Օբաման ու Պուտինը կարող են ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Պեկինում. աղբյուր
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր չէ Ավստրալիայում կայանալիք G20-ի գագաթաժողովի կամ էլ Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ պաշտոնական հանդիպումներ ունենալ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ:
Չնայած այդ ամենին՝ չի բացառվում, որ Օբաման ու Պուտինը կարող են հանդիպել կուլիսների հետևում: Այս մասին գործակալությանը հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, ում անունը չի հրապարակվում:
Նրա խոսքերով՝ բավական մեծ է նրա հնարավորությունը, որ նախագահները կհանդիպեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի կուլիսների հետևում: Նա ընդգծել է, որ Օբաման պաշտոնական բանակցություններ չի պլանավորել Պուտինի հետ:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը Պեկինում մեկնարկելու է նոյեմբերի 10-ին, իսկ G20-ի գագաթաժողովն Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում կայանալու է նոյեմբերի 15-16-ին:
Ուկրաինայի ճգնաժամից հետո Պուտինն ու Օբաման անցկացրել են ոչ պաշտոնական մեկ հանդիպում, որը տեղի է ունեցել այս տարվա հունիսին Ֆրանսիայում՝ Նորմանդիայում դաշնակցային զորքերի ափհանման 70-ամյակը տոնելիս: Դրանից հետո նրանք սահմանափակվել են միայն հեռախոսազրույցներով: