«Հասարակությունը մտածողությամբ սպասում է բարի թագավորին, ընդդիմադիր ուժերն էլ ցանկանում են այդ նույն Սահմանադրությամբ գալ իշխանության»
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների նպատակն այն է, որ վերջապես «զերծ մնանք ժողովրդի անունից հանդես գալուց, նրա համընդհանուր դիրքորոշման մասին այլակարծություն չհանդուրժող տեսակետներ հնչեցնելուց»:
Պատասխանելով մեր հարցին՝ որքանո՞վ լեգիտիմ կլինի բարեփոխված Սահմանադրությունն ընտրական համակարգի հանդեպ առկա համընդհանուր անվստահության պայմաններում՝ նա ասաց. «Իսկ որքանո՞վ են իրավաչափ համընդհանուր անվստահության վերաբերյալ Ձեր միանշանակ դատողությունները: Կարո՞ղ ենք վստահաբար այդպիսի գնահատականներ հնչեցնել, երբ ընտրական գործընթացներին առնվազն գրանցվում են մասնակցության ոչ ակնհայտ ցածր ցուցանիշեր, թեպետ, քաղաքական գործընթացների նկատմամբ ապատիան համընդհանուր երևույթ է, քաջածանոթ է նաև ժողովրդավարության կայուն ավանդույթներ ունեցող երկրներին:
Կարծում եմ, որ ծայրահեղություն կլինի պնդել նաև, թե իբր առկա է վստահության բարձր քվե, ճշմարտությունը, թերևս, այդ տեսակետների միջև ընկած հատվածում է, ինչը ևս օրինաչափ է: Բացի այդ, սահմանադրական բարեփոխումների հենց նպատակն էլ այն է, որ վերջապես զերծ մնանք ժողովրդի անունից հանդես գալուց, նրա համընդհանուր դիրքորոշման մասին այլակարծություն չհանդուրժող տեսակետներ հնչեցնելուց»:
Իսկ որքանո՞վ լեգիտիմ կլինի դա քաղաքական և հասարակական կոնսենսուսի բացակայության պարագայում՝ հաշվի առնելով, որ Վենետիկի հանձնաժողովը կարևորել է դա:
Մեր այս հարցին Գ. Դանիելյանն այսպես պատասխանեց. «Համընդհանուր միջազգային չափանիշ է դիտարկվում այն, երբ հանրաքվեի դրված նախագիծը, այդ թվում՝ երկրի Հիմնական օրենքում փոփոխությունների նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը:
Սակայն նույնիսկ այդ պարագայում, հաշվի առնելով բարեփոխումների որոշ հիմնադրույթների քաղաքական ընդգծված ուղղվածությունը, հատկապես կառավարման խորհրդարանական ձևի առնչությամբ, մասնագիտական հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ կոնկրետ այդ խնդրին վերաբերող հիմնադրույթը կարող է կյանքի կոչվել բացառապես քաղաքական փոխհամաձայնության պարագայում, ինչն էլ, ինչպես Դուք նկատեցիք, հավանության է արժանացել նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից»:
Միաժամանակ Գ. Դանիելյանն ավելացրեց, որ ընտրական օրենսդրության ու գործընթացների առնչությամբ տարաձայնությունների գերակշիռ հատվածն անխուսափելիորեն կհայտնվի այլ հարթության վրա, որովհետև իրենց կողմից առաջարկվում է Ընտրական օրենսգիրքը ճանաչել` որպես օրգանական օրենք, որի ընդունման համար կպահանջվի անհամեմատ բարձր քվորում. «Չի բացառվում անգամ ձայների Է-ը, ինչը ենթադրում է, որ անվերապահորեն վճռորոշ է դառնում նաև ընդդիմության դիրքորոշումը: Այլ կերպ ասած, առաջարկում ենք խոտանել «Հաղթողը ստանում է ամեն ինչ» սկզբունքը»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ քաղաքական և հասարակական կոնսենսուսի բացակայության պարագայում հայեցակարգի ընդունումը կլինի ոչ լեգիտիմ: Խոսելով հանրաքվեի միջոցով Սահմանադրության ընդունման նկատմամբ հասարակության վստահության մասին, նա հիշեցրեց Հայաստանում նախկին երկու Սահմանադրությունների ընդունման փորձը. «Հիշենք երկու սահամանադրական հանրաքվեները` 1995 և 2005 թվականների: Երկու հանրաքվեներն էլ անցել են ամենաբիրտ և կոպիտ խախտումներով: Առաջին անգամ դա եղել է իշխող ուժի կամքը` այդպիսի Սահմանադրություն փաթաթել ժողովրդի վզին: Երկրորդը եղել է, ինչ-որ իմաստով, հարկադրված հանրաքվե՝ կապված Եվրոպայի խորհրդի պահանջների հետ, սակայն նույնպես չի եղել վստահություն ընդդիմության և հասարակության կողմից իշխանության նկատմամբ, և այդ Սահմանադրության փոփոխությունները նույնպես եղել են կեղծիքներով: Այս տեսակետից, բնականաբար, վստահություն` հանրաքվեների հետ կապված, Հայաստանում հասարակության և քաղաքական ուժերի մեջ չկա»:
Հարցին՝ այս պարագայում ինչպե՞ս եք պատկերացնում հանրաքվեի ներդրումը և կիրառումը Հայաստանում, Ավետիք Իշխանյանը պատասխանեց, որ ինքը ոչ մի կերպ չի պատկերացնում դա:
Գևորգ Դանիելյանը, ում վիճակվել է պատրաստել Հայեցակարգի նաև այն հատվածը, որը վերաբերում է հանրաքվեի սահմանադրական հիմքերի բարելավմանը, նշեց, թե Հայաստանում այս ինստիտուտի կայուն ներդրման համար անհրաժեշտ են այնպիսի իրավական լուծումներ, որոնք մի կողմից` առնվազն պարտադիր կդարձնեն որոշ հարցերով հանրաքվեների անցկացումը, իսկ մյուս կողմից՝ կընձեռեն հանրաքվե անցկացնելու հնարավորություն նաև քաղաքացիական նախաձեռնությանը:
«Չի բացառվում, որ սկզբնական շրջանում այդ ինստիտուտը չբավարարի սպասելիքները, սակայն դա կարող է բացառապես մեկնաբանվել վերջինիս փորձի իսպառ բացակայությամբ. մի տևական շրջան մեր երկրում այդպես էլ չձևավորվեց հանրաքվեի կիրառման իրավական ավանդույթ: Բայց այն, որ հանրաքվեն փոխելու ու առավել պատասխանատու է դարձնելու քաղաքական մթնոլորտը, չեմ կասկածում»,- նշեց նա:
Ավետիք Իշխանյանը համոզված է, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որովհետև գործող Սահմանադրությունն իր էությամբ ժողովրդավարական չէ. «Սա ինձ հիշեցնում է միջնադարյան, միապետական Սահմանադրություն: Եվ եթե մենք վերցնում ենք եվրոպական փորձը, ապա մեծ մասամբ այդ փոփոխությունները եղել են ներքևի ճնշմամբ, որ իշխանությունները ստիպված են գնացել փոփոխությունների: Այսօր, ցավով եմ նշում, որ հասարակության և քաղաքական ուժերի կողմից այդ պահանջը չկա, որովհետև հասարակությունը մտածողությամբ սպասում է բարի թագավորին, ընդդիմադիր ուժերն էլ ցանկանում են այդ նույն Սահմանադրությամբ գալ իշխանության և այդ նույն լիազորություններն ունենալ: Այսինքն՝ այդ պահանջը ներքևից չկա: Վերևից պարտադրված ցանկացած փոփոխություն, մանավանդ` երբ ներքևինները դիմադրում են, կլինի ոչ լեգիտիմ»:
Մեր հարցին՝ որքանո՞վ է արդարացի ընդդիմությունը՝ հրաժարվելով սահմանադրական բարեփոխումներից, Ավ. Իշխանյանն այսպես պատասխանեց. «Ճիշտ կլիներ, որ նախ` ընդդիմությունն ինքը նախաձեռներ և իր օրակարգն ու հիմնական պահանջը դարձներ սահմանադրական փոփոխությունները, եթե իրենք ուզում են ունենալ ժողովրդավարական Սահմանադրություն և Հայաստանի զարգացումը տեսնում են իրավական և ժողովրդավարական տիպի պետության զարգացման մեջ, որովհետև առանց իշխանության տարանջատման՝ մենք չենք կարող ունենալ ժողովրդավարական պետություն:
Ընդդիմությունն էլ է ասում, որ մենք չունենք անկախ դատարաններ, սակայն, ընդունելով դա, ոչինչ չեն առաջարկում անկախ դատարան ունենալու համար: Ես կարծում եմ՝ Հայաստանի ընդդիմությունն ուզում է նույն լիազորություններով գալ իշխանության, թե ինչպե՞ս է գալու, դա արդեն իրենց խնդիրն է: Հենց դրա համար էլ չեն մասնակցում սահմանադրական բարեփոխումների գործընթացին:
Բայց կարծում եմ՝ եթե անգամ իշխանությունն է նախաձեռնել սահմանադրական փոփոխությունները, եթե իշխանությունները՝ ըստ ընդդիմության, ծուղակ է նախապատրաստել սահմանադրական փոփոխություններով՝ իշխանության վերարտադրման համար (չնայած գործող Սահմանադրությունը բացարձակապես չի խոչընդոտել իշխանության վերարտադրման համար), ապա, ես կարծում եմ՝ ընդդիմությունը պետք է մասնակցեր և ցույց տար այդ ծուղակը՝ իր առաջարկություններն աներ, եթե այդ առաջակությունները չընդունվեին, նոր կարող էր ասել, որ մենք բոյկոտում ենք, որովհետև սա ծուղակ է: Բայց առանց մասնակցելու՝ ասել, որ իրենք դեմ են սահմանադրական փոփոխություններին, սա արդեն բերում է իմ այն համոզմանը, որը քիչ առաջ ասացի»:
Ավետիք Իշխանյանից նաև հետաքրքրվեցինք, թե սահմանադրական բարեփոխումների առաջարկվող դրույթներն ինչքանո՞վ են արդյունավետ և տեղին: Նա նշեց, որ առայժմ մտահոգությունները, որոնք դրված են սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, լրիվ ընդունելի են իր համար։
«Երբ լինի, նախագիծն ավելի հստակ կարող է լինել, բայց հայեցակարգում էլ կան դրույթներ, որոնք ընդունելի են: Մասնավորապես, խոսքը վերաբերում է տեղական ինքնակառավարմանը, հայեցակարգում առաջարկ կա` մարզպետներին զրկել համայնքապետերին պաշտոնանկ անելու իրավունքից: Սա, ես կարծում եմ, բավական առաջադիմական է, որովհետև տեղական ժողովրդավարությունը ճնշվում է մարզպետների կողմից: Կան նաև առաջարկություններ, որոնք առայժմ հստակություն չունեն, օրինակ, դատարանների անկախության մասին: Կա առաջարակություն, որ Արդարադատության խորհրդի անդամներն ընտրվեն մեծամասնությամբ պառլամենտի կողմից, սա բավականին մեծ անկախություն կարող է տալ Արդարադատության խորհրդին»,- նշեց նա:
Խոսելով դատական եռաստիճան համակարգից երկաստիճանի անցնելու առաջարկի մասին՝ Ավետիք Իշխանյանը նշեց, որ ինքը լուրջ վտանգ չի տեսնում այդտեղ. «Որովհետև կան երկրներ, որտեղ երկաստիճան դատական համակարգն է արդյունավետ գործում, երկրներ կան՝ եռաստիճանն է արդյունավետ գործում: Այստեղ կարևորը դատարանների անկախությունն է: Այդտեղ մի հարց միայն կմնա, թե ով է կատարելու վճռաբեկ դատարանի դերը, այսինքն՝ օրենքների մեկնաբանության հարցը:
Գուցե, այդ իրավասությունն արդեն տրվի Արդարադատության խորհրդին»:
Հարցին՝ ինքը եռաստիճան համակարգից երկաստիճան համակարգի անցման անհրաժեշտությունը տեսնո՞ւմ է՝ Ավ. Իշխանյանը պատասխանեց, թե ինքն այդ փոփոխությանն առանձնակի նշանակություն չի տալիս:
Գևորգ Դանիելյանն այս առնչությամբ ասաց, որ հանձնաժողովը դա բնավ չի համարում սկզբունքային ու միանշանակ արժեք ունեցող՝ կապված արդարադատության մատչելիության ու արդյունավետության խնդիրների բարեհաջող լուծման հետ.
«Նկատեմ, որ Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն էլ քննարկումների ընթացքում այն տեսակետն են հայտնել, որ քաղաքացիական և քրեական գործերով եռաստիճան դատավարության գործընթացները շատ ավելի հիմնավորված են, իսկ երկաստիճան դատական համակարգը կարող է նպատակահարմար համարվել վարչական դատավարության պարագայում: Ինչևէ, կարևորելով արդարադատության որակն արմատապես բարելավելու խնդիրը, Հայեցակարգում առանցքային են համարվել այնպիսի գործիքները, որոնք միտված կլինեն դատական իշխանության անկախության անվերապահ խորացմանը, դրան նպաստող կառուցակարգային ու ընթացակարգային բարելավումների զուգորդմամբ:
Մասնավորապես, էական է համարվել Արդարադատության խորհրդի` որպես դատական համակարգի անկախությունն ապահովող և ինքնավարության սկզբունքներով գործող ինստիտուտի կազմի ու գործունեության արմատական վերանայումը, և այլն: Խիստ կարևոր է համարվել իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ դատական իշխանության ազդեցության լծակներն էապես հզորացնելու խնդիրը, ինչը դիտարկվել է իշխանությունների ճյուղերի հավասարակշռման իրական երաշխիք»: