Բաժիններ՝

Գեներալ «մառոզի» արշավանքները

Ձմռան կանխատեսումները չարդարացան: Մաքսային միություն աճապարողները ցնցված են: Նավթի համաշխարհային գների անկումը, մեղմ ասած, անսպասելի էր: Եվ այդ լուրը ստվերում է ամեն ինչ: Հիմա Հայաստանում նավթի բորսայական գների մասին ավելի շատ են խոսում, քան, ասենք, փոխվարչապետության թեկնածուների կամ այդ պաշտոնին ձգտողների մասին: Նույնիսկ մեր էկոնոմիկայի նախարարի խրոխտ մեկնաբանություններն ուշադրության չարժանացան:

Մամուլը տարածեց դրանք, իսկ քաղաքական ուժերը ձևացրին, որ չեն լսել նախարարի հնչեցրած մտքերը: Մինչդեռ հայտարարությունները հենց Մաքսային միության մասին են: Ավելի ճիշտ` ՀՀ-ի և ԼՂՀ-ի սահմանին մաքսակետ տեղակայելու մասին: Էկոնոմիկայի նախարարը հասարակությանը «հանգստացրել» է` նշելով, որ ՄՄ-ի հետ ստորագրված պայմանագրում «Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ տեղադրելու մասին կետ չկա»: Մարդը ճիշտ է ասել:

Պայմանագրում Հայաստանի` ո՛չ Թուրքիայի, ո՛չ Վրաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ ԼՂՀ-ի, ո՛չ էլ Իրանի հետ սահմանների մասին բառ անգամ չկա: Պայմանագրերն այդքան չեն մանրանում, որ ճշտեն, թե Իրանի հետ մեր ունեցած (կարծեմ 45 կիլոմետրանոց) սահմանին քանի մաքսակետ է դրվելու: Նախարարը ճիշտ է ասում՝ պայմանագրում պարզապես գրված է` «ՀՀ սահմաններ»: Ա՛յ հենց այդ սահմաններն էլ հետայսու պիտի մաքսակետերով պահպանենք` որպես Մաքսային միության սահմաններ: Եթե, իհարկե, գործերը պայմանագիրը ստորագրողների «սրտով գնան»:

Հիմա վերադառնանք շաբաթվա հիմնական նորությանը, որ ստվերեց ամեն ինչ: Ստվերեց ու ահագին հարցականներ առաջադրեց: Նավթի գինը նյույորքյան բորսայում կտրուկ ընկավ` 4,5 տոկոսով: Հիմա մեկ բարելի գինը մոտ 85 դոլար է: 2014թ. հունիսից հետո նավթի գինն ընկել է 20 տոկոսով: Սա բավական լուրջ խնդիր է նավթ արտահանող բազմաթիվ երկրների համար: 2014թ բյուջեում, օրինակ, Վենեսուելայում մեկ բարելը 120 դոլար հաշվարկով է: Անգոլան 98 դոլար է հաշվարկել, Ռուսաստանը` 96 դոլար:

Կարդացեք նաև

Նույնիսկ Սաուդյան Արաբիայի բյուջեում այսօրվա գինն է հաշվարկված` 85 դոլար: Այսինքն` համարյա բոլոր նավթ արտահանողները հսկայական կորուստներ են կրում: Նախկինում նման դեպքերում ՕՊԵԿ-ի անդամ երկրները սովորաբար կրճատում էին արտահանման ծավալները` փորձելով թույլ չտալ գների նման անկում: Հիմա ինչ-որ բան փոխվել է: Սաուդյան Արաբիան փոխել է իր վերջին 30 տարվա քաղաքականությունը: Ոչ միայն արտահանումը չի կրճատում, այլև հայտարարել է, որ երկու տարի կդիմանա և ոչ մի քայլ չի ձեռնարկի, եթե գինը 80 դոլարից չնվազի:

Համաշխարհային մամուլի համաձայն` ամերիկյան նավթարդյունահանող բոլոր աշտարակները վերջին շրջանում աշխատում են առավելագույն ծանրաբեռնվածությամբ: Հիմա բոլորն են հիշում, որ վերջին 100 տարվա ընթացքում հենց ԱՄՆ-ն է որոշում նավթի համաշխարհային գները:

ԱՄՆ-ում 1919թ. է հիմնադրվել Նավթի ազգային ինստիտուտը: Հենց այս կազմակերպությունն է ուսումնասիրում ու ուղղորդում համաշխարհային գործընթացները: Ամերիկյան մասնագետների կարծիքով, նոր տեխնոլոգիաների շնորհիվ ամերիկյան նավթարդյունաբերությունը տնտեսապես արդարացված կլինի անգամ մեկ բարելի դիմաց 53 դոլար գնի պարագային: Նրանց հրապարակած տվյալներով` Դակոտայում և Տեխասում արտադրվող մեկ բարելի դիմաց այսօր 60 դոլար ներդրում է ապահովված: Սա` այն դեպքում, որ 2014-ի առաջին կիսամյակում ՌԴ տնտեսությունից 75 մլրդ դոլար արտասահմանյան ներդրում է «ետ տարվել»: Ավելին, «Ռոսնեֆտը» ՌԴ կառավարությանն է դիմել՝ խնդրելով 37 մլրդ դոլար հատկացնել կուտակված պարտքերը մարելու համար: Սա միայն գազի գների անկման արդյունք չէ:

ՌԴ տնտեսությունը սկսում է ավելի ու ավելի ցավոտ զգալ իր հանդեպ կիրառված տնտեսական պատժամիջոցների հետևանքները: Այն նույնիսկ Հայաստանում զգացվեց: Օգոստոս ամիսն ամփոփելուց պարզվեց, որ ՌԴ-ից տրանսֆերների ծավալը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել է 10 տոկոսով: Բայց ՌԴ-ում ու ՄՄ անդամ մյուս երկրներում այդ միության ջատագովները կարծում էին, որ եղանակային փոփոխությունները կշտկեն ստեղծված ծանր իրավիճակը: Մինչ ՌԴ իշխանությունները սպասում են իրենց հավերժական դաշնակցի` «Գեներալ ձմեռի» գալստյանը, եվրոպական երկրներն ամեն ինչ անում են ռուսական էներգակիրներից կախվածությունը թուլացնելու համար:

Հատկապես, որ կա 2006 և 2011թթ. փորձը, երբ ՌԴ-ն անակնկալ կրճատեց Եվրոպա արտահանվող էներգակիրների ծավալը: ՌԴ գազի մատակարարումներից 100 տոկոսանոց կախվածություն ունի եվրոպական չորս երկիր` Լիտվան, Լատվիան, Էստոնիան և Ֆինլանդիան: ՌԴ-ն մատակարարում է ընդհանուր եվրոպական գազի ծախսի 30 տոկոսը: Շատերն են կարծում, որ ՌԴ-ն հիմա դժվար թե փորձի հարցականի տակ դնել վստահելի տնտեսական գործընկերոջ համբավը: Բայց սեպտեմբերի առաջին կեսին, երբ Լեհաստանը ՌԴ-ին խնդրեց 40 տոկոսով ավելացնել մատակարարվող գազի ծավալը` մերժում ստացավ: Երևի սա է պատճառը, որ Եվրոպան այլընտրանքներ է փնտրում: Պաշտոնական տեղեկություններով` այս մայրցամաքի գազի պահեստարանները լիքն են 93 տոկոսով: Հետևաբար` ՌԴ-ի հանդեպ տնտեսական պատժամիջոցների մեղմումը Եվրամիության քաղաքական օրակարգում առայժմ հրատապ խնդիր չէ:

Ահա այսպես շաղկապված քաղաքական ու տնտեսական խնդիրները նոր աշխարհաքաղաքական իրավիճակ են ձևավորում: Այս իրավիճակում մենք ընտրեցինք Մաքսային միությունը: Երկրներ, ուր բոլորովին տարբեր տնտեսական «օրենքներ» են գործում: Մեղմ ասած, ոչ միայն տնտեսագիտությունից, այլև` տրամաբանությունից տարբեր: Նավթի համաշխարհային գների փլուզմանը զուգահեռ` ԱՄՆ-ում, Անգլիայում և այլուր, օրինակ, նվազում են նաև բենզինի գները ներքին շուկայում: Իսկ ՄՄ-ում նման գործընթացներ չկան: Ավելին՝ ՌԴ ներքին շուկայում բենզինի գինն աճել է մեկ տոկոսով: Չեմ կարծում, որ այս գործընթացը Հայաստան հասնելով` բավարարվի ընդամենը մեկ տոկոսով: Բայց ընտրությունն արդեն կատարել ենք, և մեզ մնում է միայն հետևել համաշխարհային տնտեսական գործընթացներին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս