Ուկրաինան «Գազպրոմին» վճարել է 1.45 միլիարդ դոլար
ZN.UA-ի փոխանցմամբ՝ «Նավթոգազը» 1.45 միլիարդ դոլարի առաջին տրանշն է հատկացրել «Գազպրոմին»՝ կապված ավելի վաղ գազի մատակարարումներից գոյացած իր պարտքի մարման հետ: Այդպիսով, ուկրաինական կողմը սկսել է մարել ավելի վաղ մատակարարված, սակայն դրա դիմաց վճարում չարված 11.5 միլիարդ խորանարդ մետր գազի համար:
Հաշվարկն իրականացվել է 1000 խորանարդ մետրի համար 268.5 դոլար գնով: Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ «Նավթոգազը» ընդհանուր առմամբ 3.1 միլիարդ դոլար է վճարելու «Գազպրոմին»՝ 2013 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին ու 2014 թվականի ապրիլ-հունիս ամիսներին 11.5 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազի համար:
Այս մասին հայտնել է «Նավթոգազի» մամուլի ծառայությունը, ըստ որի՝ 2010 թվականից «Գազպրոմի» մատակարարած գազի համար վճարումների վերջնահաշվարկի մասին որոշումն ընդունելու է Ստոկհոլմի միջնորդ դատարանը: Ընկերությունն ընդգծել է, որ բրյուսելյան պայմանավորվածությունները ժամանակավոր որոշում են և չեն ազդում դատարանում կողմերի դիրքորոշումների վրա: