Հին խնդիրները նաև նոր շենքում

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի շենքը չնայած վերջերս է շահագործման հանձնվել, բայց կրթօջախում խնդիրներ կան, որոնք առկա էին դեռեւս հին շենքում։

Ուսումնարանի նախկին բորբոսնած պատերը, քանդված առաստաղը, որտեղից ամեն անձրեւից հետո ջուր էր կաթում, ոչ ամուր հատակն արդեն անցյալում են՝ շնորհիվ ԼՂՀ կառավարության եւ «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանի, որոնց հովանավորությամբ 2012-ին սկսվեց ուսումնարանի առաջին մասնաշենքի վերանորոգումը, իսկ երկրորդը քանդվեց. դրա փոխարեն նորն է կառուցվում:

Ուսումնարանի տնօրեն Կարինա Դադամյանի փոխանցմամբ՝ այժմ ունեն 122 ուսանող, որից 36-ն այս տարի է ընդունվել: Ուսանողներից 104-ը պետպատվերով են սովորում։
Նոր ընդունվածները, բարեբախտաբար, չեն հիշում ուսումնարանի նախկին շենքային պայմանները, սակայն, ինչպես տնօրենն է նշում, վերանորոգումից հետո շատ բան է փոխվել.

«Այլեւս չկան անբարեկարգ վիճակում գտնվող դասարաններ: Թե ուսանողները, եւ թե դասատուները մեծ սիրով են այս պատերի ներքո իրենց դասերն անցկացնում:

Սակայն վերանորոգված ուսումնարանն ունի նաեւ խնդիրներ, որոնք մնացել են հին շենքից: Գործիքների կարիք ունենք. թառի, քամանչայի, ակորդեոնի, դաշնամուրի կարիք շատ է զգացվում: Մասնագետների կարիք չունենք, սակայն ի՞նչ անեն այդ մասնագետները, երբ չկան գործիքներ»։՚

Դասերն այժմ անցկացվում են առաջին մասնաշենքում, ուստի առաջանում է նաեւ դասարանների խնդիր, քանի որ կան նաեւ անհատական դասեր։ Կարինե Դադամյանը համոզված է, որ խնդիրը կլուծվի երկրորդ մասնաշենքի պատրաստ լինելու դեպքում. ուսումնարանի երկրորդ շենքը նախատեսվում է շահագործման հանջնել 2015թ. սեպտեմբերին։

Կարինե Դադամյանին ավելի շատ մտահոգում է գործիքների խնդիրը, որը կարծես թե լուծման ճանապարհին է. ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը ուսումնարանին գործիքներ է նվիրել, որոնք մոտ օրերս արդեն ուսումնարանում կլինեն։

Արսեն Մանասյան

Տեսանյութեր

Լրահոս