Երբ է ազատությունը հայտնվել լուսանցքում. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է.
«Երեկ քաղբանտարկյալների օրն էր: Այդ օրն առաջին անգամ նշվել է 1974 թվականին՝ մորդովյան եւ պերմյան ճամբարներում գտնվող այլախոհների կողմից, որոնք որոշել էին մոմավառությամբ հարգել բռնաճնշումների բոլոր անմեղ զոհերի հիշատակը: 1980-ականների վերջին եւ 90-ականների սկզբին այդ խնդիրների մասին շատ էր խոսվում, հետո հանրային հետաքրքրությունը մարեց: Մարդիկ սկսեցին ապրել իրենց սոցիալական «դարդերով», եւ կարծես թե հանուն ազատության պայքարը թե՛ անցյալի եւ թե՛ ներկայի կտրվածքով շատ քչերին է հետաքրքրում: Ինձ շարունակում է հետաքրքրել՝ չնայած ոչ ես, ոչ էլ իմ մերձավոր շրջապատը այլախոհ չենք եղել:
Բայց ինձ թվում է, որ 80-ականների երկրորդ կեսի համեմատական ազատությունների պայմաններում առաջացած շարժումները թե Հայաստանում, թե մնացած խորհրդային հանրապետություններում եւ թե Արեւելյան Եվրոպայում ինչ-որ չափով կապված էին այլախոհության հետ, որովհետեւ դրանց մեջ կար ազնվություն, ժողովրդավարական, ազատական արժեքների, ազգային ինքնիշխանության հանդեպ անկեղծ ձգտում՝ այն, ինչ հիմա հայտնվել է քաղաքական «լուսանցքում»: Գրում եմ այդ բառը առանց որեւէ հեգնանքի, որովհետեւ քաղաքական mainstream-ը իսկապես պետք է հույս դնի մի կողմից՝ Կրեմլի բարեհաճության, իսկ մյուս կողմից՝ «լավ թագավորի» եւ «բարեգործի» երազանքով ապրող մեծամասնության վրա: Դա թեեւ ցավալի, բայց քաղաքական իրողություն է: Որպեսզի հասարակությունը կրկին վերադառնա 80-ականների երկրորդ կեսի շարժումների արժեքներին, որպեսզի դրանց գաղափարները դադարեն լուսանցքային լինելուց, պետք է թերեւս հասկանալ, թե երբ եւ ինչպես ենք մենք դրանք կորցրել»:
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ «Առավոտ» թերթում: