարը ստացող հարազատները: Հունվարին 10 հազար ռուբլին դրամի վերածելով` նրանք ստանում էին 120 հազար դրամ, այսօր` 90 հազար։

3. Ոչ թե սեզոնային միգրացիա, այլ արտագաղթ
Ինչպես արդարացիորեն նշում են մի շարք փորձագետներ, մասնավոր տրանսֆերտները նվազում են (և կնվազեն) նաև արտագաղթի պատճառով։ Այսինքն, ներկայումս նկատվում է միտում, որ մարդիկ արտագաղթում են ընտանիքներով, ոչ թե մեկնում արտագնա աշխատանքի։ Վերանում է Հայաստան գումար ուղարկելու անհրաժեշտությունը։ Ընդ որում, շատերը համոզված են, որ այս պրոցեսը կարագանա` Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո:

Իսկ ինչ հետևանքներ ունի այս ամենը Հայաստանի տնտեսության վրա։ Որքան էլ ցավալի լինի, փաստ է, որ տրանսֆերտները կազմում են Հայաստանի համախառն սպառման (պահանջարկի) մի զգալի մասը։ Դրանց նվազումը բացասաբար է ազդում թե՛ տնտեսական աճի, թե՛ բյուջեի եկամուտների վրա։

Կառավարությունն ու Կենտրոնական բանկը մի կողմից` անուղղակիորեն ընդունում են, որ տնտեսությունը լուրջ ռիսկի տակ է, մյուս կողմից` փորձում են ցույց տալ, որ տրանսֆերտները չեն նվազում։

Օրինակ, ՀՀ Կենտրոնական բանկը նախորդ շաբաթվա վերջին հաղորդագրություն տարածեց, որ 2014 թ. հունվար-սեպտեմբերին բանկային համակարգով ֆիզիկական անձանց կողմից ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կազմել է 1.323 մլն ԱՄՆ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0,4 տոկոսով։ Մանրամասն տվյալները` ըստ առանձին երկրների, դեռ չեն հրապարակվել։ ԿԲ-ն էլ չի նշել, թե կոնկրետ Ռուսաստանից ուղարկվող փոխանցումներն ինչ փոփոխություն են կրել, չնայած որ, այդ փոխանցումների առյուծի բաժինը պատկանում է հենց Ռուսաստանին։

Փոխարենը` կիսաակնարկային ձևի պարզաբանում են ներկայացրել. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստան ուղղվող դրամական հոսքերի զգալի մասը ստացվում է Ռուսաստանի Դաշնությունից, հարկ է նշել, որ ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեզրկումը (նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի նկատմամբ արժեզրկումը կազմել է մոտ 11%) հաշվի չառնելու դեպքում այս տարվա հունվար-սեպտեմբերին ոչ առևտրային դրամական փոխանցումների ներհոսքը կաճեր 8%-ով»:

Փոխարենը, մեր ձեռքի տակ են 2014թ. հունվար-օգոստոսի տվյալները։ Ըստ դրանց` ՌԴ-ից ոչ առևտրային նպատակով ուղարկվող դրամական փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է 3.3%-ով (28.3 միլիոն դոլարով)` 858 միլիոնից հասնելով 829.7 միլիոնի։ Իսկ ընդհանուր ներհոսքը նվազել էր 9.4 միլիոնով կամ 1%-ով։ Պատճառն այն է, որ Ռուսաստանին չհաշված` մյուս երկրներից ուղարկվող դրամական միջոցների զուտ ներհոսքն աճել էր 18.9 միլիոն դոլարով։ Այդ թվում, ԱՄՆ-ից ուղարկվող տրանսֆերտների ծավալը 30.9 միլիոնից հասել էր 41.6 միլիոնի։

Մի քանի օրից ԿԲ-ն կհրապարակի սեպտեմբեր ամսվա տեղեկագիրը, և պարզ կդառնա, թե ինչի շնորհիվ են տրանսֆերտներն աճել 0.4%-ով։ Միգուցե պարզվի, որ Հայաստանը մտնում է ԵՏՄ, իսկ տնտեսությունը շարունակում է շնչել ԱՄՆ-ի ու մյուս երկրների շնորհիվ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս