
Ֆինանսների նախարարությունը տեղյակ չի եղել էկոնոմիկայի նախարարության կարծիքին

Պարզվում է՝ ֆինանսների նապարարությունը լուրջ չի վերաբերվում իր գործընկերների, մասնավորապես՝ էկոնոմիկայի նախարարության գնահատականներին այս կամ այն օրենքի փոփոխության հետ կապված: Այսօր կառավարության նիստից հետո 168.am-ը ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն փաստը, որ նախքան ԱԺ արտահերթ նիստում ընդունվելը «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները կառավարության նիստում հավանության արժանանալու ժամանակ էկոնոմիկայի նախարարությունը բացասական եզրակացություն է տվել դրանց: Պարզվեց՝ Ա.Ալավերդյանն ընդհանրապես տեղյակ չէ էկոնոմիկայի նախարարության իր գործընկերների կարծիքին:
«Ես ճիշտն ասած այդ գնահատականի հետ տեղյակ չեմ, ուստի պատասխան չունեմ»,- ասաց Ա.Ալավերդյանը:
Մեր դիտարկմանը, որ նախարարության եզրակացությունը եղել է օրինագծի վերաբերյալ կառավարության որոշման նախագծում, Ա.Ալավերդյանը արձագանքեց՝ «Կնայեմ, կուսումնասիրեմ, կասեմ»:
Հիշեցնենք, որ ցանկացած օրինագիծ մինչև կառավարության հավանությանն արժանանալը և ԱԺ ուղարկվելը, գնահատվում է տարբեր գերատեսչությունների կողմից։ Յուրաքանչյուր նախարարություն իր գծով եզրակացություն է ներկայացնում տվյալ օրինագծի ազդեցության վերաբերյալ։ Էկոնոմիկայի նախարարության եզրակացությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ եղել է բացասական։ «Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն»,- պնդման տակ ստորագրել է այն ժամանակվա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը։ Իսկ եզրակացությունը ամփոփվում էր հետևյալ նախադասությամբ. «Հաշվի առնելով վերոնշյալը` ներկայացված բովանդակությամբ Նախագիծը համարում ենք անընդունելի»։