Էրդողանի նախկին կուսակիցը հայտարարել է նոր կուսակցության ստեղծման մասին
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունից (ԱԶԿ) հեռացած, ներկա դրությամբ անկախ պատգամավոր Իդրիս Բալը ստեղծել է իր կուսակցությունը՝ «Դեմոկրատական զարգացման» կուսակցությունը:
Իդրիս Բալը համապատասխան հայտը երեկ ներկայացրել է ՆԳՆ-ին: Բալը պատրաստվում է իր կուսակցության անվան, խորհրդանիշի, կանոնադրության ու ծրագրի մասին մանրամասներ ներկայացնել այսօր՝ լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Իդրիս Բալը հայտարարել էր, որ նոր կուսակցություն է ստեղծելու, որը կարող է մասնակցել 2015 թվականին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Բալի խոսքերով՝ ԱԶԿ-ն այդ ընտրությունների արդյունքներով ցանկանում է հաստատել մենիշխանություն, երկրում ստեղծել ավտորիտար ռեժիմ և Թուրքիան վերածել մերձավորարևելյան երկրի, ինչն անհրաժեշտ է կանխել:
Բալը նաև հայտարարել էր, որ ներկայումս Թուրքիայում կան մոտ 90 քաղաքական կուսակցություններ, և որ նրանք միմյանց հետ թշնամանք ցուցաբերելու փոխարեն պետք է ծառայեն երկրի ու նրա ժողովրդի շահերին: