ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության պայմանագիրը պարտադրում է մաքսակետ ՀՀ և ԼՂ սահմանին
ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ին տրամադրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի բովանդակությունից երևում է, որ Հայաստանի և Ղարաբաղի սահմանին մաքսակետը պետք է պարտադիր լինի: Այս մասին 168.am-ին ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:
«Իշխանության ներկայացուցիչները հերքում են, որ մաքսակետ չի լինի, բայց որևէ հիմնավորում չեն տալիս, թե ինչու չպետք է լինի: Այն հիմնավորումները, որ ներկայացվեցին Աստանայում մայիսի 29-ի հանդիպման ժամանակ, շատ հստակ էին, և այդ պահանջից կամ առաջարկությունից ելնելով՝ որևէ բացատրություն չտրվեց և չի տրվել մինչ հիմա: Այժմ այս փաստաթղթից պարզ երևում է, որ եթե ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված սահմաններով է ընդունվում ՄՄ, դա նշանակում է, որ մաքսակետ պետք է դրվի»,- ասաց Վ. Խաչատրյանը:
Հարցին՝ իշխանությունը կգնա՞ նրան, որ նման պայմաններով ստորագրի այդ փաստաթուղթը, նա պատասխանեց, որ նույնիսկ մտածում է, որ իշխանությունը չի որոշում այդ հարցը. «Այսօր հարցը որոշում են ուրիշ մարդիկ, ոչ ՀՀ-ում: Հայաստանի հարցերը ՀՀ-ում չեն որոշում, ցավոք սրտի, և հիմա ինչքանով որ լուծողների համար այդ խնդիրը շատ լուրջ խոչընդոտ կլինի, դրանից ելնելով էլ հարցը կամ կլուծվի, կամ չի լուծվի»:
Տնտեսագետը համաձայնեց, որ եթե որոշումը կայացվի, ապա ՀՀ ղեկավարությունը դրան չի կարող ընդդիմանալ. «Իհարկե, մեզ հետո կրկին թյուրիմացության մեջ կգցեն, իրականությունը չեն ներկայացնի, և շատ ուշ կպարզվի, որ սահման կա: Եթե այդ համաձայնագիրը ստորագրվի, հետո արդեն տնտեսական գործունեություն ծավալվի, ու խնդիրներ առաջանան, նոր մենք կիմանանք, որ այդպիսի խնդիր կա, որովհետև, ցավոք, մեր իշխանությունը որևէ անգամ մեզ նախօրոք չի ներկայացնում իրական վիճակը»:
Վ. Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց այդ փաստաթղթի մնացած կետերի վրա՝ մաքսադրույքաչափերի հետ կապված ժամանակացույցի փոփոխությունների: Ըստ նրա՝ նոր կանոնները բավականաչափ արագ են ուժի մեջ մտնում, և այն խոսակցությունները, որ կառավարությունը բանակցել է և զգայուն ապրանքատեսակների հետ կապված ինչ-որ արտոնություններ է ստացել, և այլն, այդ ամեն ինչը, Խաչատրյանի գնահատականով՝ PR ակցիաներ են, որ իրականությանը չեն համապատասխանում: Նա նշեց, որ, այսպես թե այնպես, ՀՀ-ն հայտնվելու է մի տնտեսական գոտում, որտեղ մաքսադրույքներն ավելի բարձր են, քան ՀՀ-ում գործողը: Վ.Խաչատրյանը շեշտեց, որ հիմա դրա մասին պետք է բարձրաձայն ասել և մարդկանց զգուշացնել, որովհետև հատկապես բիզնես շրջանակները ծրագրեր են կազմում և պետք է իմանան իրենց անելիքները: Սակայն, նրա խոսքով, հիմա իշխանությունն այդ մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դնում, ասում է՝ հանգիստ եղեք, ոչ մի վատ բան չկա, հակառակը՝ լավ է լինելու, բայց ոչ մի լավ բան իրականում չկա:
Վ.Խաչատրյանը նշեց, որ մի քիչ ժամանակ է պահանջվում փաստաթղթին ամբողջությամբ ծանոթանալու համար, և հնարավոր է՝ այնպիսի կետեր լինեն դրանում, որոնց մասին իշխանությունը նույնիսկ չի էլ խոսել: Նա հիշեցրեց, որ նույնը ԵՄ Արևելյան հարևանության գործընկերության փաստաթուղթն էր, որն այդպես էլ չհրապարակեցին, իսկ, օրինակ, Վրաստանն այժմ խնդիրների առաջ է հայտնվել, և այնպես չէ, որ եվրոպական շուկան բացվել է Վրաստանի առաջ:
Իսկ ի՞նչ կլինի Ղարաբաղի հետ մաքսակետ դնելու դեպքում: Ըստ Վ.Խաչատրյանի՝ «Բարդ հարց է: Եթե հարաբերությունները պետք է ֆորմալացվեն, դա նշանակում է, որ պետք է որևէ այլ երկրի նման առևտրային գործընթաց լինի, այսինքն՝ պետք է մաքսազերծվեն ապրանքները, և այլն: Ուրիշ խնդիր էլ կա՝ այդ դեպքում, եթե որպես երրորդ երկիր է դիտվելու, նրանց նկատմամբ կիրառվելու է մաքսադրույքաչափ: Եթե սկսի դա աշխատել, որովհետև ուղղակի դժվար է պատկերացնել, բայց այդպես է կարծես ստացվում, ապա դա Ղարաբաղի տնտեսությանը շատ լուրջ վնաս կհասցնի: Իմ մոտեցմամբ՝ հարցն այդպես չպետք է դրվի: Գոյություն ունի ՀՀ, գոյություն ունի ԼՂՀ, և դեպի աշխարհ Ղարաբաղի ճանապարհը մեկն է՝ ՀՀ: Եվ ոչ մեկն իրավունք չունի ՀՀ-ին պարտադրել կամ արգելել, որ նա իր ճանապարհներով չօգնի ԼՂ-ին: Ինձ համար անհասկանալի է մեր իշխանության դիրքորոշումը: Երբ հարցը բարձրացվում է, այն պետք է փակվի: Ինչի՞ մասին է խոսքը: Այդ մարդիկ Հայաստանի միջոցով են աշխարհ դուրս գալիս: Եթե այդ կարգավիճակը ձեզ համար ընդունելի չէ, ուրեմն մեզ մի´ հրավիրեք այդ միություն, մի´ ընդունեք: Սա է խնդիրը: Բայց քանի որ քաղաքական առումով այսօրվա իշխանությունը շատ խոցելի է, ես չեմ էլ ուզում կանխագուշակել, թե ինչ կլինի, երբ սահմանը որպես մաքսակետ աշխատի, ինչ կլինի Ղարաբաղի տնտեսության հետ: Ես չեմ ուզում դրա մասին հիմա ինչ-որ կանխագուշակումներ անել, ընդհանրապես խոսել, որովհետև դա ինձ համար անընդունելի է: Չեմ կարող պատկերացնել էդպիսի մի սահման»: