Իշխանության գալուց երկու տարի անց «Վրացական երազանքը» սպառեց իրեն. Բաքրաձե
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, երեկ մեկնաբանելով Վրաստանի կառավարությունում առկա պաշտոնաթողությունները, հայտարարել է, որ երկրում առկա է լայնամասշտաբ ճգնաժամ:
Բաքրաձեն վստահություն է հայտնել, որ նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունն անպայմանորեն վերադառնալու է իշխանության. «Ակնառու է լայանամասշտաբ ճգնաժամը:
Իշխանության գալուց երկու տարի անց «Վրացական երազանքը» սպառեց իրեն և այն սկսում է փլուզվել: Դաշինքի փլուզումն իմ կանխատեսմամբ վերջնականապես կձևավորվի վաղը (այսօր կայանալիք դաշինքի քաղխորհրդի նիստում): ՄԱՇ-ն անպայմանորեն դառնալու է խորհրդարանական մեծամասնություն ու լինելու է իշխանության ղեկին»:
Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու համակիր Գիգի Բոկերիան իր հերթին հայտարարել է, որ Վրաստանում ստեղծված քաղաքական իրավիճակից դուրս գալու միակ եղանակը ժողովրդավարական ճանապարհով գործող կառավարության հրաժարականն է:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երեկ որոշում է ընդունել պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի պաշտոնանկության մասին, ինչից հետո իր հրաժարականի մասին է հայտարարել Ալասանիայի համակիր, Վրաստանի՝ եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին: