«Եթե այս տեմպերով շարունակվի այս դատաքննությունը, մինչև 2015թ. վերջը Վարդան Պետրոսյանը կգտնվի կալանքի տակ»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Պետրոսյանի մասնակցության ավտովթարի գործի քննության ընթացքում այսօր ցուցմունք տվեց ոստիկանության փորձագետ Թորգոմ Եգորյանը: Նա ներկայացավ որպես Կոտայքի մարզային վարչության փորձաքրեագիտական խմբի փորձագետ: Նա հայտնեց, որ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանին ճանաչում է հեռուստատեսությունից, իսկ գործով տուժողներին չի ճանաչում: Փորձագետն ասաց, որ ինքը մասնակցել է դեպքի վայրի զննությանը, լուսանկարահանում է կատարել: «Դեպքին ծանոթ եմ այնքանով, որ մասնակցել եմ դեպքի վայրի զննությանը: Գիտեմ, որ «BMW» մակնիշի մեքենայով հետևից հարվածել է «Նիվա» մակնիշի մեքենային, մահացել էին երկու երեխա»,- դատարանում ասաց որպես վկա դատարան հրավիրված փորձագետը:

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի հարցին՝ ինչպիսի՞ և քանի՞ քննչական գործողության է մասնակցել Վարդան Պետրոսյանի գործով, վկան պատասխանեց, որ մասնակցել է դեպքի օրը կատարված դեպքի վայրի զննությանը, հաջորդ օրն առավոտյան կատարված լրացուցիչ զննությանը, քննչական փորձարարությունը, որի ընթացքում փորձել են պարզել, թե քանի մետրից կարող էր երևալ «Նիվա» մակնիշի ավտոմեքենան:

Նիկոլայ Բացդասրյանի հարցին՝ դեպքի օրը և մեկ օր անց կատարված դեպքի վայրի զննություններին ի՞նչ կարգավիճակով է մասնակցել, վկան պատասխանեց. «Որպես փորձագետ»: Հաջորդ հարցին՝ արդյոք իրեն բացատրե՞լ են Քրեական դատավարությա ն օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված փորձագետի իրավունքները, վկան պատասխանեց. «Ես ամեն օր դեպքի վայր եմ գնում, ես այդ ամեն ինչը լավ գիտեմ, քննիչը միշտ էլ ասում է»:

Պաշտպանի ճշտող հարցին՝ արդյոք գործով քննիչը պարզաբանե՞լ է փորձագետի իրավունքները, նա պատասխանեց. «Պարզաբանած կլինի, հավանական է»: Նիկոլայ Բաղդասարյանը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է քննիչը պարզաբանել է ոչ թե փորձագետի, այլ դատավարական այլ կարգավիճակ ունեցող անձի իրավունքներն ու պարտականությունները, վկա Թորգոմ Եգորյանը պատասխանեց. «Չէ, պարզաբանման խնդիր չկա: Ես գիտեմ իմ իրավունք-պարտականությունները»:
Նիկոլայ Բաղդասարյանը վկայից հետաքրքրվեց նաև, թե նա փորձագետի քանի՞ տարվա փորձ ունի: «Որպես փորձագետ՝ երկու, իսկ ոստիկանության համակարգում՝ 20»,- պատասխանեց նա:

Կարդացեք նաև

Մեղադրող դատախազ Արթուր Սարգսայանն առարկեց Նիկոլայ Բաղդասարյանի հարցերի դեմ՝ նշելով, որ նրա հարցերը վերաբերում են «դատավարական իմաստով փորձագետին», իսկ ներկայացած վկան այդ փորձագետը չէ: Վկան ասաց, որ 2012թ. անցել է փորձագետի համար նախատեսված դասընթացներ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունում, թույլտվություն է ստացել «դեպքի վայրի զննության համար». «Ես եզրակացություն տալու թույլտվություն, իրավունք չունեմ: Ես ունեմ միայն դեպքի վայրի զննություն. հետքերի հայտնաբերում, ֆիքսում: Հետազոտության իրավունք չունեմ»:

Նիկոլայ Բաղդասարյանը մեջբերեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածը, որը սահմանում է, որ փորձագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ կամ փորձաքննություն նշանակելու մասին որոշման համապատասխան` նշանակում է փորձագիտական հաստատության ղեկավարը` գիտության, տեխնիկայի, արվեստի կամ արհեստի որևէ բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով գործի նյութերը հետազոտելու և դրա հիման վրա եզրակացություն տալու համար: Նա վկայից հետաքրքրվեց՝ եթե վկան հանդես է եկել որպես փորձագետ, եղե՞լ է փորձաքննություն կատարելու որոշում: «Որոշում չի կայացվում, դեպքի վայրի զննության համար որոշում չի կայացվում»,- ի պատասխան ասաց Թ. Եգորյանը:

Գործով տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն առարկեց հարցի դեմ՝ նշելով, որ վկան հայտնել է, որ ինքը փորձաքննություն չի կատարել, ի պաշտոնե է փորձագետ: «Նշեց նաև, որ ինքը պռոպուսկ չունի փորձաքննություն կատարելու: Պետք չի այս իրավիճակը խճճել: Ըստ էության, անձը մասնակցել է դեպքի վայրի զննությանը: Լինելով հրամանով փորձագետ՝ մասնակցել է դեպքի վայրի զննությանը որպես մասնագետ: Բերեք թյուրիմացության մեջ չգցենք ոչ դատարանին, ոչ վկային»,- ասաց Ռուբեն Բալոյանը: Դատարանը, սակայն, չընդունեց Ռ. Բալոյանի առարկությունը:

Դեպքի վայրի զննության արձանագրությունը վկային ցույց տալուց հետո նա հայտնեց, որ ստորագրել է «մասնագետ» բառի դիմաց: Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ համաձայն դեպքի վայրի զննության արձանագրության՝ վկային բացատրվել են մասնագետի և ոչ փորձագետի իրավունքներն ու պարտականությունները:

Փաստաբանը հետաքրքրվեց վկայից՝ եթե գործով հանդես է եկել որպես փորձագետ, ինչո՞ւ է ստորագրել այն հատվածում, որտեղ բացատրել են մասնագետի իրավունքներն ու պարտականությունները: Ռուբեն Բալոյանն առարկեց հարցի դեմ՝ նշելով, որ ի պաշտոնե փորձագետ լինելով, վկան դեպքի վայրի զննությանը մասնակցել է որպես մասնագետ, նրան բացատրվել են մասնագետի իրավունքներն ու պարտականությունները: Դատարանը չընդունեց առարկությունը: Վկան, պատասխանելով հարցին, ասաց. «Քանի որ արձանագրության մեջ, արձանագրության ձևաթղթի մեջ չկա գրած՝ որպես փորձագետ, փորձագետի տեղ չկա, որ փորձագետը ստորագրի, ուղղակի հարմար լինելով այդ տեղը, այդտեղ ենք ստորագրում: Ընդամենը»:

Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մասնագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմինը նշանակում է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ` գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի բնագավառներում իր մասնագիտական հմտությունները և գիտելիքներն օգտագործելով աջակցելու քննչական կամ այլ դատավարական գործողություններ կատարելիս:

Դատարան հրավիրված վկան այսօր ասաց նաև, որ դեպքի վայրի զննության ընթացքում ինքը լուսանկարահանում է կատարել: Նիկոլայ Բաղդասարյանն էլ հետաքրքրվեց, թե որ կետով է նախատեսված, որ փորձագետը կարող է մասնակցել դեպքի վայրի զննությանը և լուսանկարահանում կատարել: «Մեր գործունեությունը կարգավորվում է նախկին սովետական միության թիվ 300 հրամանով, փորձաքրեագիտական վարչության կողմից մշակման է ենթարկվում»,- ի պատասխան ասաց վկան: Ն. Բաղդասարյանն էլ հարցրեց՝ արդյոք վկայի կարծիքով՝ նա իրավասո՞ւ է մասնակցել քննչական գործողության՝ «սովետական ժամանակաշրջանի ընդունված իրավական ակտով, որն այսօր իրավական ուժ չունի»: «Դա ես չեմ որոշում»,- պատասխանեց վկան: «Իսկ որպես իրավաբան չունե՞ք տեսակետ»,- հարցրեց Ն. Բաղդասարյանը, ապա հանեց իր հարցը:

Ռուբեն Բալոյանն առարկեց՝ նշելով, որ վկան հստակ ցուցմունք է տվել, որ փորձաքննություն կատարելու իրավունք չունի: «Այս անիմաստ հարցերն ո՞ւմ են պետք՝ Վարդան Պետրոսյանի մեղքը հիմնավորելո՞ւ, թե՞՝ բացառելու: Նորից եմ կրկնում: Եթե այս տեմպերով շարունակվի այս դատաքննությունը, մինչև 2015թ. վերջը Վարդան Պետրոսյանը կգտնվի կալանքի տակ, անազատության մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ դատաքննությունը ձգձգելու միտում է տեսնում:

Պատասխանելով Նիկոլայ Բաղդասարյանի հարցին՝ վկա Թ. Եգորյանն ասաց նաև, որ դեպքի վայրում լուսանկարահանում կատարել է փորձաքրեագիտական վարչությունից ստացած թվային ֆոտոխցիկով: Նիկոլայ Բաղդասարյանը հարցրեց՝ ի՞նչ իրավունքով է լուսանկարահանում կատարել վկան: «Ես քանի որ մասնակցում եմ դեպքի վայրի զննությանը, իրավունք ունեմ դեպքի վայրում կատարել զննություն, հետքերի հայտնաբերում, ֆիքսում: Ես ֆիքսել եմ վթարը: Ես հետազոտություն կատարելու իրավունք չունեմ»,- պատասխանեց փորձագետը: Դեպքի վայրու հետքերի արձանագրման վերաբերյալ հարցին էլ վկան պատասխանեց, որ վթարին վերաբերվող բոլոր հետքերը քննիչն արձանագրում է:

Ինչպես հայտնի է, դատարան էին ներկայացվել փաստաթղթեր արձանագրության մեջ նշված ընթերականերից մեկի՝ գոյություն չունենալու մասին: Դատավորը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է գործողություններին մեկ ընթերակա մասնակցած լինի: Վկան բացասական պատասխան տվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին:

Տեսանյութեր

Լրահոս